Վեյկ-ան-Զեեում մեկնարկած «Corus 2010» շախմատի ավանդական գերմրցաշարի «B» խմբում (14 մասնակից) Ամերիկայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի է խաղացել Սլովակիան ներկայացնող Աննա Մուզիչուկի հետ, այնուհետեւ պարտվել է գերմանացի Արկադի Նայդիչին եւ երկու տուրից հետո կես միավորով ընթանում է 12-րդ հորիզոնականում: Երեկ Վարուժանը սեւերով խաղում էր ֆիլիպինցի Վեսկեյ Սոյի հետ:
Իսկ ուժեղագույնների մրցաշարում երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա): Նրանից կես միավոր պակաս են վաստակել Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի ներկայիս սան Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):