Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿ ԵՎ ՌԵՎԵՐԱՆՍ

Հունվար 19,2010 00:00

\"\"
Կամ ինչպես անտեսել հանձնախմբերի կարծիքը Զ. Բոյաջյանն ու Լ. Արզումանյանը յուրովի մեկնաբանեցին
պետական մրցանակի «կուտ գնալը»:

Դեկտեմբերի 30-ին հայտարարվեցին Գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009 թ. պետական մրցանակները: Զարմանալիորեն այդ ցանկից բացակայում էր կինոյի եւ թատերարվեստի ոլորտը, չնայած մասնագիտական հանձնախումբը ձայների գերակշիռ մեծամասնությամբ, գաղտի քվեարկությամբ առանձնացրել էր Ռուբեն Բաբայանի՝ Տիկնիկային թատրոնում արված «Ak. Ak.» ներկայացումը: Ի դեպ, բոլոր հանձնախմբերի որոշումների վերջնական արդյունքները տեղադրված են president.am կայքում, իսկ կինո եւ թատերարվեստ անվանակարգի մասին բառ անգամ չկա, կարծես այդպիսի անվանակարգ չի էլ եղել: Ասում են՝ մասնագիտական հանձնաժողովի վրա բազմաթիվ ճնշումներ են եղել՝ մրցանակը Յուրի Գրեգորովիչի «Սպարտակին» շնորհելու առնչությամբ, սակայն հանձնաժողովը կարողացել է իր մասնագիտական բարձրության վրա մնալ: Արդյունքում, «Ak. Ak.»-ը մնացել է անմրցանակ, իսկ «Սպարտակի» կազմը հայ-ռուսական բարեկամության «շրջանակներում» արժանացել Պատվո շքանշանի ու «Մովսես Խորենացի» մեդալի: Փաստորեն, հայկական ռեվերանսը, այնուամենայնիվ, ստացվել է…
«Հայելի» ակումբում երեկ հրավիրված երկու ասուլիսներում էլ թեման «եռաց»: Ռեժիսոր եւ դերասան Կարեն Խաչատրյանը նշեց, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաճախակի այցելի թատրոն, թատրոնների վիճակը հաստատ կփոխվի. «Դրա մեջ դեմոկրատական մի բան էլ կա՝ հանդիսատեսը նստած է դահլիճում, նրանից մի երկու կարգ այնկողմ երկրի նախագահն է… Զարմանում եմ Թատերական գործիչների միության վրա, որ չեն պատասխանում մշակույթի նախարարի այն արտահայտությանը, թե դժգոհ է թատրոնից…»:
Թատերագետ Արա Խզմալյանն էլ կարծիք հայտնեց, որ սխալ էր կոչումները վերականգնելը. «Դա մթնոլորտը պղտորող հանգամանքներից մեկն է»: Վերջինիս չի դավաճանում լավատեսությունը, քանի որ համոզված է, թե, ի վերջո, նախագահը համապատասխան վճիռ կկայացնի, եւ արդարությունը կվերականգնվի: Հաջորդ ասուլիսին ներկա մասնագիտական հանձնաժողովի անդամ Զավեն Բոյաջյանը գտնում է. «Ըստ կանոնադրության, սեւով սպիտակի վրա գրված է, որ հանձնախմբի քվեարկության արդյունքը վավերացնում է երկրի նախագահը: Իսկ դա նշանակում է, որ նախագահը իրավունք ունի արդյունքը կա՛մ ընդունել, կա՛մ վետո դնել»: Նա տարօրինակ չի համարում, որ 2001-ից սկսած, պետական հանձնաժողովների որոշումները երբեք նման ճակատագրի չեն արժանացել, ինչպես այս անգամ. «Ամեն ինչ տեղի է ունեցել մրցանակի հանձնման կանոնադրության շրջանակներում, ուրիշ հարց, որ կարելի է դրա վերաբերյալ ինչ-որ վերաբերմունք ունենալ»:
«Առավոտի» դիտարկմանը, արդյո՞ք տվյալ դեպքում ավելորդ չի դառնում մասնագիտական հանձնաժողովի գոյությունը, որը ամիսներ շարունակ նիստեր է հրավիրել, ֆիլմեր ու ներկայացումներ դիտել եւ քնննարկել, վերջում էլ արհամարհվել է նրա որոշումը, Զ. Բոյաջյանը արձագանքեց. «Հնարավոր է այդպես էլ մտածել»: Հանձնաժողովի մյուս անդամ Լիլիթ Արզումանյանը, սակայն, նորմալ չի գնահատում կատարվածը. «Ըստ կանոնադրության, նախագահը պետք է վավերացնի հանձնաժողովի որոշումը, իսկ ես հիմք չեմ տեսնում այն չվավերացնելու, մանավանդ՝ այդ գործը («Ak.Ak.»-ը-Գ. Հ.) բավական լավ գործ է եւ ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում՝ 2 «Արտավազդ», որի շնորհող հանձնախմբում էլ եմ եղել»: Տիկին Արզումանյանը մտածում է, որ այս պատմության մեջ ինչ-որ թյուրիմացություն կա, եւ հետո կինոն ու թատրոնը տարբեր բնագավառներ են ու, ըստ նրա, սխալ է՝ երկուսի համար մեկ մրցանակ սահմանելը: «Ես դեռ հավատում եմ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխվի»,- հույս ունի Լ. Արզումանյանը: Չնայած պտտվող լուրերին, թե մասնագիտական հանձնաժողովը ճնշումների է ենթարկվել, Լ. Արզումանյանն ու Զ. Բոյաջյանը հայտարարեցին, որ դա իրենց չի վերաբերում: ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը հեռախոսով «Առավոտին» հայտնեց, որ չնայած մասնագիտական հանձնախմբի որոշմանը, նախագահինն է վերջնական խոսքը, նաեւ խոստացավ ավելի ուշ մեկնաբանություններ անել պետական մրցանակի աղմկահարույց պատմության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է բեմադրության հեղինակին՝ Ռուբեն Բաբայանին, նա եւս գտնում է, որ կատարվածը խփում է հանձնաժողովի հեղինակությանը, որի կարծիքը, փաստորեն, արհամարհվել է: Ի դեպ, ի սկզբանե Բաբայանին էլ էին հասել լուրեր, թե չարժե գործը ներկայացնել պետական մրցանակի, որովհետեւ, միեւնույն է՝ «Սպարտակի» համար է այն պահված: Սակայն բեմադրիչը դա վիրավորական է համարել ոչ միայն իր, այլեւ մյուս թատրոնների համար: Նա գտնում է, որ հայաստանյան թատրոններում ծնվում են հրաշալի ներկայացումներ, որոնք արժանի են բարձրագույն պարգեւների: Ամեն դեպքում, նա այն կարծիքին է, որ պետական մրցանակը չպետք է քմահաճույքի առարկա դառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել