Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՌԻՆԳՈՒՄ

Հունվար 19,2010 00:00

\"\"

Մարտինեսի ախորժակը մեծ է
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայաստանցի Վախթանգ Դարչինյանի եւ ամերիկացի Ռաուլ Մարտինեսի միջեւ մարտ ամսին նախատեսված մենամարտը չի կայանա: Բանակցությունները դադարեցվել են մրցակից կողմի առաջ քաշած ֆինանսական պահանջների պատճառով: Բանն այն է, որ Մարտինեսի թիմն այդ մենամարտի համար պահանջել է $100 հազար, իսկ Վախթանգի պրոումոթեր Գերի Շոուն պատրաստ է եղել ներդնել $70 հազար:

Վանես Մարտիրոսյանի 27-րդ անընդմեջ հաղթանակը
Շաբաթ օրը Լաս Վեգասում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր իրադարձությունը 1-ին միջին քաշային կարգում WBO/NABO/ NABF վարկածներով գոտիների տիրակալ, ԱՄՆ-ը ներկայացնող Վանես Մարտիրոսյանի (նկարում) եւ աշխարհի նախկին չեմպիոն, ուգանդացի Կասիմ Օումայի միջեւ 10 ռաունդանոց մենամարտն էր: Վանես Մարտիրոսյանն ծնվել է Աբովյան քաղաքում, իսկ հիմա բնակվում է Գլենդելում: Մարտից առաջ բուքմեյքերները նախապատվությունը տվել էին հայ մարզիկին: Վանեսի հաղթանակի համար սահմանվել էր 1,08 գործակից, մինչդեռ՝ Օումայի հաղթանակը գնահատվել էր 7,0 գործակցով: Այդուհանդերձ, Օուման կարողացավ բավականին լուրջ խնդիրներ առաջադրել իր երիտասարդ ու հեռանկարային մրցակցին: Երբ Մարտիրոսյանը մարտը վարում էր հեռու տարածության վրա, նախապատվությունը նրա կողմն էր լինում, իսկ ուգանդացին հենց մտնում էր մերձամարտ կամ պայքարում միջին տարածությունում, պատկերը փոխվում էր: Ամբողջ մարտն անցավ փոխնիփոխ հաջողությամբ: Սակայն վերջին ռաունդից առաջ Վանեսն աննշան առավելություն ուներ: Կշեռքի նժարն իր կողմը թեքելու նպատակով Օուման եզրափակիչ ռաունդում գնաց վա-բանկ եւ անգամ հարվածների փոխանակման ժամանակ կարողացավ Վանեսին նոկդաունի ենթարկել: Բայց հայ բռնցքամարտիկն արագ վերագտավ իրեն եւ անգամ վերջին վայրկյաններին վերականգնեց իր առավելությունը եւ ի վերջո միավորներով անչափ դժվարին հաղթանակ տարավ:

Լյովա Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոնի հավակնորդ
Պրոֆեսիոնալ ռինգում հայազգի նորանոր անուններ են ի հայտ գալիս: Փետրվարի 19-ին Անգլիայի Սթոուկ քաղաքում Եվրոպայի չեմպիոնի թափուր տեղի համար մինչեւ 59 կգ քաշային կարգում ռինգ են մտնելու Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Լյովա Կիրակոսյանը եւ բրիտանացի Կքոթ Լոութոնը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կիրակոսյանը ոչ հեռու անցյալում կրել է Եվրոպայի չեմպիոնի գոտին, սակայն հետագայում այն զիջել է բելառուս Սերգեյ Գուլյակեւիչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել