Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործադուլը շարունակվում է

Հունվար 20,2010 00:00

Երեկ «Կրկին գործադուլ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության Շահումյանի հանքի աշխատողները հունվարի 17-ից գործադուլ են սկսել՝ կոմբինատի տնօրինությունից պահանջելով աշխատավարձի բարձրացում (նման բան եղավ 2009-ի հուլիսի 13-17-ը, ընկերության ղեկավարությունը խոստումներից այն կողմ չանցավ, բայց բողոքավորները դադարեցին գործադուլը):
Թվում էր, թե հունվարի 18-ին մինչեւ ուշ երեկո տեւած խորհրդակցությունը՝ կոմբինատի ղեկավարության եւ հանքագործների միջեւ, կբերի երկու կողմերի համար ընդունելի լուծումների եւ փոխհամաձայնության: Թերեւս այսպես էր կարծել նաեւ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը, ով երեկ երեկոյան այցելել էր ընկերություն եւ նշել, որ Կապանի համար շատ կարեւոր է կոմբինատի գործունեությունը: Իսկ այցից հետո կարծիք հայտնել, թե կոնֆլիկտը կհարթվի եւ աշխատանքը կվերսկսվի, քանի որ տնօրինությունը առանձին-առանձին հանդիպել է 4 արտադրամասերի աշխատողներին եւ համաձայնել բավարարել նրանց պահանջները: Քաղաքապետը նաեւ համոզմունք էր հայտնել, որ գործադուլներ էլ չեն լինի: «Նախկին գործադուլի հետեւանքն էր սա, վերջին գործադուլի ժամանակ տնօրինությունը խոստացել էր վերանայել եւ բարձրացնել աշխատավարձերը: Ինչ վերաբերում է գործադուլներին, կարծում եմ, որ ինչ-որ տեղ մեղք ունի նաեւ կոմբինատի ղեկավարությունը, դա նրանց ոչ ճիշտ կազմակերպական աշխատանքի արդյունքն է»,- հայտարարել է Կապանի քաղաքապետը:
Քաղաքապետի այս հայտարարությունների պահին բանակցությունները դեռեւս շարունակվում էին: Ինչպես տեղեկացանք «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյանից, կոմբինատում դեռեւս անորոշ վիճակ է: «Մինչեւ ուշ երեկո շարունակվող խորհրդակցության ընթացքում տնօրինությունը ոչ բոլոր գործադուլավորների հետ ընդհանուր համաձայնության եկավ: Միայն մի մասնագիտության աշխատակիցների պահանջը չբավարարեց ձեռնարկության տնօրեն Ռոբերտ Ֆալետան, եւ նշեց, որ նրանց աշխատավարձը չի բարձրացնի»,- տեղեկացրեց պարոն Թումանյանը:
Իրենց պահանջների բավարարումը չստանալուց հետո հանքի տվյալ մասնագիտության աշխատողները որոշեցին շարունակել գործադուլը, նրանց միացան նաեւ իրենց գործադուլավոր գործընկերները, որոնց պահանջները տնօրինությունը բավարարել էր: Շահումյան հանքի հանքագործները միասնական են եւ հայտարարում են, որ կդադարեցնեն գործադուլը, երբ ղեկավարությունը համաձայնի բավարարել բոլորի պահանջները:
Իսկ ընկերության ղեկավար Ռոբերտ Ֆալետան այդպես էլ չի ցանկանում համագործակցել լրագրողների հետ, որեւէ պարզաբանում չի տալիս, բայց խոստանում է հարմար պահի հայտարարություն անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել