Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիծ են դուրս գալիս կիսախարխուլ վիճակում

Հունվար 20,2010 00:00

Հասարակությանը սպասարկող որոշ միկրոավտոբուսներ գտնվում են տեխնիկապես այնքան վատ վիճակում, որ ուղեւորները երբեմն գերադասում են մի քանի կիլոմետր քայլելով տեղ հասնել, քան նստել կիսախարխուլ «գազելները»:

Նկարում պատկերված է թիվ 41 երթուղին սպասարկող «գազելներից» մեկը: Այս մեքենայի 14 նստելատեղից 4-5-ը կիսաքանդ վիճակում է: Հենց առաջին նստարանի թիկնակն ընդհանրապես չկար: Մի քանի նստարաններ էլ պոկված էին եւ ընթացքի ժամանակ ճոճվում էին, ինչի պատճառով ուղեւորները խիստ լարված էին, որպեսզի արգելակման ժամանակ նստարանի հետ միասին տեղից չպոկվեն ու վայր չընկնեն: Պարտադիր չէ լինել ավտոմեխանիկ՝ տեսնելու համար, որ մայրաքաղաքի երթուղային մեքենաների մեծ մասը բազմաթիվ թերություններ ունի. կիսաքանդ են, կեղտոտ, անսարք: Բացի այս ամենը, բազմաթիվ երթուղային «գազելների», այդ թվում նաեւ թիվ 41-ի պատուհանները շատ վատ են փակվում, կամ ապակիների փոխարեն ցելոֆանե տոպրակներ են ամրացված: Ընդամենը մի քանի կիլոմետր նման մեքենայով երթեւեկելուց հետո՝ հարբուխն ապահովված է:
Նշենք, որ երթուղագծի շահագործման մրցույթը շահելու համար մեքենաները պարտադիր պետք է տեխնիկապես բարվոք վիճակում լինեն, բացի այդ, նստելատեղերը լինեն գործարանային վիճակում, ապակիներն ու անվադողերը՝ նույնպես: Այդ պատճառով էլ գծատերերը մրցույթի օրը, այսպես ասած, «յուղը վրան», նոր մեքենաներ են «բերում-շարում», դրանց մեջ նույնիսկ իբր ուղեւորների համար հեռուստացույց ու տեսամագնիտոֆոն է տեղադրված, սակայն մրցույթը շահելուց հետո, որպես կանոն, այդ մեքենաները անհետանում են ու գծատերերը գիծ են մտցնում պոկված նստարաններով խարխուլ մեքենաները:
«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին (08.04.2009, 11.07.2009): «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Յուրա Գալստյանը վստահեցրել էր, որ պարբերաբար ստուգում են մեքենաները եւ եթե անսարք մեքենա է լինում՝ գծից հանում են: Կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանի տեսուչների ստուգումները գծատերերին ու առավել եւս վարորդներին ընդհանրապես չեն հետաքրքրում, քանի որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտից օգտվող ուղեւորները այդ ստուգումների արդյունքները չեն տեսնում. կիսախարխուլ, կեղտոտ ու անսարք միկրոավտոբուսները չեն պակասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել