Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԵՐԵԼԱԿՈՒՄ ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱՆ»

Հունվար 20,2010 00:00

Վերելակի անսարքության պատճառով բազմաթիվ մարդիկ են մահանում, բայց դրանց անվտանգության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

Մոտ մեկ ամիս առաջ Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակը մի 36-ամյա կնոջ կյանք խլեց: Վերելակի դռների արանքում մնացած Աղունիկ Կիվրիկյանին վերելակը բարձրացրել էր, սեղմել առաստաղին: Մինչ փրկարարները կժամանեին դեպքի վայր, շենքի բնակիչներն իրենց ուժերով բացել էին վթարված վերելակի դռներն ու կնոջը հայտնաբերել մահացած:
Երբ վերլուծում ենք կատարված դժբախտ պատահարի մանրամասները, համոզվում ենք, որ մեր բազմաբնակարան շենքերում գործող վերելակներից օգտվելով՝ մեզանից յուրաքանչյուրը վտանգում է իր կյանքը եւ իր ընտանիքի հետագա ճակատագիրը դնում հարցականի տակ: Շահագործվող վերելակների մեծ մասը տեխնիկապես այնպիսի վիճակում է, որ ամեն օր կարող է մեզնից յուրաքանչյուրի համար ճակատագրական լինել:
Այս դեպքը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես այն առումով, որ տվյալ վերելակը վերանորոգվել էր դեպքից ընդամենը մեկ օր առաջ: Այսինքն, այն բոլոր տեխնիկական թերությունները, որոնք ուներ վերելակը, պետք է որ քաջ ծանոթ լինեին շենքի վերելակի մասնագետին, որին բնակիչներն ամեն ամիս գումար են վճարել՝ վերելակը սարքին վիճակում պահելու համար: Զարմանալի եւ տարօրինակ է, որ վերելակի մասնագետը՝ Ռուբենը, բնակիչների ահազանգից հետո, որ իրենց վերելակը լավ չի աշխատում, երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին այցելել էր, 15 րոպեի ընթացքում իբրեւ թե վերանորոգել վերելակը, գումարը վերցրել ու գնացել: Արդյունքում երիտասարդ կնոջ՝ Աղունիկի երկու անչափահաս երեխաներն այսօր ծնողազուրկ են դարձել եւ ոչ մի կերպ չեն կարողանում լրացնել իրենց մոր թողած դատարկությունը: Աղունիկի դուստրը՝ Անժելիկան, 1 տարեկան 7 ամսական է: Երբ մուլտֆիլմ է դիտում, ֆիլմի հերոսուհուն նմանեցնում է մորը եւ կարոտում: Աղունիկի սկեսրոջ՝ Անժելա Մանուկյանի պատմելով՝ «փոքրին մի կերպ կարողանում ենք խաբել ու ասել, որ մաման հեռու տեղ է գնացել, շուտով գալու է, քեզ կակա է բերելու, իսկ մեծը՝ Սարգիսը, ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել մոր բացակայության հետ: Նա ամեն ինչ հասկանում է ու ահավոր տանջվում»: Անժելիկան ամեն օր խոսում է իրենց հյուրասենյակում կախված մոր լուսանկարի հետ ու նրան մանկական ամենախոսուն անկեղծությամբ խնդրում է վերադառնալ հեռու տեղից:
Անժելա Մանուկյանը պատմում է, որ իրենց շենքի վերելակը երբեք նորմալ չի աշխատել, միշտ խնդիրներ են առաջացել. «Մենք անընդհատ լիֆտյորին զանգում էինք ու զգուշացնում, որ դռները լավ չեն փակվում, որ բարձրանալ-իջնելիս հարկերը երեւում են: Նա մեր ոչ մի ասածին բանի տեղ չէր դնում: Միայն փող հավաքելու համար էր գալիս: Ստիպում էր, որ բացի ծախսած էլեկտրաէներգիայի վարձից, ամսական իրեն էլ 3000 դրամ վճարեինք՝ վերելակը սպասարկելու համար: Դեպքից մի քանի օր առաջ բնակիչներով գումար էինք հավաքել ու նրան վճարել»: Մեր հարցին, թե հարսի հուղարկավորության ծախսերը ո՞վ է հոգացել, պետությունը որեւէ հարցով օգնե՞լ է, քանի որ դժբախտ պատահարը ինչ-որ տեղ նաեւ պետության անտարբերության հետեւանքն է, տիկին Անժելան պատասխանեց. «Ոչ ոք այսքան ժամանակ չի եկել եւ ոչ մի հարցով չի օգնել, միայն երեխաների համար նպաստ է նշանակվել: Իսկ լիֆտյորը, որը անմիջական մեղավորն է մեր դժբախտության, ընդհանրապես մեր դուռը չի բացել ու չի հարցրել՝ ինչով կարող է ձեռք մեկնել այն երեխաներին, որոնց նա է որբացրել: Ես 60 տարեկան եմ եւ չգիտեմ ոնց պահեմ 1.7 տարեկան երեխային: Իմ տունը քանդվել է»:
Տուժածի սկեսրոջ պատմելով՝ դեպքի օրը, երբ հարեւաններն ահազանգել են Ռուբենին, որ վերելակի մեջ մարդ է մնացել, վերջինս «մուննաթ» է եկել ու այդպես էլ չի բարեհաճել կատարել իր մասնագիտական պարտականությունները: Իսկ դեպքի հաջորդ օրը, երբ արդեն լուրը տարածվել է, որ կին է մահացել, ըստ Անժելա Մանուկյանի, Ռուբենը եկել է, վերելակն ուսումնասիրել ու բնակիչներին տեսնելով՝ շենքի տանիքով փախել:
Երբ փորձեցինք Ռուբենից էլ պարզաբանումներ վերցնել դեպքի հետ կապված՝ նրա կինն ամուսնու փոխարեն պատասխանեց, որ Ռուբենը ոչինչ չունի ասելու, քննությունն ամեն ինչ ցույց կտա: Նշենք, որ երբ տուժողի բնակարանում էինք, նրա սկեսրայրը արցունքն աչքերին պատմում էր, որ Ռուբենն այս օրերին թաքուն գալիս է ու վերելակի սարքավորումները փոխում, ինչի իրավունքը նախաքննական փուլում չունի. «Մենք մինչ օրս չենք մաքրել Աղունի արյունն այդ վերելակից, չենք կարողանում: Ես իմ ձեռքերով եմ դուրս բերել մի գունդ դարձած ու ջախջախված մարմինը: Իմ հարսի մահը հենց այնպես չի անցնելու, ես բողոքելու եմ մինչեւ վերջ ու դիմելու եմ անձամբ Սերժ Սարգսյանին, որ այս գործով ոչ մեկն անպատիժ չմնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել