Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԸ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ «ՕՐՀՈՒՍԻՑ»

Հունվար 20,2010 00:00

Մոտ 15 օր է, ինչ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը փակել է բնապահպանական այս կազմակերպությունը՝ աշխատակիցներին թույլ չտալով մտնել վարձակալած տարածք:

\"\"
Գյումրիի «Օրհուս» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, Շիրակի մարզպետը փորձում է իրենից վրեժ լուծել:

Գյումրիի «Օրհուս» տեղեկատվական-բնապահպանական կազմակերպության ղեկավար Գեւորգ Պետրոսյանի ներկայացմամբ, հանրապետության տարածքում գործող 14 «Օրհուս» կենտրոններից Գյումրիինը միակն է, որն ընկել է ավելորդ քաշքշուկների մեջ: Ըստ պաշտոնական մեկնաբանության` լրացել է այս կազմակերպության՝ շենքի վարձակալության պայմանագրի ժամկետը, սակայն մինչ ԵԱՀԿ-ն կերկարացնի այն, Շիրակի մարզպետի հրահանգով օրհուսցիներին կառույցից տեղահանել են:
Գ. Պետրոսյանի ասելով՝ բնապահպանական կառույցն իր գործունեությունը սկսել է եռակողմ հուշագրով, որը կնքվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, բնապահպանության նախարարության եւ Շիրակի մարզպետարանի միջեւ՝ 2007-ի մայիսի 16-ին: Ըստ այդ փաստաթղթի, զբաղեցրած տարածքի գույքի պատասխանատուն Շիրակի մարզպետարանն է: «Հունվարի 13-ին, մարզպետի հրամանով՝ գույքագրում է տեղի ունեցել կենտրոնում, այսինքն՝ գույքի հաշվառում, եկել եւ պահանջել են գույքը հանձնել մարզպետարանին, ասել եմ, որ ես երբեք գույք չեմ ստացել, չեմ էլ հանձնի, վերցրեք հաշվառեք: Մարզպետարանի խումբը հաշվառել է, արձանագրություն կազմել, նրանց հանձնել եմ նաեւ բանալիները: Ասեմ, որ երկու տարվա մեջ մարզպետարանը բացարձակապես չէր հիշում, որ ինքը գույքի պատասխանատուն էր, ոչ եկել է, ոչ էլ՝ հետաքրքրվել, գույքից տեղյակ չէ: Իսկ անցած տարի այս նույն ժամանակահատվածում իմ պայմանագրի ժամկետը դարձյալ լրացել էր, բայց մեզ չտեղահանեցին: Իսկ հիմա եկել են, թե դու նոր պայմանագիր չունես, հետեւաբար եւ դու աշխատող չես, չես կարող գույքը օգտագործել, այն հետ ենք վերցնում: Բայց եթե նկատի ունենաք, որ անցած տարի ես առանց նոր պայմանագրի 2 ամիս աշխատել եմ ու խոչընդոտ չի եղել, ուրեմն մի բան էն չի: Մանավանդ որ, Հայաստանում գործող 14 «Օրհուս» կենտրոններից ոչ մեկը փակ չէ, բոլորը նույն կարգավիճակում են, նոր պայմանագրեր չունեն, բայց ոչ մի մարզպետարան չի փակել «Օրհուսը»,- ասում է Գ. Պետրոսյանը՝ ենթադրելով, որ Շիրակի մարզպետը այս միջոցով փորձում է իրենից վրեժ լուծել:
Բանն այն է, որ պարոն Պետրոսյանը անցած տարի Արթիկի ջրամատակարարման շինթույլտվության հետ կապված դատի էր տվել Շիրակի մարզպետին, ավելին՝ հրապարակավ քննադատել էր մարզպետարանի աշխատակիցներին՝ մարզպետարանի շենքում շինարարություն սկսելու նպատակով 30 ծառ ապօրինաբար հատելու համար:
Բնականաբար, այս ամենը էժան չի նստել «Օրհուսի» ղեկավարի վրա, հարմար առիթը փնտրելով՝ Լիդա Նանյանը որոշել է «համարձակ» երիտասարդի «հախից գալ»: Նույնիսկ բանը հասել է նրան, որ մարզպետը հաշվի չի առնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի խնդրանքը: «Մարզպետը լավ գիտի, որ նոր պայմանագրի կնքումը մոտ 1,5 ամիս կպահանջի, իսկ սա մեծ ժամանակահատված է, ու կարող է «Օրհուս» կենտրոնի գործունեության արդյունավետության վրա լուրջ ազդեցություն ունենալ, մենք ունենք մշտական այցելուներ, ովքեր օգտվում են կենտրոնի ծառայություններից, այս ընթացքում գործընթացը խաթարվում է, բացի այդ, մենք պարբերաբար բնապահպանական տեղեկատվություն ենք տարածում էլեկտրոնային ցանցով, որը այս պահին խաթարված է, ծրագրեր ենք իրականացնում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների հետ, նախատեսում ենք բնապահպանության դասընթացներ ուսուցիչների համար եւ նաեւ «Արեւորդի» էկոակումբի գործունեությունն է խաթարվում: Նրանք Գյումրիում չունեն որեւէ տեղ, որպեսզի իրականացնեն իրենց ծրագրերը պատանիների համար, բայց մարզպետարանը, այդ ամենը հաշվի չառնելով, կենտրոնի գործունեությունը պարալիզացրեց»,- դժգոհում է Գ. Պետրոսյանը:
Նա նաեւ փաստում է, որ օրինապաշտություն քարոզող մարզպետարանը խախտել է հուշագրի դրույթները. այնտեղ թեեւ հստակ գրված է, որ Շիրակի մարզպետարանը կենտրոնին պարտավորվում է անհատույց տրամադրել տարածք՝ հոգալով էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ ընթացիկ պահպանման ծախսերը, ավելին, վճարելու է կենտրոնի համադասողի աշխատավարձը, սակայն մատը մատին չի խփել՝ իր պարտականությունները թողնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի վրա: «Էս դեպքում ինքը խախտել է հուշագրի դրույթները, բայց էն հատվածում, որը ձեռնտու է իրեն, օգտվում է դրանցից, եւ կենտրոնի գույքը վերցնում է ի պահ, իսկ այն հատվածը, որ ինքը պիտի կատարեր, ձեռնտու չի՝ չի անում»,- ասում է «Օրհուսի» ղեկավարը: Նկատի ունենալով, որ Գ. Պետրոսյանը Գյումրիի ակտիվիստներից է, Գյումրիի հ/կ-ների կողմից ստեղծված հանրային խորհրդի անդամ է, առանց վախենալու քննադատում է այս կամ այն պաշտոնյային ու հասնում նրան, որ վերջիններիս բնապահպանական խախտումների համար տուգանում են, «Առավոտը» հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ մարզպետը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դրդմամբ է իրենց կառույցը փակել: «Չեմ կարող ասել, թե ինչ ուժեր են ազդել մարզպետի վրա, բայց փաստ է, որ դա մարզպետի նախաձեռնությունն է, նրա հրամանով է»,- ասաց Գ. Պետրոսյանը: Ի դեպ, նրան որպես «Օրհուս» կենտրոնի համադասող ընտրել է Շիրակի մարզպետարանի անդամներից կազմված հանձնաժողովը ու «Օրհուսի» տասը փորձագետներից կազմված խորհուրդը: Չնայած դրան, Գ. Պետրոսյանը չի վախենում, որ իրեն ուրիշով կփոխարինեն, քանի որ, ըստ նրա, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը շատ գոհ է իր աշխատանքից, եւ այս տարի ակտիվության համար իրեն հատուկ վկայագիր է տրամադրվել: «Փառք Աստծո, հուշագրով համադասողի փոփոխությունը կարող է անել փորձագետների խորհուրդը, որը, սակայն, այս պահին շատ դժգոհ է մարզպետի արարքից, նույնիսկ դիմում է պատրաստել՝ ուղղված նրան»,- ասում է Գ. Պետրոսյանը:
Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Շիրակի մարզպետից, սակայն երեկ մարզպետարանի վարչության պետերի հաշվետվության օրն էր, ու մեզ այդպես էլ չհաջողվեց լսել նրա մեկնաբանությունը: Այդուհանդերձ, «Առավոտը» պատրաստ է լսել նաեւ խնդրի առնչությամբ մարզպետարանի պարզաբանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել