Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանին դատապարտեցին ազատազրկման

Հունվար 20,2010 00:00

Դրանով ՀՀ իշխանությունը արհամարհեց ԵԽԽՎ բանաձեւի եւս մեկ դրույթ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 7 տարվա ազատազրկման դատապարտեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին: Որ դա քաղաքական պատվերի արդյունք է՝ ոչ ոք Հայաստանում չի կասկածում, որ դա Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իշխանությունների ընդգծված բացասական վերաբերմունքի դրսեւորում է, որն, ի դեպ, իշխանությունները հասցրին ցուցադրել նաեւ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, եւս փաստ է: Այն, որ Փաշինյանի նկատմամբ չէր կայացվելու այնպիսի մի դատավճիռ, որով նա հնարավորություն ունենար անգամ համաներմամբ ազատ արձակվելու, կամ առավել եւս՝ նրա նկատմամբ արդարացման դատավճիռ չէր կայացվելու՝ նույնպես անսպասելի չէր: Բայց հայաստանյան դատական պրակտիկայում, թերեւս, աննախադեպ էր այն, որ դատարանը քաղաքացուն դատապարտեց ավելի մեծ ժամկետի ազատազրկման, քան պահանջել էր անգամ մեղադրող կողմը: Հիշեցնենք, որ դատարանում դատախազ Փիլոյանը պահանջել էր Փաշինյանին դատապարտել ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը, 6 տարվա ազատազրկման: Տվյալ դեպքում դատավորը Փաշինյանին այդ հոդվածով դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Փոխարենը դատարանը Փաշինյանին արդարացրել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքի մասով:
Գրեթե կասկած չկա, որ առաջիկայում դատարանի այս որոշումը քննադատության թիրախ է դառնալու միջազգային լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների, նաեւ ԵԱՀԿ ու հատկապես ԵԽ համապատասխան կառույցների համար: Իսկ առայժմ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռը դատապարտել են միայն ընդդիմության ներկայացուցիչները, «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» եւ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը:
Հայ ազգային կոնգրեսն այս առնչությամբ երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, թե՝ Փաշինյանի դատավճիռը «մարտիմեկյան» սպանդից ի վեր վարչախմբի որդեգրած սանձարձակ ու հանցավոր քաղաքականության, օրենքի ու արդարադատության, սեփական ժողովրդի նկատմամբ արհամարհանքի ու ցինիզմի դրսեւորման գագաթնակետ էր. «Երկարատեւ դատավարական պրոցեսում դատարանը այդպես էլ չկարողացավ գտնել որեւէ վկայություն, որեւէ ապացույց՝ հիմնավորելու համար քաղբանտարկյալի նկատմամբ հարուցված մեղադրանքներից եւ որեւէ մեկը։ Եվ ընդհակառակը՝ դատարանում ներկայացվեցին բազմաթիվ նյութեր, փաստեր ու վկայություններ, որոնք հիմնովին հերքում էին հարուցված մեղադրանքները։ Դատավարության ընթացքում կատարվածի հետ ինչպես որ ոչ մի կապ չուներ պետական մեղադրողի պահանջած պատժաչափը, այնպես էլ դրա հետ ոչ մի աղերս չուներ դատավորի արձակած դատավճիռը։ Դրանք երկուսն էլ նախապես գրված սցենարի մի վերջաբան էին, որ պարտադիր կատարման ենթակա հրահանգի ձեւով իջել էին կամակատար դատախազին ու դատավորին»։ Կոնգրեսի համոզմամբ, «կայացված ապօրինի դատավճիռը վարչախմբի կողմից հերթական հուսահատ փորձն է՝ ազատվելու համար «Մարտի 1»-ի սպանդի, հազարավոր քաղաքական հետապնդումների, հանցավոր ընտրակեղծիքների պատասխանատվությունից։ Այն ապացուցեց, որ վարչախումբը մտադիր չէ որեւէ ետքայլ անել բռնապետության, ապօրինության ու ահաբեկչության խորացման իր ընտրած ուղուց»։ ՀԱԿ-ն այդ դատավճիռը դիտում է որպես հոգեվարք ապրող իշխանության ջղաձգումներ, հայտարարելով, որ «Համաժողովրդական շարժումը գտնելու է Հայաստանը խուժանապետությունից ազատելու, սահմանադրական կարգը վերականգնելու, բոլոր, այդ թվում նաեւ՝ այս գործով բուն մեղավորներին, նրանց հանցակիցներին ու կամակատարներին պատասխանատվության ենթարկելու միջոցը»։
Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռը երեկ դատապարտել է նաեւ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել