Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

79 տարեկան կնոջը մատների վրա խաղացնում են

Հունվար 20,2010 00:00

Տան սեփականության վկայականում գրված «ոչ բնակելի տարածք»
բառերը Լուսիկ Գեւորգյանի համար խոչընդոտներ են ստեղծում:

\"\"

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Էրեբունի համայնքի Արցախի փողոցի 8-րդ շենքի 86 շինությունում ապրում է արցախյան ազատամարտի հերոս, առաջին կարգի հաշմանդամ, բժշկուհի Լուսիկ Գեւորգյանը: Այս շինությունը նրան է նվիրել Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականով: Այս բնակարանը Լուսիկ Գեւորգյանին է հատկացվել սեփականության իրավունքով, սակայն սեփականության մասին հավաստող փաստաթղթում նշված է, որ հատկացված տարածքը ոչ բնակելի է: «Ես այն ժամանակ չէի էլ մտածում, որ սա մեծ խնդիր է, իսկ հիմա կոտորվեցի կադաստրից քաղաքապետարան վազվզելով: Դժվարություններ առաջ եկան, երբ ես ցանկացա իմ բնակարանում հեռախոս անցկացնել: Երբ դիմեցի համապատասխան ծառայություն, որ գան իմ տանը հեռախոս անցկացնեն, ինձ ասացին, որ չեն կարող, հնարավոր չէ, քանի որ սեփականության վկայականում նշված է, որ իմ տարածքը բնակելի չէ: Մի հեռախոսահամար ունենալու համար ես չեմ կարողանում այդ բառակապակցությունը վերացնել: Քաղաքապետարան արդեն 1 տարի գնում-գալիս եմ, սակայն ինձ հստակ պատասխան չեն տալիս, ասում են միայն, որ հարցերս պիտի կադաստրի հետ լուծեմ: Այնտեղ էլ 2 անգամ արդեն դիմել եմ, որ ինձ օգնեն, 2 անգամ էլ վճարում եմ կատարել, մեկ անգամ 25 հազար դրամ, մյուս անգամ՝ 35 հազար դրամ, այդ 2 անգամն էլ մերժել են: Ես թոշակառու կին եմ, 79 տարեկան եմ, ինչպես կարող եմ իմ ապրուստի միջոցից այդքան գումար հատկացնել այն դեպքում, երբ ինձ պետք է մերժեն: Ինձ միայն հեռախոսահամար է պետք, որ բարեկամներիս հետ կապ պահեմ, այլ բան չեմ ուզում: Որ այս բառակապակցությունը հանեն, ամեն ինչ հարթ կընթանա»,- պատմեց «Առավոտի» խմբագրություն այցելած Լուսիկ Գեւորգյանը:
Նա ասաց նաեւ, որ արցախյան ազատամարտի ժամանակ մահացել է ամուսինը, իսկ ինքը ծանր վիրավորվել է: Ազատամարտին մասնակցել են նաեւ նրա 3 որդիները: «Ես այդքան մեծ վաստակ ունեմ, սակայն հիմա դա որեւէ մեկը չի գնահատում, մի սովորական հարցի համար այսքան վազվզում եմ: Տարածքս էլ ընդամենը 7.7 քմ է, մեծ տարածք չէ պետության համար, ընդամենը պետք է, որ սեփականության վկայականից հանվի «ոչ բնակելի» բառերը: Ես արդեն բոլոր հարմարությունները ստեղծել եմ ինձ համար այդ փոքրիկ տարածքում, բաղնիք, զուգարան ունեմ, տարածքը վերանորոգել եմ իմ թոշակով, բայց պարզվում է, որ այնքան էլ իմը չէ այդ տարածքը»,- դժգոհեց Լուսիկ տատը:
Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց Կադաստրի պետական կոմիտեից պարզաբանումներ ստանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել