Ինչո՞ւ ժամանակից ու սպասվածից շուտ արձակվեց ՍԴ որոշումը
Առիթ եմ ունեցել 2009թ. սեպտեմբերին կանխատեսելու, որ հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունն ու ծավալվող գործընթացը հուշում են, որ 1) հետայսու Թուրքիան հարձակվող, իսկ Հայաստանը՝ պաշտպանվող կողմեր են լինելու, եւ 2) եթե անգամ ընդդիմությունը չմատնանշի արձանագրությունների պարունակած վտանգներն ու ողջ գործընթացում ՀՀ իշխանությունների թույլ տված բացթողումներն ու սխալները, հետագա յուրաքանչյուր օրն ու թուրքական քաղաքականությունը ապացուցելու են իշխանությունների սխալականությունն ու ընդդիմության քննադատությունների արդարացիությունը: Այդպես էլ եղավ:
Իշխանության տարեվերջյան մտահոգություններն ու հիասթափությունները
Սերժ Սարգսյանի առաջին մեծ շոկը 2009թ. հոկտեմբերին սփյուռքյան այցելության տպավորություններն էին՝ հայ ազգն այլեւս երկփեղկված է հայ-թուրքական արձանագրությունների հարցով: Թեպետ 2009թ. աշնանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման կողմնակիցներն ավելանում են, իրականությունը միանգամայն այլ էր: Մի կողմից արձանագրություններին դեմ արտահայտվող ընդդիմությունը, այդ թվում «Ժառանգությունն» էր մարզերում ու մայրաքաղաքում իրազեկում արձանագրությունների պարունակած վտանգների մասին: Մյուս կողմից՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն էին ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարություններ անում 1993 թ. իրենց փակած սահմանը հայերի վրա «Ղարաբաղը հանձնելու դիմաց» վաճառելու պայմանի մասին: Թուրքական իշխող կուսակցության ներկայացուցիչներն էլ ԶԼՄ-ներով հայտարարում էին, որ վերջապես Հայաստանը ճանաչեց Թուրքիայի հետ սահմանը (ոմանց կարծիքով՝ նաեւ Ղարսի ու Մոսկվայի պայմանագրերը): Նրանք թուրքական քաղաքականության հաջողությունն էին համարում նաեւ ՀՀ-ի ու Սփյուռքի միջեւ պառակտումը, Սփյուռքի «ուժազրկումը» եւ Ցեղասպանության հարցի սառեցումը աշխարհի խորհրդարաններում: Մի խոսքով՝ ազդարարվում էր, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արդյունքում «նորմալացել է Հայաստանը», դարձել Թուրքիայի առջեւ այլեւս նախապայմաններ դնելու առումով անունակ, «նորմալ» պետություն: Հետեւաբար, նրանց կանխատեսումներով՝ առաջիկայում հարեւաններից Հայաստանի հետ էլ Թուրքիայի հարաբերությունները կլինեն «զրո խնդրով», ինչը Թուրքիայի արտաքին քաղաքականության նշանաբանն է: Այդ հայտարարությունները ինչ-որ չափով հասու էին դառնում հայ հասարակությանը ու «մեծացնում» Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական քաղաքականության կողմնակիցների» թիվը: Անկախ նրանից, թե որքանով կարող էր «Ոչ»-ի շարժումն առաջնորդել այդ ստվարացող հատվածին, ազգային խնդիրների հողի վրա լայն հասարակական ընդդիմացման ռիսկերն ավելանում էին՝ էլ ավելի թուլացնելով Սերժ Սարգսյանի դիրքերը: Իսկ Սերժ Սարգսյանը այդպես էլ չէր կարողանում հասարակության սեղանին դնել խոստացված ու գովերգված նվաճումը՝ բաց սահմանը: Եթե մի քանի ամիս շարունակ Թուրքիայի ադրբեջանամետ հայտարարությունները ՀՀ-ում պաշտոնապես մեկնաբանվում էին իբրեւ կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին հանգստացնող, անհեռանկար, ներքին լսարանին ուղղված խոսքեր, ապա որոշ ժամանակ անց այդ բացատրություններն այլեւս կորցրին ուժը. հասարակության մեծամասնությունը, սկսեց միանգամայն իրավացի ու տրամաբանական հարց բարձրացնել. «եթե այդ հայտարարությունները ձեւական են, ապա ե՞րբ են ավարտվելու, ինչո՞ւ առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանի բացմանը սպասող աշխարհը նույնպես հանդուրժում է դրանք»: Եվ քաղաքացին ինքն իր համար գտնում էր պատասխանը՝ «ուրեմն այդ հայտարարությունները ձեւական չեն, իսկ իշխանությունը մեզ խաբում եւ սուտ խոստումներ էր տալիս, կամ՝ մեր իշխանություններին թուրքերը եւ աշխարհը խաբել են»: Այսպիսով, եթե անգամ Հայաստանում չլիներ հայ-թուրքական արձանագրություններին դեմ արտահայտվող ընդդիմություն, Թուրքիան ու Ադրբեջանը միանգամայն հերիք էին ու են Սերժ Սարգսյանի դեմ հայ հասարակության մեծամասնությանը տրամադրելու, գործընթացում նախապայմանների առկայության մասին համոզվածություն ձեւավորելու համար:
Գործընթացը ետ շրջելու Երեւանի անխոհեմ ու վտանգավոր շանտաժը
Այս ամենը հստակ տեսնում էր Սերժ Սարգսյանը, ով գործընթացից ոչինչ չստացավ իբրեւ ձեռքբերում: Պատահական չէ, որ տարեվերջին իշխանական գործիչներն արդեն սկսեցին իբրեւ ձեռքբերում ներկայացնել այն, որ Հայաստանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում, մենք դրական իմիջ ունենք աշխարհի հզորների մոտ, կամ էլ հորդորեցին չգնահատել, թե ո՞վ է այս ամենում հաղթել կամ պարտվել, եւ նման անհեթեթություններ, որոնցով հայ հասարակությանը երկար չես կերակրի: Ավելին՝ Սերժ Սարգսյանը չհասավ նրան, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների շուտափույթ վավերացումով վատթարանային Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները եւ ղարաբաղյան առանցքով ուժեղանար Հայաստանը ու թուլանար Ադրբեջանը: Ճիշտ հակառակն է տեղի ունենում. չհաշված ադրբեջանական որոշ ջղաձգություններ, Թուրքիայի կողմից ժամանակ ձգելն ու աշխարհի մայրաքաղաքներում ԼՂ խնդիրը շուտափույթ լուծելու պահանջ դնելը աստիճանաբար կոմայից հանում են ադրբեջանա-թուրքական հարաբերությունները: Բաքուն օրեցօր տեսնում է, որ Անկարան իր խոսքի տերն է, չի վավերացնում արձանագրությունները եւ ակտիվացնում է ղարաբաղյան բանակցությունները: Իսկ Սփյուռք-Հայաստան հարաբերությունները նույն կաթվածահար վիճակում մնացին, դրան հավելած՝ Հայաստանում գործընթացից դժգոհների օրեցօր ավելացող թիվը: Անգամ «Թուրքիայի հետ հարաբերություններում արագ սովորելու» Սերժ Սարգսյանի անուղղակի ինքնախոստովանությունը չփրկեց իրավիճակն ու հայ դիվանագիտության թույլ տված սխալների հանդեպ հասարակական ըմբռնում չձեւավորեց: Եվ նա հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ու Թուրքիան ողջամիտ ժամկետում չվավերացնի արձանագրությունները, ապա օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո Հայաստանը միակողմանիորեն ետ կվերցնի արձանագրությունների տակ դրած իր ստորագրությունը: Դա առավելապես շանտաժային էր այն պահից առաջ, երբ դեկտեմբերի 7-ին լրանում էր Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արձանագրություններին դրական եզրակացություն տալու 45-օրյա ժամկետը, իսկ Էրդողանը նույն օրը մեկնում էր Վաշինգտոն՝ Բարաք Օբամային հանդիպելու: Իր այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հասկացնում էր, որ ոչ միայն չի մտածում արձանագրությունների վավերացումն արագացնելու մասին, այլեւ սպառնում է գործընթացից դուրս գալով: Սա նշանակում էր, որ Հայաստանը սպասելու էր առաջիկայում Թուրքիայի պատասխան քայլին եւ ըստ այդմ՝ կշարժվի կամ առաջին, կամ երկրորդ տարբերակով: Իսկ հայկական օրենսդրությունը չշտապելու ու վավերացումը ձգձգելու բավարար հնարավորություն էր ընձեռում. Սահմանադրական դատարանը կարող էր նոյեմբերի 17-ից (այդ օրն է մուտք եղել Ս. Սարգսյանի նամակը ՍԴ) հաշված երեք ամիս՝ մինչեւ փետրվարի 17-ը քնեցնել գործն ու վերջին օրն արձակել որոշումը, իսկ դրանից հետո ԱԺ-ն կարող էր տարիներով ձգձգել վավերացումը, քանի որ օրենսդրությամբ ժամկետային սահմանափակում չկա:
Միջազգային մտահոգությունը, Երեւանի «համառության հաղթահարման օպերացիան» եւ «մարտի 1»-ի չփակված էջի հետեւանքները
Սերժ Սարգսյանի շանտաժը չէր կարող զայրույթ չառաջացնել միջազգային հանրության մեջ. այդքան մեծ ջանքեր էին ներդրվել, այդքան շատ բան էր հանդուրժվել Հայաստանին՝ կեղծված ու արյունալի վերջաբանով նախագահական ընտրություններ, «մարտի 1», միջազգային պարտավորություններին հակասող կերպով մտցված արտակարգ դրություն, ամիսներ շարունակ բանտերում պահված ու պահվող քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ, ընդդիմության բազմիցս արգելված ու խոչընդոտված հանրահավաքներ ու երթեր, «մարտի 1»-ի անպատիժ մնացած կատարողներ, անազատ ԶԼՄ-ներ, դեռեւս եթեր չվերադարձված «Ա1+», ԵԽԽՎ չկատարված 4 բանաձեւեր, նաեւ՝ Ցյուրիխում ստորագրման հետաձգում, մինչեւ Ցյուրիխի համալսարան Հիլարի Քլինթոնի երկարացված երթուղի՝ մերթ մի, մերթ մյուս հյուրանոցով, որտեղ իրենց համարներում խռովել-փակվել էին Թուրքիայի եւ Հայաստանի ԱԳ նախարարները, չվերթներից ուշացված դիվանագետներ, ֆուտբոլի հարկադրված եւ կոլեկտիվ դիտումներ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին հատկացված սենյակում եւ այսպես շարունակ: Իհարկե, Սարգսյանի շանտաժի լուրն առած ԱՄՆ նախագահը չէր կարող դեկտեմբերի 7-ին եռանդ չխնայել հայ-թուրքական հարաբերությունները շոկից հանելու ուղղությամբ: Բայց Օբաման չկարողացավ անգամ ինքավստահ Թուրքիայի ամբարտավան ու հավակնոտ վարչապետից աջակցություն պոկել ԱՄՆ-ի համար եւ Աֆղանստան ուղարկել տալ թուրքական լրացուցիչ զորախումբ: Էլ ուր մնաց Հայաստանի ու Սերժ Սարգսյանի խնդիրը լուծեր: Համատեղ ասուլիսի ընթացքում Օբաման անգամ չկարողացավ Էրդողանին լռեցնել կամ պատասխանել, երբ նա արձանագրությունների վավերացումն ու սահմանի բացումն ուղղակի կապեց ԼՂ խնդրի լուծման հետ: Օբաման ընդամենը նրան խրախուսեց հայ-թուրքական հարաբերություններում «շարժվել նախկինում ընդունած համարձակ որոշումների ոգով…»:
Չնայած Թուրքիային կարգի հրավիրելու միջազգային հանրության անկարողությանը, նա, միեւնույն է, թույլ չէր տա ՀՀ նախագահին ետ շրջել այդ պահին տեղապտույտ արձանագրած հայ-թուրքական գործընթացը: Նրա համար Հայաստանի համառությունը հաղթահարելը նույնը չէ, ինչ Անկարայի համառության հաղթահարումը, ումից Վաշինգտոնը, Մոսկվան, Լոնդոնը եւ Բրյուսելը լուրջ ակնկալիք ունեն եւ չեն կարող կոշտ տոնով խոսել ու ինչ-որ բան պարտադրել: Եվ չուշացավ «Երեւանի համառության հաղթահարման օպերացիան»: Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը անակնկալի եկավ՝ հայտնաբերելով, որ ՀՀ հարցով համազեկուցողները «նիստից թռել են». Ջոն Պրեսկոտը մեկնել էր Կոպենհագեն՝ կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովին մասնակցելու, իսկ Ժորժ Կոլումբիեն՝ ընտրողների հետ հանդիպման: Մեր պատվիրակությունը Երեւան եկավ աննախադեպ փաստից տարակուսած, բայցեւ ԱԺ՝ «մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցին նվիրված Կոլումբիե-Պրեսկոտ զույգի զեկույցով, որում կոշտ գնահատականներ էին տրված հայոց խորհրդարանական մեծամասնության իրականացրած «հետաքննությանը»: Զեկույցի առանձնահատկությունն այն էր, որ այն զուրկ էր մեզ քաջ հայտնի եվրոպական վերջաբանից՝ ի՞նչ պետք է անեն ու ի՞նչ պարտավորություններ անհապաղ կատարեն ՀՀ իշխանությունները: Փաստորեն, զեկույցում մաքուր էջ էր թողնված հետագայում ՀՀ իշխանություններին նվիրվելիք «եվրոպական դատավճռի» ու «պահանջների» համար: Կոշտ գնահատականներով զեկույցի մասին լուրն անմիջապես հայտնվեց հայկական ԶԼՄ-ներում, զեկույցից ինչ-որ արտահոսքեր եղան: Սակայն հայկական պատվիրակության անդամներից ոչ մեկը չհամարձակվեց հրապարակել աշխատանքային փաստաթուղթը, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգով հանձնաժողովի փաստաթղթերը կոնֆիդենցիալ են պահվում՝ մինչեւ հաջորդ նիստում չհաստատվեն: Բայց ի հակառակ կանոնագրքային այդ արգելքի՝ 2009թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակի վերջին օրերին զեկույցը տեղադրվեց կես տարուց ավելի եվրոպական 4 բանաձեւերի պահանջների կատարումը մոռացած ու հանուն հայ-թուրքական առաջընթացի ՀՀ հատուկ մոնիտորինգից հրաժարված ԵԽԽՎ կայքէջում: Այս փաստը չէր կարող վրիպել գոնե Դավիթ Հարությունյանի սուր աչքից, եւ իշխանությունը չէր կարող չհասկանալ «ուղերձ-սպառնալիքը»՝ եթե Հայաստանը չվավերացնի արձանագրությունները ու դուրս գա հայ-թուրքական գործընթացից, խնդիրներ կունենա նաեւ եվրոպական այդ կառույցում, որտեղ հիշել են «մարտի 1»-ը, սակայն դեռեւս չեն հրապարակել «ՀՀ իշխանությունների» դատավճիռը՝ կախված նրանից, թե ինչ քայլ կանեն նրանք: Այդպիսով, Սերժ Սարգսյանի անխոհեմ հայտարարության պատճառով միջազգային հանրության մոտ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հրամայականն առաջացավ, իսկ իշխանությունների գլխին՝ դամոկլյան սրի նման կախվեց «մարտի 1»-ի չփակված էջն ու ժողովրդավարության պակասուրդի համար պատժվելու վտանգը:
Այսպիսով, հայ-թուրքական արձանագրությունների պատճառով համազգային պառակտվածության խորանալու վտանգը, հասարակությանը խոստացած նպատակների անհասանելիությունը ու դրա արդյունքում իսպառ վարկաբեկվելու հեռանկարը, հասարակական հիասթափությունը «ֆուտբոլային նախաձեռնողական քաղաքականությունից», ընդդիմության նախազգուշացումների արդարացի դուրս գալու իրական հեռանկարը ու Եվրոպայի կողմից պատժվելու վտանգները հարկադրում էին Սերժ Սարգսյանին հերթական անգամ ետ կանգնել ասած խոսքից ու պարտադրված արագացնել վավերացման գործընթացը. եւ հայտարարվեց, որ հունվարի 12-ին ՍԴ-ն քննության կառնի արձանագրությունների սահմանադրականության հարցը: ԱԺ կուլիսներում տեղեկություն հայտնվեց, որ ՍԴ-ն հայ-թուրքական արձանագրությունները առնվազն Սահմանադրությանը մասամբ անհամապատասխան է ճանաչվելու… Տեղեկությունը ոգեւորեց ՀՅԴ-ին, բայց ոչ «Ժառանգությանը», քանի որ դա չէր կարող տեղի ունենալ մի շարք հայտնի պատճառներով. դա կնշանակեր, որ Սահմանադրությունը արձակում է Սերժ Սարգսյանի դատավճիռը, ով ոչ միայն ազգային-պետական շահերին, այլեւ Սահմանադրությանը դեմ քայլեր է կատարել՝ այն էլ խիստ ճակատագրական հարցով: Բացի այդ՝ միջազգային հանրությունը չէր թողնի դա. ՍԴ-ում հարցի քննարկումից ուղիղ երկու օր առաջ Freedom House կազմակերպությունը «նախազգուշացրեց», որ Հայաստանում խոսքի ազատության առումով ոչ մի առաջընթաց չի արձանագրվել ութ տարի շարունակ, այսինքն՝ «Ա1+»-ի փակումից հետո… Թվարկվածների պատճառով իշխանությունը հարկադրված էր ապահովել ՍԴ որոշման ակնկալվող վերջաբանը՝ «համապատասխանում է Սահմանադրությանը» ձեւակերպմամբ: Այս որոշումը «ապացույց» դարձավ, որ ՀՀ իշխանությունները «չեն ոտնահարել» ազգային-պետական շահերը, Սահմանադրությունը, հետեւաբար դրանց ստորագրումով Հայաստանը գոնե մինչ այս պահը «ոչինչ չի կորցրել ու չի վտանգել», եթե անգամ Թուրքիան չվավերացնի: Այդ որոշումը դրվեց Դավիթ Հարությունյանի հետ դեպի Ստրասբուրգ՝ հանգստացնելու Եվրոպային ու «լռեցնելու» «մարտի 1»-ի բաց էջի ձայնը: Եվ որպեսզի ամեն ինչ պլանավորված հունով ընթանա ու «Ժառանգությունն» էլ չխոչընդոտի, անհրաժեշտ էր «Ժառանգության» ներկայացուցչին փոխատեղել ու արգելել Ստրասբուրգ գնալը՝ ԱԺ ֆինանսական միջոցների սղության պատճառաբանությամբ: Սակայն Զարուհի Փոստանջյանի Ստրասբուրգ չգնալը մանրուք է: Պետության համար ամոթ է, որ երկրի նախագահը ոչ միայն արդեն որերորդ անգամ հետ է կանգնում իր խոսքից (նախկինում էլ խոստացել էր Բուրսա չգնալ փակ սահմանով), այլեւ իր անխոհեմ հայտարարություններով ու չկատարած խոստումներով պատժամիջոցների դաշտ ստեղծում ՀՀ համար: Իսկ բաց սահման Սերժ Սարգսյանին դեռ չեն տվել: Ամենայն հավանականությամբ՝ չեն էլ տալու: Բայց ՍԴ որոշումը նրան կենսականորեն անհրաժեշտ էր հասարակության ու ազգի մոտ իր դեմքը փրկելու, համազգային միասնությունը «վերականգնելու», Եվրոպայից չպատժվելու ու հակաարձանագրային ընդդիմությանը տրոհելու համար: Բայց այս ամենի մասին՝ հաջորդ նյութում: