Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԿՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՍՏՈՎ ԱՊՐԵԼ»

Հունվար 19,2010 00:00

«Ես սիրում եմ ազատությունը եւ չեմ հանդուրժում, երբ այն
կաշկանդվում է»,- մեզ հետ զրույցում ինքն իրեն բնութագրելով՝ ասաց «ազատատենչ» ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

\"\"
ԱԺ-ում լարված աշխատանքից հետո հանգստանալը չի խանգարում:

\"\"
Սոս Սարգսյանի հետ հոգեւոր դաշնակիցներ են:

\"\"
Լիլիթ Գալստյանը ՀՀ երկրորդ նախագահի ընտանիքի եւ Պաուլո Կոելյոյի հետ:

Ամենալավ բաները դեռ առջեւում են…
Կյանքը սեր է կամ սերն է կյանք: Համենայնդեպս, ես կյանքն առանց սիրո չեմ պատկերացնում: Ընդհանրապես դժվար սիրող եմ, բայց դա չի նշանակում, որ սիրելու եւ սիրվելու գինը չգիտեմ: Ինձ համար շատ կարեւոր է ներդաշնակությունը ամեն ինչում. դժվար է կյանքդ ներդաշնակ, գեղեցիկ ապրել, եթե չկա սեր: Սիրո բացակայությունը աղքատություն է, ես կարեկցում եմ այն մարդկանց, որոնց կյանքում սեր չկա, կամ սպառել են, կամ պարզապես իրենց բախտը չի բերել հանդիպել իրենց սիրուն. կարեկցում եմ նաեւ նրանց, ովքեր սիրել չգիտեն: Սիրելը տաղանդ է, գեղեցիկ ապրելը՝ նույնպես: Պետք է սիրելու տաղանդ ունենալ: Բայց եթե այդ աստվածատուր տաղանդը չունես, դա դեռ չի նշանակում, որ չպիտի չձգտես դրան: Կարծում եմ, երջանիկ են նրանք, ովքեր ունեն սիրելու տաղանդ, եւ որոնց հանդիպել են նրանք, ովքեր այդ տաղանդը հասկացել, գնահատել են… Սիրելու չափանիշն ինձ համար զոհաբերությունն է: Կդժվարանամ ասել, թե իմ կյանքում շատ սերեր եմ ունեցել, բայց հաստատ սիրել եմ, ինձ սիրել են եւ շարունակում եմ սիրել… Ես սիրեցի ու բավական երկար` տասը եւ ավելի տարիներ: Իհարկե, մենք չամուսնացանք: Ես հաճույքով եմ հիշում ու դրա համար երբեք չեմ փոշմանել, որովհետեւ այդ սերն իմ կյանքը հարստացրել է՝ հասունացրել ինձ: Չնայած սերս, ինչպես որ ֆիլմերում է, happy end չի ունեցել, սակայն փոխարենը ես լավ ընկեր եմ ձեռք բերել, ինչ-որ իմաստով նաեւ փորձառություն, բայց ոչ երբեք կյանքի դառնություն: Կյանքում ինձ մի փիլիսոփայություն է ուղեկցում, որ ամենալավ բաները դեռ առջեւում են: Իմ սերն ուղեկցվել է շատ զարմանալի, գեղեցիկ, դրամատիկական, գունեղ պատմություններով, դրվագներով, որոնք երբեք իմ հիշողությունից չեն ջնջվի, եւ երբ հիշում եմ այդ տասը տարիները, հիշում եմ Փարիզից զանգը… եւ լսափողի միջից հնչող այն մեղեդին, որը մեր հանդիպումների երաժշտությունն էր… Ես երբեք չեմ մոռանա մեր շքամուտքում պարբերաբար դրվող վարդերի փունջը, որը ամբողջ մեր շենքի մարդկանց ուշադրությունն էր գրավել, որոնք փորձում էին որսալ, թե դա ով է բերում… Հիմա էլ եմ սիրում…

Ես չեմ կարող հենց այնպես ապրել…
Երազանքները, ցանկություններն ու նպատակները տարբեր կերպ են մեկնաբանվում, բայց առանց դրանցից որեւէ մեկի՝ ապրելը բանական եւ մարդկային չէ: Ես բնավորությամբ մի քիչ ագահ եմ ու մաքսիմալիստ, այդ պատճառով միշտ խնդիրներ եմ ունենում: Չեմ կարող հենց այնպես ապրել: Երբեմն հումորով ասում եմ, թե գիտեմ՝ այս տարվա այսինչ օրն ինչ պիտի անեմ: Եվ դրանք ոչ թե պարզ մեխանիկական օրացուցային ծրագրեր են, այլ կյանքդ ճիշտ ձեւակերպելու միջոց: Ամեն անգամ, երբ երազանք, նպատակ, խնդիր ունեմ ու փորձում կամ ձգտում եմ, որ դրանք իրականանան, այլեւս գոհանում եմ, եւ հերթական դատարկության զգացողություն եմ ունենում …Ես չեմ բավարարվում: Կյանքը շատ արագ է անցնում, պետք է այնպես ապրել, որ թողած հետագծի համար չամաչել: Առանց երազանքի ապրելը նշանակում է սեւ ու սպիտակ գույներով ապրել: Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է ապրել առանց երազելու, մեղք են այն մարդիկ, ովքեր երազանք չունեն: Երազանքը տարիք եւ աշխարհագրություն չի ճանաչում: Ես հաճախ եմ եկեղեցի գնում: Եվ սկզբում աղոթում եմ աշխարհի բոլոր հիվանդների, աղքատների, սովածների, հայրենիքիս խաղաղության համար, հետո ծնողներիս ու հարազատներիս. ես միշտ իմ օրակարգի վերջում եմ: Երբ մտածում եմ, որ այս ամենը կատարելի են, այլեւս հանգիստ եմ եւ երջանիկ, որովհետեւ դա ինձ համար երազանքի պես մի բան է:

Սիրում եմ տղամարդու հայ տեսակը …
Ես շուտ գայթակղվող չեմ, ինձ դժվար է գայթակղելը: Ես շատ պահանջկոտ եմ, մաքսիմալիստ ու չափազանց գնահատում եմ խելքը: Մարդու մեջ պետք է ամեն ինչ ամբողջական լինի: Սիրում եմ տղամարդու հայ տեսակը, լավ տեսակը, ավաղ, այժմ քչացել է այդ լավ տեսակը: Ինձ դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք ազնիվ են: Ինձ գայթակղելու համար պետք չէ օժտված լինել մեր օրերում զզվանքի հասնող նյութապաշտությամբ, քծնանքով: Մի խոսքով, ովքեր որոշել են կամ փորձելու են ինձ գայթակղել, թող լավ մտածեն, այլապես կհիասթափվեն: Ես ծայրահեղությունների մեջ եմ, կարող եմ չափազանց ռոմանտիկ լինել, երբեմն էլ տաղտկալիորեն պրագմատիկ: Ամեն դեպքում փորձում եմ ծայրահեղությունների մեջ չհայտնվել: Բայց մի բան հստակ է, միշտ բանականությունս զգացմունքիցս մեկ քայլ առաջ է գալիս: Շատ զգացմունքային եմ, հնարավոր է՝ մի լավ բանաստեղծություն կարդալիս էլ աչքերս լցվեն:

Քաղաքականության մեջ բարոյականություն կա՛
Ինձ համար բավական կարեւոր հատկանիշ է արդարությունը: Ցավոք, երբեմն տուժում ես դրա համար, որովհետեւ այսօր արդարությունն ամենաոտնահարված արժեքն է: Ես ատում եմ անազնիվ բաները: Նաեւ նյարդայնանում, երբ ասում են, որ քաղաքականության մեջ բարոյականությունը բացառելի է: Դա այդպես չէ, դա անբարոյականներն են հորինել: Ամենաէֆեկտիվ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է:

Չեմ սիրում, երբ խաբում են
Մեր օրերի կյանքը կոպտացնում է մարդուն եւ այն միջավայրը, որտեղ հիմա ես եմ: Հաճախ ինքս ինձ վրա զարմանում եմ, երբ բախվում եմ «անարդարի» կամ «մեղքս առնելու» երեւույթի. ամեն անգամ սիրտս կարծես ճանկռվի, այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես մեկը հոգուս մեջ կոշտ եղունգով խազ է արել: Ես շատ բաց ու անկեղծ մարդ եմ: Տանել չեմ կարողանում, երբ փորձում են իմ անկեղծության մեջ թաքնված ճշմարտություն, այլ մեկնաբանություններ տեսնել: Ճշմարտությունից ճիշտ կյանքում ոչինչ չկա: Չեմ սիրում, երբ ինձ խաբում են, ես դա շուտ եմ զգում եւ ծանր եմ տանում հիասթափությունը:

Ոչ միայն մշակութային, այլեւ սպորտային
Խնջույքներ, պարեր, երաժշտություն շատ եմ սիրում: Սասունցիների միջավայրում եմ մեծացել, մեր բոլոր հարսանիքները ուղեկցվում էին ավանդական քոչարիով, եւ ես հաճույքով պարում եմ: Երբեմն հաճախում եմ կարաոկե: Փոքր ժամանակ, երբ երաժշտական դպրոցում էի սովորում, երազում էի օպերային երգչուհի դառնալ: Դիսկոտեկ էլ եմ գնում, եւ հաճախ եղբորս տղաները, որոնք 16- 17 տարեկան են, ասում են՝ հորաքույր, մի գնա, ամոթ է, քեզ կճանաչեն … Ես շատ սպորտային եմ, սիրում եմ թենիս խաղալ, լողալ, չմուշկ քշել…

Կյանքում զղջում եմ…
Գուցե չասված բառերի համար եմ զղջում կամ չիրականացրած համբույրերիս… երեւի պարկեշտ չի ասել, բայց ես մեծ սխալներ չեմ արել, որոնց համար այժմ զղջամ: Բայց սխալներն անխուսափելի են եւ մարդկային: Զղջալու պահեր ունենում եմ ու չեմ բացառում, որ սխալներ եւս ունեցել եմ: Կյանքը պետք է արվեստով ապրել, սիրել կյանքը եւ ըմբոշխնել…

Խելոք տղամարդիկ չեն վախենում
Թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց դատում եմ ըստ այն հանգամանքի, թե ում հետ են ամուսնացել կամ ով է իրենց կողքինը, որովհետեւ այդտեղ վերաբերմունք կա, արժեքային համակարգ: Իսկ այն, որ ասում են, պարտադիր չէ կինը ուժեղ լինի, բավական է, որ վերջինի կողքին ուժեղ տղամարդ է՝ համաձայն չեմ: Բայց մի բանում վստահ եմ` ուժեղ տղամարդը կարող է բարձրացնել իր կողքի կնոջը եւ հակառակը: Երջանիկ են այն զույգերը, որոնք կարողանում են կյանքում ներդաշնակություն ապահովել: Խելոք տղամարդիկ խելոք կանանցից չեն վախենում, հակառակը՝ հասկանում են, որ խելոք կինը զարդարում է իրենց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել