Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՁԵՐ ԱՅՑՈՎ ԼՈՒՍԱՎՈՐԵՑԻՔ ԵԳԻՊՏՈՍԸ»

Հունվար 20,2010 00:00

Եգիպտական սովորություն կա, բարձրաստիճան եւ հարգելի հյուրերին դիմավորում են այս խոսքերով: ԵԱՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի ԱԺ նախագահին հենց այսպես էլ ողջունեցին:

\"\"
Վարչապետ Ահմադ Նազիվի հետ հանդիպման ժամանակ: 2010թ. ամռանը Երեւանում տեղի կունենա հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստ:

\"\"
 Ժողովրդական ժողովի նախագահը Հովիկ Աբրահամյանի ձեռքը բաց չթողեց ամբողջ հանդիպման ընթացքում:
Հին եգիպտական պար հայկական պատվիրակության համար:

\"\"
ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Գալուստ Սահակյանը (տիկնոջ հետ) եւ Արայիկ Գրիգորյանը Գիզայի բուրգերի մոտ:

\"\"
Լրագրողները չդիմացան գայթակղությանը եւ որոշեցին լուսանկարվել այն կառքում, որը ժամանակին Եգիպտոսի թագավորին է նվիրել Նապոլեոն 3-րդը եւ որով Եգիպտոսի
նախագահը ժամանակ առ ժամանակ այցելում էր Ժողովրդական ժողով:

\"\"
Ազգությամբ հայ Էդուարդ Միլատը եւ Հայաստանի պարի պետականի նախկին պարուհի Էլեն Մարտիրոսյանը ծանոթացել են Եգիպտոսում եւ ամուսնացել են: Հիմա պատրաստվում են մեկնել Ավստրալիա: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը իր ընկերոջ դստերը հանդիպեց հայկական դեսպանատանը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում երեք օր հյուրընկալվեց ամենաբարձր մակարդակով՝ այս երկրի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի կողմից:
Հայկական պատվիրակությանը Եգիպտոս հասցրած ինքնաթիռը վայրէջք կատարեց Կահիրեի միջազգային օդանավակայանում՝ ճիշտ այն ինքնաթիռի կողքին, որով մեկ ժամ առաջ Կահիրե էր ժամանել Իտալիայի վարչապես Սիլվիո Բեռլուսկոնին:
Եգիպտոսի կառավարման համակարգում կա մի առանձնահատկություն, որն աչքի զարնեց հենց առաջին պահից՝ պաշտոնավարող բոլոր առաջին դեմքերը՝ երկրի նախագահը, Ժողովրդական ժողովի նախագահը եւ վարչապետը, բավականին տարիքով մարդիկ են, ամենից երիտասարդը վարչապետն է՝ մոտ 70 տարեկան: Այս ֆոնին հայկական պատվիրակությունը իր 50- ամյա ղեկավարով բավականին երիտասարդ էր թվում: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այց Եգիպտոսի Հանրապետություն՝ վերջին անգամ եղել է 1997-ին, երբ խորհրդարանի ղեկավարն էր Բաբկեն Արարքցյանը: Դրանից հետո խորհրդարանական կապերն ակտիվությամբ չեն փայլել: Հովիկ Աբրահամյանի այցը նպատակ ուներ թարմացնել եւ ակտիվացնել այդ կապերը: Ընդ որում, բացի խորհրդարանական կապերի վերականգնումից եւ ամրապնդումից, հանդիպումների ժամանակ խոսվում էր նաեւ երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման մասին: Եգիպտական լրատվամիջոցները բավականին ակտիվ լուսաբանում էին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի այցը, նրանց հեռուստաընկերություններից անգամ այցելեցին Հայաստանի դեսպանատուն եւ ռեպորտաժ պատրաստեցին դեսպանատանը տեղի ունեցած հանդիպումից: Իսկ ԵԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ահմադ Ֆաթհի Սուրուրը, ով, տեղացիների վկայութամբ, գրեթե չի մասնակցում նման հանդիպումների, ոչ միայն եկավ հայկական դեսպանատուն, այլեւ, այդտեղ գտնվելու ողջ ընթացքում, բաց չէր թողնում Հովիկ Աբրահամյանի ձեռքը (ասում են՝ սա եւս եգիպտական հին սովորույթ է, ի նշան ջերմ ընդունելության՝ հարգելի հյուրի ձեռքը բաց չեն թողնում): Պարոն Սուրուրը մնաց դեսպանատանը բավականին երկար եւ չնայած առավոտյան դիմավորել եւ ընդունել էր հյուրին, երեկոյան էլ մոտ մեկ ժամ զրուցեց դեսպանատանը: Մեր դեսպանատան աշխատակիցների վկայությամբ, դա բացառիկ փաստ էր: Թերթերից մեկը, որը կոչվում է «Նորություններ», իր հրապարակումը վերնագրել էր՝ «Իսլամը եւ քրիստոնեությունը կարող են հարատեւել միասին»: Հրապարակումը մեջբերել էր ՀՀ ԱԺ նախագահի հետեւյալ խոսքը. «Եգիպտական բարեկամությունը, եգիպտական միջավայրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնեական եւ մահմեդական քաղաքակրթությունների համագործակցության եւ փոխադարձ հարստացման լավագույն օրինակն է: Սա լավագույն պատասխանն է այն մարդկանց, ովքեր կարծում են, որ այդ երկու մեծ քաղաքակրթությունները անհամատեղելի են: Մենք մերժում ենք այդ մոտեցումը: Մերժում ենք ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Հայ-եգիպտական բարեկամությունը օրինակ պետք է ծառայի բոլորի համար: Հայաստանի եւ Եգիպտոսի ընդհանուր պատմությունը բարեկամության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, մշակութային երկխոսության պատմություն է հանուն երկու մեծ քաղաքակրթությունների՝ քրիստոնեական եւ մահմեդական կրոնների վեհ արժեքների»: Որից հետո մանրամասն տեղեկություններ են տրված  պաշտոնական այցի եւ հանդիպումների մասին:
Մեր երկրի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն՝ ի պատիվ ԱԺ նախագահի, որին մասնակցեցին եգիպտահայ համայնքի բոլոր հայտնի ներկայացուցիչները: Նրանք Հովիկ Աբրահամյանին նվիրեցին Մեծ Հայքի պատկերով մի կտավ: Խոսակցության հիմնական թեման հայ-եգիպտական կապերի զարգացումն էր: Խոսվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Եգիպտահայերին ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ հայության անունը բարձր են պահում: «Եվ այն, որ այստեղ ինձ այսպես լավ ընդունեցին, նաեւ ձեր շնորհիվ է»,- ասաց խորհրդարանի ղեկավարը:

Հարցազրույց եգիպտահայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Դովլեթյանի հետ
\"\"– Ո՞րն եք համարում հայ ժողովրդի թիվ մեկ խնդիրն այսօր;
– Այն, որ մարդիկ պոռոտախոս են, պարապ մարդիկ են, այն մարդիկ, որոնք դեմ են խոսում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնմանը: Երբ ամեն բան ավարտվի, ի՞նչ է լինելու իրենց դիրքը:
– Փաստորեն, Դուք կո՞ղմ եք հայ-թուրքական հարաբերություններին:
– Այո, ես կողմ եմ, այնպես, ինչպես պարոն Ազգային ժողովի նախագահը հիմա ասաց, եւ երկրի նախագահն էլ էր ասել՝ մշտական թշնամիներ չկան, մշտական բարեկամներ չկան: Իմ ծնողները Կեսարիայից են եկել, ես Եգիպտոսում եմ ծնվել: Հայրս ջարդ չի տեսել, իր թուրք ծանոթները իրեն նախապես ասել են, որ ընտանիքդ պետք է առնես եւ գնաս, որովհետեւ այսպիսի հարցեր կան: Իհարկե, անկարելի է, որ որեւէ մեկը մոռանա, պետք է թուրքերին հասկացնել, որ ցեղասպանություն են արել, կարծում եմ, այս քայլերը, որ մեր պետությունը արեց, անպայման պետք է արվեին:
– Ինչո՞ւ Սփյուռքը վատ ընդունեց այդ նախաձեռնությունը:
– Սփյուռքը չէ, որ վատ ընդունեց, առանձին մարդիկ էին, որ համաձայն չէին, Սփյուռքը համաձայն է: Ես ընդհանրապես կողմ եմ բոլոր իշխանություններին, ով էլ լինի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ես կողմ եմ, եթե Սերժ Սարգսյանն է, ես կողմ եմ:
– Այսինքն, եթե իշխանություն է, ուրեմն ճի՞շտ է:
– Չէ, անսխալական մարդ չկա, բայց իշխանությունը մատը միշտ եւ տաքի մեջ է, եւ սառի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել