Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԴԻՐ-ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Հունվար 20,2010 00:00

\"\"Երկուստեք պատիվ են պահանջում

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քնարավան համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Միքայելյանը մինչ իր «գահը» կհանձներ հաջորդին՝ ընտանիքով տեղափոխվել էր նշված տարածք: Քնարավան համայնքի բարելավման համար նա նախատեսել էր եւ իր մարտական ընկերների հետ ձեռնամուխ եղավ կիսակառույց բնակարանների ավարտման գործընթացին, կազմակերպեց սելավատարի կառուցումը, հատկացրեց գումար համայնքի ճանապարհներն ու բնակիչների տան բակերը հարդարելու համար:
Գյուղում նրա օրոք ստեղծվեցին աշխատատեղեր, խողովակներով ջուրը բերվեց ջրամբար:
Հետագայում «իշխանությունը» հանձնեց իր գործընկերոջը՝ Մարինե Փիլոսյանին:
Ազատամարտիկ, 1990թ. օգոստոսի 20-ին Ոսկեպարի դիրքերում ծանր վիրավորված, պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ Ա. Միքայելյանի եւ ներկայիս համայնքապետի միջեւ հարաբերությունները սրվեցին:
«Արծիվ 30» վետերան-մահապարտների միության նախագահ Մ. Սարգսյանի բնութագրմամբ. «Քնարավանի հիմնադիր-համայնքապետ Ա. Միքայելյանը մեծ հայրենասեր է, իսկական հայ, որն անմնացորդ նվիրված է հայրենիքին, բարեգործ է, նվիրված իր ընտանիքին ու մարտական ընկերներին»: Վեդու քաղաքապետ Վ. Բարսեղյանի բնութագրմամբ՝ Վեդի քաղաքի բնակիչ, Ազատամարտի վետերանների միության տեղական կառույցի ղեկավար Ա. Միքայելյանը «աշխատասեր է, կարողանում է արագ կողմնորոշվել բարդ իրադրության մեջ: Նա որպես հայրենասեր քաղաքացի՝ արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալների ու պատվոգրերի»: Իսկ Քնարավան գյուղի ղեկավար Մարինե Փիլոսյանի 28.12.2009թ. տված պաշտոնական «բնութագրի» համաձայն. «Ինքը չշփվող, ոչ մի վիճակի հետ չհարմարվող, շրջապատում բոլորին կասկածող եւ բոլորից զգուշացող է: Արտաքինից համեստ է, սակայն երբ նայում ես աչքերի մեջ՝ նենգություն կա: Մի խոսքով՝ մութ մարդ է»: Չգիտենք, թե կին գյուղապետի աչքերի մեջ նայող համայնքի քանի բնակիչ կա եւ որքանով է արդարացվում «խալխի տղամարդու» կողմից նրա աչքերի մեջ նայելը: Սակայն պարզվում է՝ կարեւոր է, քանի որ այն փաստվում է պաշտոնական գրության մեջ:
Ա. Միքայելյանը վրդովված է: Նա գտնում է, որ «իրեն հասցրած ավելորդ վիրավորանքը պատվի ոտնահարում է»:
«Վիրավորանքն է, որ ինձ բերել է «Առավոտ»,- ասում է նա:- Ամեն ինչ սկսվել է նրանից, որ խնդրել եմ ընտանիքիս համար 140քմ տարածք,  հող: Ինձ՝ իմ հիմնադրած համայնքում հատկացրել են 50քմ տարածք»:
Ա. Միքայելյանը դիմել էր նաեւ Քնարավան համայնքի ավագանու անդամ Ռուբեն Վարդեւանյանին:  Մասնավորապես, ազատամարտիկը գրել էր, որ համայնքապետի մանր եւ խոշոր եղջերավոր անասունները ավերել են դպրոցի ցանկապատը, պահանջել էր, որ գյուղապետարան-դպրոց  ճանապարհի խողովակները (կամուրջ հանդիսացող) վերադարձնի համայնքին, «ոչ թե տանի իրենց տուն», լուծի գյուղամիջյան ճանապարհի հարցը, քանի որ այն անանցանելի է: Ա. Միքայելյանը պահանջել էր «Վերջ տալ տոհմային ինքնակառավարմանը»:
«Առավոտի» տրամադրության տակ գտնվող Քնարավան համայնքի ավագանու արտահերթ նիստի արձանագրության համաձայն (թիվ 22), «համայնքի ղեկավարը Ա. Միքայելյանից իր անհեթեթ պահանջի համար պատիվ է պահանջում»: Ավագանու անդամները (6-ից 4-ը Փիլոսյաններն էին) բարձրացված հարցերից 2-ը համարել էին «անիմաստ», ավելին՝ գտել. «Դիմողն իրավունք չունի ողջ գյուղի անունից պատասխան պահանջելու: Իսկ եթե կան նմանատիպ բողոքներ, ապա պատասխանողը պատրաստ է փոխհատուցել պատճառած վնասի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել