Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ գործն ուղարկվում է ստորադաս դատարան

Հունվար 20,2010 00:00

Վերջին շրջանում նկատվում է, որ թե քրեական, թե քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանը, լսելով բողոքաբերի  պահանջը, ընդհանուր իրավասության դատարանում քննված գործը ուղարկում է նույն դատարան՝ այլ կազմով քննելու: «Առավոտը» տեղեկացրել է, որ դեռեւս անցյալ տարի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց օրենսգրքերում գործը վերադարձնելու ինստիտուտը, նկատելով այնտեղ կոռուպցիոն ռիսկ: Արդյոք դատարանները ճի՞շտ են վարվում գործը ուղարկելով նոր քննության՝ հարցով դիմեցինք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին: Վերջինս պատասխանեց. «Դուք իրավացի եք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ինչպես եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանը, հաճախ կայացնում են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու եւ գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու մասին որոշումներ: Դատական ակտի այդ տեսակը նախատեսված է գործնականում բոլոր ժողովրդավարական պետություններում: Ամրագրված լինելով նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ այն որեւէ առնչություն չունի գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի հետ, որը 2007թ. ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-710 որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական:
Ի տարբերություն գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշման՝ գործը ստորադաս դատարան ուղարկելու մասին որոշման պարագայում վարույթը չի վերադարձվում մինչդատական փուլ, այլ շարունակում է քննվել դատարանում հրապարակայնության, կողմերի իրավահավասարության եւ արդարադատության իրականացման մյուս հանրաճանաչ սկզբունքների հիման վրա:
Գործը ստորադաս դատարան ուղարկելու՝ վերադաս դատարանների լիազորությունը պայմանավորված է նրանով, որ երկրորդ եւ երրորդ ատյանի դատարանները դատական ստուգման մարմիններ են, եւ ապացույցներն անմիջականորեն քննելու՝ վկաներին հարցաքննելու, փորձաքննություն կատարելու, փաստաթղթեր պահանջելու հնարավորություն, որպես կանոն, չունեն: Դրա հիման վրա վերաքննիչ դատարանը, հայտնաբերելով դատական սխալ, որի ուղղումը ենթադրում է ապացույցների անմիջական քննություն, իրավասու է գործը վերադարձնել ստորադաս դատարան. վերաքննիչ դատարանի իրավական հնարավորությունները կարող են բավարար չլինել այդ սխալն ուղղելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել