Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ-Ն ԴԱՐՁՅԱ՞Լ «ԿՈՒՐԱՆԱ» ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 20,2010 00:00

\"\"«Վարչական դատարանը, պարոն Մուկուչյանի գլխավորությամբ, իր որոշմամբ շռնդալից ապտակ տվեց իշխանություններին». սա թիվ 10 ընտրատարածքում մանդատի հավակնորդ, մարքսիստ Դավիթ Հակոբյանի քաղաքական գնահատականն է ՀՀ վարչական դատարանի նախորդ օրը կայացրած
որոշման, որով դատարանը ճանաչել էր թիվ 10 ԸԸՀ-ի անգործությունը:

Ըստ այդմ, Դավիթ Հակոբյանը նկատում է. «Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մեղադրվում է անգործության մեջ, որն արդեն քրեորեն պատժելի արարք է, ըստ էության, այդ տեղամասում ընտրություններն անվավեր են դառնում»: Այն, որ ԸԸՀ նախագահ Սիլվա Մարկոսյանը օրենքով սահմանված ժամկետից 36 ժամ շուտ հայտարարել է հաղթողին՝ առանց հակառակորդ կողմի մեղադրանքներն ու փաստարկներն ընդունելու ու քննարկելու, պարոն Հակոբյանը մեկնաբանում է՝ ցիտելով Շեքսպիրի հերոսին՝ Համլետին. «Հեկուբը նրա ի՞նչն է կամ նա Հեկուբի»: Դա նշանակում է անուղղակի հանցակազմ՝ կաշառք վերցնելու աղաղակող փաստի մասին: ԿԸՀ-ն իր նիստում փոխանակ անվավեր ճանաչեր ԸԸՀ-ի որոշումը, որը հակասում է ԸՕ-ի տառին, նույնիսկ երկու «դեմ» ձայնով վերահաստատեց իշխանական թեկնածուին: Այսինքն՝ ԿԸՀ նախագահը նույնպես թաթախված է կաշառակերության մեջ: Վարչական դատարանի որոշումը ԿԸՀ-ին էլ է առնչվում, եւ անգործության մեջ մեղադրվում է նաեւ ԿԸՀ-ն»: Այս ամենի տրամաբանական եւ իրավաբանական հանգուցալուծումը մարքսիստը համարում է այն, որ ՍԴ-ն 10-րդ ընտրատարածքում իբր կայացած ընտրությունները պետք է անպայման անվավեր ճանաչի, չնայած ՍԴ-ի վերաբերյալ նրա կարծիքն այսպիսին է. «Իր գոյության 15 տարիների ընթացքում ՍԴ-ն միշտ պաշտպանել է պետական հանցագործներին, միշտ եղել է իշխանագողության գլխավոր պարտակիչը, ինչի արդյունքում էլ ՍԴ նախագահը ժողովրդի կողմից վաստակեց «ուրացող Գագո» եւ «աղվես Գագո» «կլիչկաները»: Առաջինը ստացավ նրա համար, որ հոռացավ եւ ուրացավ իր կոմունիստական վարդապետությունը, երբ սոցիալիստական հանրապետության կոմունիստական պարագլուխներից մեկն էր, ու դարձավ ՀՀՇ-ական: Երկրորդը ստացավ, երբ Տեր-Պետրոսյանի տեղակալը դարձավ: Այսօր արդեն նա հոռացել եւ քանիցս ուրացել է ՀՀ երրորդ հանրապետության Սահմանադրությունը»: Իբրեւ ասվածի ապացույց՝ մարքսիստը օրինակ է բերում Սահմանադրության 65-րդ հոդվածը, որը գործարարներին եւ ձեռնարկատերերին արգելում է պառլամենտական գործունեությունը: Սահմանադրության խախտում եւ ԸՕ-ի հանցագործություն է որակում նաեւ այն, որ քաղաքացիների միջեւ սոցիալական ու քաղաքական խտրականություն է դրվում, մասնավորաբար, Սահմանադրությամբ սահմանված համընդհանուր ընտրական իրավունքը ԸՕ-ում վերաձեւակերպված է բացարձակ ընտրական իրավունքի:
Մեր զրուցակիցը նկատում է, որ այս պարագայում գոնե ընտրական ծախսերը պետք է պետությունը հոգար, ոչ թե՝ «300 դոլար ընտրագրավը գաղտագողի սարքեին 3000 դոլար: Եթե ընտրական ցենզ ենք մտցնում համաշխարհային դեմոկրատիայի օրենքներով, այն պետք է դիֆերենցված լինի՝ յուրաքանչյուրն ընտրագրավը պետք է վճարի ըստ իր եկամուտների տոկոսների: Այլապես, այսպիսով, նրանք քաղաքականության մեջ երթեւեկում են սոցիալապես անապահով խավի երթեւեկության տոմսով, իսկ ՍԴ-ն տեր չի կանգնում: ՍԴ-ն երբեք չի բարձրացնում այն հարցը, որ ընտրական հանձնաժողովները կազմավորվում են վերեւից՝ պառլամենտում ներկայացված կուսակցություններից: Չէ՞ որ ընտրություններից առաջ պառլամենտական եւ արտապառլամենտական հասկացողությունները վերանում են: ՍԴ-ն երբեք չի անդրադարձել նաեւ մարդու չընտրելու իրավունքին, որը հասարակությանը տանում է դեգրադացիայի եւ այսօր հասցրել է քաղաքական ու բարոյական անկման: Քաղաքացին իր պասիվությամբ նպաստում է պետական մեքենայի թերի եւ անորակ ձեւավորմանը: Պինոչետի Չիլիում չընտրելու համար կամ տուգանում են, կամ կալանում»:
Հայաստանյան հասարակությանը մարքսիստը երեք մասի է բաժանում: Գիտակից խավ, որը մշտապես կատարում է իր պարտքը. «Իմ 300 ընտրողները հենց այդ խավն են, «սպարտացիներ», քանի որ գաղափարական ինքնագնա հրետանի են իրենցից ներկայացնում»: Երկրորդ եւ երրորդ խավերը՝ հղում անելով հանրությունից լսած որակումներին, մարքսիստն անվանում է «պասիվ եւ ակտիվ քաղաքական պուտանկաներ»: Ըստ նրա՝ «պասիվները սպասում են կամ պրոտեկցիայի, կամ կոռուպցիայի. մինչեւ պատվերը չի լինում, ընտրության չեն գնում: Իսկ ակտիվները մշտապես վերցնում են իրենց 5000 դրամը եւ նստում քաղաքական պուտանկաների կառետները ու գնում ընտրության»: Վերլուծելով 10-րդ ընտրատարածքի ընտրությունները՝ մեր զրուցակիցը հայտարարում է, որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կամակատարները՝ «սեւ հարյուրյակայինները», իր ընտրազանգվածի վրա ճնշումներ են գործադրել. «Եթե մեր «կառետը» չես նստում, որ գնաս մեր տղային ընտրես՝ տունը մնա, թե չէ՝ մեկ շաբաթ գազից ու էլեկտրաէներգիայից կզրկվես, կանջատենք «տեխնիկական պատճառներով», կամ էլ՝ կծեծվես»: Նման դեպքերի մասին Հակոբյանին պատմել են համատիրությունների որոշ ղեկավարներ: «Ավագանու ընտրություններից հետո դեռ իր հետեւից քաղաքական աղբը չմաքրած՝ քաղաքապետը մխրճվեց նոր պետական հանցագործության մեջ՝ ընտրազանգվածին մասսայաբար ահաբեկելու եւ կաշառելու ճանապարհով իշխանության մանդատ գողացավ մի հումանոիդի համար, որի բանականությունն արվամոլական տերմինաբանությունից այն կողմ չի անցնում: Մենք այսօր գործ ունենք հայ հասարակության քաղաքական եւ բարոյական ծայրահեղ անկման հետ: Կլիմանսոն կճչար. «արմյանսկիյ նարոդ վելիկիյ նարոդ, նո, կ սաժալենիյու, իսչերպալ սվոյ լիմիտ նա իզբերատելնոյե պրավո: Բոլշե էտոմու նարոդու դավերիտ նելզյա»: Իսկ իմ ընտրական կամպանիայի ընթացքում ես ռեալ օժանդակել եմ Նիկոլին, ոչ թե աղաղակող հայտարարություններ եմ արել, քաղբանտարկյալի դեմ ագիտացիա չեմ արել, ձեռք եմ մեկնել եւ ոչ թե ձեռք եմ բարձրացրել»:
«Առավոտի» դիտարկմանն էլ, թե ինչո՞ւ հանկարծ վարչական դատարանի մոտ օրենքի տառին վերադառնալու պոռթկում առաջացավ, մարքսիստը պատասխանեց. «Երբ հնչեց ԱՄՆ-ի հորդորն իշխանություններին՝ անվավեր ճանաչել 10-րդ ընտրատարածքի ընտրությունները»: Թե ինչո՞ւ այդ ընտրություններն ԱՄՆ-ի համար այդքան առանցքային դարձան, երբ մինչ այդ աչք էր փակվել 2008-ի նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան իրադարձությունների վրա՝ Հակոբյանը կարծում է. «ԱՄՆ-ը տեսավ, որ սա բարոյական հարված էր ընդդիմությանը: Այսպիսով ընդդիմությունը վերջնականապես մեռնում էր, ու ձեռք մեկնեց՝ դեմոկրատիան փրկելու: Եթե վարչական դատարանն ընդառաջ չգնար՝ ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցում այդ ամենն իր արտացոլումը կգտներ, եւ համապատասխան սանկցիաներ կկիրառվեին Հայաստանի դեմ, այդ թվում նաեւ՝ հումանիտար օգնությունների կրճատում: Իմ սիրելի Հիլարի Քլինթոնն անձամբ է ձեռնամուխ եղել այս հարցին, եթե ՍԴ-ն ընդառաջ չգնա վարչական դատարանի որոշմանը՝ ուրեմն որոշել են ԱՄՆ-ի դեմ դուրս գալ»:
Իսկ Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման դատապարտելու փաստին մարքսիստն անդրադառնում է՝ մեջբերելով Դոստոեւսկուն. «Օտ չելովեչեսկոյ մեստի գդե-տո մոժնո ույտի, օտ բոժեյ կառի՝ նիկագդա: Մատուշկա իստորիյա՝ սուռովայա, նո՝ սպռավեդլիվայա»: Արքան պետք է մեծահոգի լիներ, մերկանտիլիզմը նախագահին չի սազում: Նիկոլը պետական հեղաշրջման փորձ չի կատարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել