Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ԵՆՔ՝ ԶԼՄ-ՆԵՐԻ ԱՌՈՒՄՈՎ

Հունվար 20,2010 00:00

\"\"ԵԽԽՎ-ն առաջարկելու է Հայաստանին ապահովել ԶԼՄ-ների մատչելիությունը թեկնածուների համար ընտրությունների ընթացքում եւ միջոցներ ձեռնարկել՝ կատարելու վճիռը «Ա1+»-ի վերաբերյալ:

Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին քննարկելու է Մեծ Բրիտանիայի պատվիրակ Էնդրյու Մաքինթոշի զեկույցը՝ «Հարգանք՝ ԶԼՄ-ների ազատության հանդեպ» վերնագրով, որում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի առաջարկով (նա եւ Մաքինթոշը ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամներ են) տեղ են գտել նաեւ հայաստանյան լրատվամիջոցներին առնչվող դրույթներ:
Զեկուցողի առաջարկած երաշխավորությունների նախագծում խորը անհանգստություն է արտահայտված, որ ընդհանուր առմամբ՝ ԵԽ անդամ երկրներում ավելացել են լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ հարձակումները, ինչպես նաեւ մամուլի ազատության այլ լուրջ խախտումները: 2007 թվականից նվազագույնը 20 լրագրող է սպանվել Եվրոպայում, ներառյալ 13-ը՝ Ռուսաստանում: «Այս մտահոգիչ փաստերը վճռական վերահաստատում են պահանջում, որ մամուլի ազատությունը անհրաժեշտ պահանջ է ժողովրդավարության եւ, ըստ այդմ՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցության համար»,- նշված է նախագծում:
Վերջինիս 7-րդ կետի համաձայն՝ ԵԽԽՎ-ն պիտի ողջունի այն փոփոխությունները, որոնք արվել են Թուրքիայի «Քրեական օրենսգրքի» 301 հոդվածում, սակայն նաեւ նշվում է, թե այն դեռ շարունակում է հակասել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին. «Ափսոսանք ենք արտահայտում, որ Թուրքիան չվերացրեց 301 հոդվածը եւ չավարտեց 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության հետաքննությունը՝ մասնավորապես ոստիկանության եւ անվտանգության մարմինների հնարավոր թերացումների մասով»:
Նախագծի 10-րդ կետում նշվում է. «Վեհաժողովը վերահաստատում է, որ թվային հեռարձակման անցնելը չպետք է օգտագործվի իբրեւ պատրվակ՝ քաղաքական դրդապատճառներով խտրականություն կիրառելու համար առանձին հեռարձակողների նկատմամբ»: 11.7 կետով Վեհաժողովն առաջարկում է ԵԽ նախարարների կոմիտեին. «Դիմեք Հայաստանի կառավարությանը խնդրանքով՝ վերանայել հեռարձակման արտոնագրերի բաշխմանն առնչվող օրենսդրությունն այնպես, որ միջոցներ լինեն կատարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008-ի հունիսի 17-ի վճիռը՝ «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով»:
Երաշխավորության նախագծում եւս մի անդրադարձ կա մեր երկրին. Հայաստանը նշվում է այն պետությունների շարքում՝ Ադրբեջան, Իտալիա, Մոլդովա, ՌԴ, Ուկրաինա եւ Բելառուս, որոնց կառավարություններին ԵԽ նախարարների կոմիտեն պիտի դիմի խնդրանքով՝ «ապահովել ԶԼՄ-ների արդարացի եւ հավասարաչափ մատչելիությունը քաղաքական բոլոր կուսակցությունների եւ թեկնածուների համար ընտրություններից առաջ»:
Զեկուցողի բացատրական հուշագրում Հայաստանը հիշատակվում է այն երկրների շարքում, որտեղ լրագրողների նկատմամբ բռնություններ են իրականացվում եւ թույլ տրվում խոսքի ազատության լուրջ ոտնահարումներ: Էնդրյու Մաքինթոշը մասնավորապես հիշատակում է. «Լրագրողների հանդեպ ոտնձգությունները եւ մամուլի նկատմամբ ուղղակի վերահսկողությունն ուժգնացան 2008-ի փետրվարին նախագահական ընտրությունների ժամանակ»: Եվ մեջբերված են բռնարարքների բոլոր դեպքերը՝ Գագիկ Շամշյանի, Լուսինե Բարսեղյանի եւ այլ լրագրողների հանդեպ, նաեւ այն, որ 21-օրյա արտակարգ դրության պայմաններում արգելված էր նորությունների անկախ հաղորդումը: Հիշատակված են նաեւ 2008-ին Հրաչ Մելքումյանի, Էդիկ Բաղդասարյանի եւ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ հարձակումները:
Հայաստանը՝ Ադրբեջանի եւ Բելառուսի հետ միասին, զեկուցողի բացատրական հուշագրում հիշատակվում է այն երկրների շարքում, որտեղ «պետական խիստ վերահսկողություն է պահպանվում ազգային հեռուստատեսային համակարգի կառավարման եւ աշխատանքի նկատմամբ»: Նաեւ նշվում է, թե դրանցից յուրաքանչյուրը ճնշման ներքո է, որ քայլ առ քայլ թուլացնի այդ վերահսկողությունը. «Հայաստանը խիստ ճնշման ներքո է, որ թույլատրի հանրաճանաչ «Ա1+» անկախ հեռուստաընկերության հեռարձակումը, որը զրկվել է արտոնագրից 2002-ին, եւ պետք է տրամադրվի նորը՝ ՄԻԵԴ վճռի համաձայն»:
Երաշխավորության նախագծում առաջարկվում է, որ ԵԽԽՎ-ն առնվազն 3 ամիսը մեկ հրապարակի զեկույց, որում անդրադարձ կլինի այդ ժամանակահատվածում ԵԽ անդամ պետություններում ԶԼՄ-ների ազատությանն առնչվող կարեւոր իրադարձություններին. հակազդեցության միջոցներ կառաջարկվեն եւ վերլուծություն կարվի, թե կառավարություններն ու խորհրդարաններն ինչպես են իրականացրել այդ առաջարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել