Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամանորի ուշացած շոուն եւ Ձմեռ պապը

Հունվար 19,2010 00:00

\"\"
Թ. Պողոսովան (վերեւի շարքում՝ աջից երկրորդը)
իր սաների հետ:

Երեւանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում ամանորի տրամադրությունը դեռ շարունակվում է: Դեկտեմբերի 27-ին նախատեսված ամանորի շոու-ծրագիրը հետաձգվել էր քաղաքապետարանի հրահանգով եւ տեղի ունեցավ նախօրեին: Տոնական ծրագրի նախաձեռնությունը դպրոցի ուսուցիչներից Թամարա Պողոսովայինն էր: «Առավոտի» հետ զրույցում տիկին Պողոսովան ասաց, որ 21-րդ դարում երեխաների հետաքրքրությունների դաշտը մեծ է, իր աշակերտներին երաժշտությամբ հետաքրքրելու համար իրեն օգնության է գալիս 27 տարվա մանկավարժական փորձը. «Ես նախընտրում եմ դասավանդման ժամանակակից մեթոդիկան, նման շոու-ծրագրեր կազմակերպելն էլ այդ մեթոդիկայի մաս են կազմում: Այս համերգ-շոուն առանձնահատուկ է նրանով, որ երեխաներին նախաձեռնելու հնարավորություն է տալիս. իրենք են ընտրում՝ ինչ կատարումներով հանդես գալ, ես միայն փորձում եմ պահպանել ժանրային բազմազանությունը՝ երեխաներին խրախուսելով հանդես գալ կլասիկ, ջազային, էստրադային կատարումներով»: Թ. Պողոսովայի խոսքով, այս տարի տոնական համերգին, ի տարբերություն նախորդ տարիների, երեխաները ներկայացան նաեւ մինի-մյուզիքլով. «Սովորաբար երեխաները միայն երգում էին, նվագում, իսկ այս տարի նրանք հնարավորություն ունեցան նաեւ իրենց դերասանական ձիրքը ցուցադրել»:
Տիկին Պողոսովայի խոսքով՝ համերգ-շոուն իր համար նաեւ անցնող տարվա աշխատանքի հաշվետվությունն է՝ ձեռքբերումների ու բացթողումների գնահատականը. «Արվեստը ոչ բոլորին է տրված, ու սովորաբար աշակերտների 80%-ը երաժշտական ընդունակություններով աչքի չի ընկնում, բայց հետաքրքիրն այն է, որ տարեկան այս տոնակատարությանը, նկատում եմ, յուրաքանչյուրի մոտ մի բան ստացվել է, ես գոհ եմ իմ աշխատանքի արդյունքից, մտերիմներիս էլ մշտապես խորհուրդ եմ տալիս սիրով անեն իրենց գործը, հաճույքով եւ ոչ թե գումար վաստակելու մոլուցքով»: Դաշնամուրի բաժնի 6-րդ դասարանի աշակերտուհի Մերի Յոյլյանը «Առավոտին» ասաց, որ տոնական շոու-ծրագիրը իր սրտով է. «Ես կատարելու եմ Էլթոն Ջոնի ստեղծագործություններից, այդ երգչին շատ եմ սիրում, այս համերգին մասնակցելն էլ մեծ ուրախություն է ու կարեւոր ինձ համար, որովհետեւ հետո իմ կատարումներն ունենում եմ դիսկերով ու ընկերներիս եմ ցույց տալիս»: Տիկին Պողոսովայի աշակերտներին դեկտեմբերին չայցելած Ձմեռ պապը նամակով տեղեկացրել էր, որ կայցելի հունվարին՝ շոու-ծրագրի ժամանակ:
Ձմեռ պապի նամակը երեխաների համար կարդացել էր անձամբ Թամարա Պողոսովան. «Ձմեռ պապը ներողություն էր խնդրել ուշանալու համար՝ պարզաբանելով, որ իր ուշանալը պայմանավորված է որոշ երեխաների վատառողջ լինելու հանգամանքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել