Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուշարձանները մեր ինքնության տեղապահներն են

Հունվար 19,2010 00:00

\"\"Մի քանի մտահոգություն՝ մեկ հոդվածում

Այս հոդվածով պիտի փորձեմ ընթերցողին ներկայացնել անցյալ տարվա վերջերին լույս տեսած իմ «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» մատենաշարի հերթական հատորը, խոսեմ նախիջեւանյան հուշարձանների ադրբեջանական վանդալիզմի, մշակույթի, պետականության ամրապնդման գործում պետության եւ քաղաքացու դերի, իմ մտահոգությունների եւ այլնի մասին:
2009թ. դեկտեմբերին լույս տեսած «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը, հատոր Ե, Նախճավան, Շարուր գավառները» վերոնշյալ մատենաշարի հերթական՝ հինգերորդ եւ նախավերջին հատորն է: Այն ընդգրկում է պատմական Հայաստանի Նախճավան եւ Շարուր գավառների վիմագրերը: Շարուր գավառի թե պատմաճարտարապետական եւ թե վիմագրական հուշարձանները ավերակների էին վերածվել դեռեւս XYIII-XIXդդ., որի պատճառով էլ այդ տարածքից նույնիսկ մինչեւ 1970-80-ական թվականները շատ քիչ հուշարձանների հետքեր էին պահպանվել: Նման ճակատագրի են արժանացել նաեւ Նախճավան գավառի արաքսամերձ եւ Նախճավան դաշտի բազմաթիվ բնակավայրերի հայոց հուշարձաններն ու վիմագրական ժառանգությունը:
1970-1980-ական թվականներին կատարած իմ ուսումնասիրությունների ժամանակ այդ երկու գավառների տարածքներում իմ արձանագրած վիմագրերի թիվը անցնում է 1000 միավորից: Ցավոք, այս հատորում ընդգրկված է միայն 345-ը, որից 274-ը հրատարակվում է առաջին անգամ: Պատճառն այն է, որ Նախճավան գավառի եւ միջնադարյան Հայաստանի նշանավոր բնակավայրերից մեկի՝ Աստապատի հարուստ վիմագրական ժառանգության 1981թ. կատարածս ավելի քան 650 վիմագրերի լուսանկարչական ժապավենները բռնագրավվեցին ու ոչնչացվեցին Նախիջեւանի պետանվտանգության կոմիտեի աշխատակիցների կողմից: Հետագա տարիներին՝ մինչեւ 1988թ., ցավոք, ինձ չհաջողվեց վերստին լուսանկարել Աստապատի XYIII-XX դդ. վիմագրական այդ ժառանգության հավաքածուն:
1986թ. նման ճակատագրի արժանացան նաեւ Հին Ջուղայի քաղաքային գերեզմանատան 2-րդ բլուրի շուրջ 180 եւ Ամենափրկիչ վանքի գերեզմանատան 75-ից ավելի խաչքարերի լուսանկարած-փաստագրած վիմագրերը: Դրանք այսօր արդեն անվերականգնելի կորուստներ են եւ հավերժ անհայտ մնացին գիտությանը:
Նախիջեւանի հայոց հուշարձանները Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանությունները 1998-2006թթ. ուղղակիորեն եւ վայրենաբարո ավերումների ենթարկեցին: Վանդալիզմի զոհ դարձան նախիջեւանյան հայկականության ժառանգության ավելի քան 27 հազար մեծ ու փոքր արժեքներ (վանքեր, եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր): Հենց միայն Հին Ջուղայում խճաքարերի վերածվեց եւ Արաքս գետի ափամերձ հատվածներ լցվեց շուրջ 4500 խաչքար:   
Նախիջեւանյան խնդրով հետաքրքրվողներին խորհուրդ կտամ ծանոթանալ անցյալ տարվա վերջերին հենց այդ հարցերի վերաբերյալ հրատարակածս «Չհրապարակված հարցազրույց» գրքույկին:
Այս տարի լույս կտեսնի նաեւ «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» մատենաշարի վերջին՝ վեցերորդ հատորը: Այն նվիրված է Ճահուկ-Շահապոնք գավառի վիմագրությանը եւ նախորդ հատորների նման կունենա հարուստ փաստավավերագրական գունավոր եւ սեւ ու սպիտակ պատկերազարդում: Մատենաշարի 6-րդ հատորի հրատարակությամբ Նախիջեւանից հայագիտությանն է ներկայացվում շուրջ 4 հազար վիմագիր (3 հազարը առաջին անգամ հրատարակված), ավելի քան 5800 գունավոր եւ սեւ ու սպիտակ փաստավավերագրական լուսանկար, վիմագրերի գրչանկարներ, տեղագրական քարտեզներ եւ այլեւայլ նյութեր: Սա, կարծում եմ, ծանրակշիռ ներդրում է հայագիտության բնագավառում: Մանավանդ որ, այդ հուշարձանները այլեւս գոյություն չունեն: Այս տարի, հույս ունեմ, որ հայերեն եւ անգլերեն կտպագրվի նաեւ Սփյուռքում գտնվող կիրառական արվեստի անձնական մի մեծածավալ հավաքածուի արձանագիր զանազան իրերի արձանագրությունների իմ հեղինակած հատորը: XVI-XIX դդ. այդ հավաքածուի ատաղձը կազմող հատորի նյութերը բացառապես վերաբերում են Արեւմտյան Հայաստանի բնակավայրերում ստեղծված ձեռագիր մատյանների կազմերի, եկեղեցական եւ աշխարհիկ զանազան իրերի, Քոթահիայի եւ չինական հախճապակու եւ այլ առարկաների արվեստին ու արձանագրություններին: Ընդգծեմ, որ այս հատորում զետեղված են առաջին անգամ հրատարակվող 200-ից ավելի արձանագրություններ:
Ուզում եմ ընդգծել, որ մեր մշակույթի, այդ թվում նաեւ եղեռնի ենթարկված նախիջեւանյան հուշարձանների նկատմամբ առկա խորացող անտարբերությունը, ցավոք, հիմքեր ունեն: Զորօրինակ Հայաստանի ապագան կերտող մեր սերունդ-քաղաքացին այսօր ավելի շատ սնվում-դաստիարակվում է ոչ թե ազգային, ավանդական գաղափարախոսություն-նպատակադրվածությամբ, այլ եվրոպական ու արեւմտյան, քանակով փոքր ժողովուրդներին անհարիր գաղափարախոսությամբ:
Սփյուռք-Հայաստան կապը սերտացնելու համար մի կողմից պետականորեն «Արի տուն» ծրագիր ենք թմբկահարում, մյուս կողմից՝ արցախյան պատերազմում պայքարած-օժանդակած սփյուռքահայերին, նույնիսկ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում-խնդրանքներն ենք մերժում: Մի կողմից սփյուռքահայ, օտարազգի գործարարներին Հայաստանում գործ դնելու, աշխատատեղեր բացելու ենք հրավիրում, մյուս կողմից հայաստանյան գործարարներն են այլ երկրներում գործ ու արտադրություն, աշխատատեղեր ստեղծում: Մի կողմից տարփողում ենք Հայաստանը գիտության, մշակույթի, զբոսաշրջության եւ հազար ու մի տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դարձնելու, մյուս կողմից մեր բնակչությանը չքավորության, հոգեւոր ու մտավոր թշվառության ենք մատնում… Էլ չեմ խոսում հանրապետությունում գործող 70-ից ավելի կուսակցությունների, 4 հազարից անցնող հասարակական, հայրենակցական միությունների շատ հաճախ անիմաստ գործունեությունների մասին: Հայությանը ամենեւին ձեռնտու չէ նաեւ այն հանգամանքը, որ մինչեւ այժմ կրոնական ասպարեզում բաժանված ենք երկու կաթողիկոսությունների, ունենք կաթողիկե եւ ավետարանչական եկեղեցիների հովվապետներ… Շատ նախարարությունների, մարզային ու գյուղական կառույցների վերջին 2-3 տարիների գործունեությունների Վերահսկիչ պալատի ստուգում-վերլուծությունները բացահայտում են պետբյուջեից ստացված բազմամիլիոն միջոցների փոշիացման, դրամական յուրացումների բազմաթիվ դեպքեր: Սակայն պատասխանատվության են ենթարկվում (եթե իրապես ենթարկվում են) ստորին օղակների պատասխանատուները: Կարծեք թե մեր ազգային գործունեությունից եւ ծրագրերից վտարվել ու հալածվել են մտքի ու խղճի, չափի ու զգացումի կշռույթը, հազարամյակների մեր մշակույթին ու պատմությանը, իմաստնությանը տեր ու ժառանգորդ լինելու մեր ժառանգականությունը: Այստեղ ուզես թե չուզես ուզում ես հիշել Շահան Շահնուրի հայտնի մտքերից մեկը՝ «Ղեկավարներ ունինք, բայց ոչ ղեկավարութիւն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել