Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պղտոր ջրում ձուկ մի որսացեք

Հունվար 20,2010 00:00

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջում տեղադրված է մի հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման մեջ կան արձանագրությունների տառին եւ ոգուն հակասող նախապայմաններ եւ սահմանափակիչ դրույթներ: Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ Հայաստանի ՍԴ-ի «որոշումը վնասում է արձանագրությունների հիմնական նպատակին։ Այդ մոտեցումը մեր կողմից անընդունելի է։ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ միջազգային ասպարեզում իր ստանձնած պարտավորություններին, այդ թվում` արձանագրությունների հիմնական դրույթներին։ Նույն հավատարմությունն ակնկալում ենք նաեւ Հայաստանի կառավարությունից»:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ, հակադարձելով Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությանը, մեր թերթին ասաց. «Թուրքիայի արտգործնախարարության այս արձագանքը հաստատում է մեր այն կարծիքը եւ համոզմունքը, որ Թուրքիան ցանկանում է արհեստականորեն ձգձգել արձանագրությունների վավերացումը եւ սկսել է կախվել փրփուրներից»: Պարոն Շարմազանովը վստահեցրեց, որ թուրքական կողմն իր այս քայլով փորձում է պատճառներ հորինել միջազգային հանրության առաջ արդարացնելու համար իր կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը:
ՀՀԿ մամուլի խոսնակը վստահեցրեց, որ «Սահմանադրական դատարանը իրավական ձեւակերպումներ է տվել հոկտեմբերի 10-ին հնչեցրած նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ շատ հստակ ասվում է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան: Էդուարդ Շարմազանովը թուրքերին խորհուրդ տվեց «պղտոր ջրում ձուկ չորսալ, իրենց ծիծաղելի վիճակի մեջ չդնել եւ լինել կառուցողական»: Ըստ պատգամավորի, թուրքերի ցայտնոտային վիճակը բացատրվում է նրանով, որ միջազգային հանրությունը անուղղակի աստիճանական ճնշումների է ենթարկում Թուրքիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել