Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ

Հունվար 20,2010 00:00

Պատերազմի օրերին սահմանամերձ բնակավայրերի կապը ապահոված եւ մորը կորցրած մասնագետն այսօր հարկավոր չէ՞:

Տավուշի մարզի Կողբ գյուղի 49-ամյա բնակիչ Նորայր Եղիկյանն աշխատանքային գործընկերոջ՝ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Անաստաս Գիշյանի հետ երկու տարի մաշել է դատական բոլոր ատյանների դռները: Անդուլ պայքարել են արդարության համար, սակայն ի վերջո հայտնվել «կոտրած տաշտակի» առաջ:
Նորայրը 1982 թվականին ավարտել է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում: 1983-ին աշխատանքի է ընդունվել Նոյեմբերյանի շրջանային կապի հանգույցում եւ քառորդ դար անընդմեջ աշխատել՝ ավագ էլմեխանիկ, ինժեներ, առաջին կարգի ինժեներ, կայանային մենեջեր, ավագ ճարտարագետ: 1983թ.-ին մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայում, 1984-ին՝ Կույբիշեւում, 2003-ին՝ հեռախոսային թվային կայանների գծով՝ Հայաստանում: 1993-ից պատերազմական ծանր ժամանակաշրջանում Նորայրն է եղել Նոյեմբերյանի եւ շրջանի բոլոր գյուղերի ավտոմատ հեռախոսակայանների միակ ինժեները: Միակ, քանի որ հաճախակի ռմբակոծության եւ ցածր աշխատավարձի պատճառով կապի շրջանային հանգույցի ինժեներները Ռուսաստան էին մեկնել կամ էլ փոխել էին իրենց աշխատանքի վայրը: Նորայրի մայրը 1992թ. դեկտեմբերի 29-ին աշխատանքից տուն վերադառնալիս՝ Նոյեմբերյան-Կողբ ճանապարհին զոհվել է ադրբեջանական ռմբակոծությունից: Նորայր Եղիկյանը եւ Անաստաս Գիշյանը վերականգնել են Նոյեմբերյանի շրջանի՝ ռմբակոծված եւ շարքից դուրս եկած հեռախոսակայանները: Եղիկյանն աշխատանքային պարտականություններից զատ շրջանի կապի ոլորտում բազմաթիվ այլ աշխատանքներ է կատարել: 1994թ. մոնտաժել է Կողբի միջքաղաքային ելքերի սարքավորումը, որը գյուղական վայրում՝ Հայաստանում տեղադրված առաջին սարքավորումն էր: Նա հիշում է այդ ծանր օրերը. «Մեզ հետ այդ գործին Երեւանից մասնագետ էր մասնակցում: Այդ ժամանակ հացը «տալոնով» էր: Երեւանցի մասնագետին հյուրասիրեցի մեր ընտանիքի բաժին հացով: Դիտմամբ ուշ եկա տուն, գիշերվա երկուսին, սակայն սովից ավագ որդուս՝ Նարեկի քունը չէր տարել: Հայրիկ, հացը բերե՞լ ես, հարցրեց»:
2006 թվականի նոյեմբերի 16-ին Նորայրն աշխատանքային պայմանագիր է կնքել «ԱրմենՏել» ընկերության հետ, որով կայանային մենեջերի պաշտոնը փոխարինվել է  ավագ ճարտարագետի պաշտոնով, աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները նույնն են մնացել: «ԱրմենՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Կալգաշկինը 2008 թվականի հունվարի 17-ին եւ հունվարի 22-ին լուծել է կապի տեխնիկ Անաստաս Գիշյանի եւ Նորայր Եղիկյանի աշխատանքային պայմանագրերը: Նրանք աշխատանքից ազատվել էին Նոյեմբերյան քաղաքի եւ Բագրատաշեն գյուղի անալոգ կայանները շահագործումից հանելու եւ նոր թվային կայաններ գործարկելու արդյունքում՝ աշխատատեղերի կրճատման պատճառաբանությամբ: Ն. Եղիկյանը եւ Ա. Գիշյանը 2008թ. հունվարի 30-ին Գ. Կալգաշկինին ուղարկած նամակում գրել էին, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ մասով իրենց աշխատանքից ազատելը հիմնավոր չէ, քանի որ Նոյեմբերյանի շրջանում գործում են 12 նման կայաններ, որոնք սպասարկում են մասնագիտական ավելի ցածր որակավորում ունեցող աշխատակիցներ: Ն. Եղիկյանը եւ Ա. Գիշյանը ստիպված դիմել են դատարան: 2008թ. ապրիլի 16-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Ձեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ս. Արամյան) փաստել է, որ Եղիկյանն ու Գիշյանը սպասարկել են Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր ավտոմատ հեռախոսակայանները, ինչը հաստատվում է «ԱրմենՏել» ՓԲԸ Նոյեմբերյանի մասնաճյուղի 7 նախկին աշխատակիցների հայտարարությամբ եւ տարածաշրջանի 12 համայնքների ղեկավարների տված տեղեկանքներով: Դատարանը վճռեց հայցվորներին վերականգնել իրենց աշխատանքում, հարկադիր պարապուրդի համար «ԱրմենՏելը» պիտի նրանց դրամական հատուցում վճարեր: 2008թ. մայիսի 5-ին «ԱրմենՏելը» այդ վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, իսկ սեպտեմբերի 19-ին վերաքննիչ դատարանը (նախագահությամբ Ե. Խունդկարյանի) բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը եւ գործը կրկին ուղարկել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այս անգամ Ն. Եղիկյանը դատարան է ներկայացրել հավելյալ ապացույց՝ բանալիների հանձնման-ընդունման գրասենյակային գիրքը, որն ապացուցում է, որ ինքը կանոնավոր սպասարկել է տարածաշրջանների ԱՀԿ-ները: Այդ աշխատանքների ժամանակ նրա հետ է եղել Ա. Գիշյանը: 2008թ. դեկտեմբերի 10-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր՝ Ս. Ղազարյան) որոշել է Ն. Եղիկյանին եւ Ա. Գիշյանին վերականգնել աշխատանքում եւ պարտավորեցնել «ԱրմենՏելին»՝ վճարել հարկադիր պարապուրդի համար: «ԱրմենՏելը» կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել: Բայց այս անգամ՝ 2009թ. ապրիլի 9-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը (Ա. Խառատյանի նախագահությամբ) մերժել է «ԱրմենՏելի» բողոքը եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը: «ԱրմենՏելը» վճռաբեկ բողոք է ներկայացրել: 2009թ. նոյեմբերի 6-ին վճռաբեկ քաղաքացիական դատարանը (նախագահող՝ Ս. Սարգսյան) որոշել է «ԱրմենՏելի» վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը եւ այն փոփոխել՝ Ա. Գիշյանի եւ Ն. Եղիկյանի հայցը մերժել: Մինչդեռ «ԱրմենՏելի» Նոյեմբերյանի մասնաճյուղը այժմ էլ ավագ ճարտարագետ, ճարտարագետ, տեխնիկ ունի, եւ բարձրագույն կրթություն չունեցող ճարտարագետը սպասարկում է գյուղերի հեռախոսակայանները:
Ն. Եղիկյանի պնդմամբ՝ դատական նիստերի ժամանակ «ԱրմենՏելն» այդպես էլ չի ներկայացրել իր հաստիքացուցակները, ինչը կարեւոր հանգամանք է: Եղիկյանը եւ Գիշյանը դիմել են հանրապետության վարչապետին եւ նախագահին: Սերժ Սարգսյանին ուղարկած նամակում Եղիկյանը հիշեցրել է 2006թ. նոյեմբերի 28-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը այդ ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հավաստիացումը, թե զինվորների ծնողները աշխատանքից չեն կրճատվի կամ կրճատվողների մեջ ամենավերջում կլինեն: Մինչդեռ, Ն. Եղիկյանին աշխատանքից ազատելու ժամանակ նրա երկու որդիները ժամկետային ծառայության մեջ էին: Այս տարի Նորայրի որդին՝ Նարեկը, ուսման վարձը մուծել չկարողանալու պատճառով դուրս է մնացել ճարտարագիտական համալսարանի երկրորդ կուրսից: Նորայրն ու իր կինը այժմ չեն աշխատում: Նորայրը եւ Անաստասը մտադիր են արդարության համար մինչեւ վերջ պայքարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել