Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է

Հունվար 20,2010 00:00

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանի հավաստմամբ, չբերության ցուցանիշները ողջ աշխարհում նվազել են: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության գլխավոր մանկաբարձը մեջբերեց 2008-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ մոտ 2600 տնտեսությունում կատարած ուսումնասիրության արդյունքները. «Եթե մի 10-20 տարի առաջ մեր հանրապետությունում անպտղության ցուցանիշը հասնում էր մոտ 28-30%-ի, ապա վերջին տարիների ուսումնասիրությունները վկայեցին, որ արձանագրվել է ցուցանիշների կրկնակի նվազում, կանանց մոտ կազմում է 16,5%, իսկ տղամարդկանց մոտ՝ 4-5%: Մեր հանրապետությունում 2 տարի առաջ մշակվել է վերարտադրողական առողջության ազգային ծրագիրը, որով լավագույնս փորձում են լուծել անպտղության խնդիրը»: Գլխավոր մանկաբարձի խոսքերով, ամուսնությունն անպտուղ է համարվում, եթե մեկ տարի պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալու դեպքում՝ առանց հակաբեղմնավորիչ միջոցների գործածման, կինը չի հղիանում: ԱՆ գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանի խոսքերով էլ, ողջ աշխարհում անպտղության տարածվածության մասին պաշտոնական վիճակագրություն չկա. «Այդ ցուցանիշները պարզվում են որոշակի հետազոտությունների արդյունքում: Մեր հետազոտության այս տարվա արդյունքները ցույց տվեցին, որ տղամարդկանց շրջանում անպտղությունը կազմում է 5,6%, սակայն երբ մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք ամուսնական զույգը, ապա զուգակցված պատճառները հայտնաբերվում են մոտավորապես 35-40%-ի մոտ»:
Գլխավոր մանկաբարձի հավաստմամբ, վերջին 6 տարիներին Հայաստանում արատով ծնվող երեխաների թվի նվազման միտում են արձանագրել: Նրա խոսքերով, 1000 երեխայից միայն մեկ կամ երկու երեխան է արատ ունենում: Պարոն Աբրահամյանը, անդրադառնալով ծնելիության աճին, ասաց, որ նախորդ 3 տարիներին մեր երկրում արձանագրվում էր մոտ 40 000 ծնունդ, իսկ անցած տարի 3000-ով աճել էր. «7% աճը մեր երկրում ֆանտաստիկ ցուցանիշ է, իհարկե դա առաջին հերթին պայմանավորված է հավաստագրերի ներդրման քաղաքականությամբ: Այս 15 օրերի ընթացքում հանրապետությունում ծնունդների թիվն այնքան է, որքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել