Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՀԱԿ ՉԵՆՔ ԲՈՒՀԵՐԻ ՀԱՄԱՐ»

Հունվար 19,2010 00:00

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ բուհերը շուտով կգիտակցեն, որ որակի գնահատումն ի շահ իրենց է:

\"\"

Կրթական թեմաներին վերաբերող գրեթե ցանկացած քննարկման ժամանակ խոսվում է կրթության որակի բարձրացման մասին: Բայց թե ի՞նչ է նշանակում կրթության որակ, ինչպե՞ս պիտի այն ապահովել, յուրաքանչյուր կրթօջախում ընկալվում է յուրովի: Կրթության բնագավառում որակի ապահովման խթանմանը նպաստելու համար ստեղծվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ): Այն ՀՀ-ում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձեւավորելու նպատակով 2009-ի հունիսից գործարկեց էլեկտրոնային հարցաթերթիկը, որը պարունակում է տվյալ հաստատությունների ենթակառուցվածքների, գործունեությանը, թույլտվության, իրավական  հիմքերին, ինչպես նաեւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: Հարցաթերթիկը պետք է լրացնեին բուհերը, որպեսզի հիմնադրամը կարողանար հիմնել մի բազա, որի միջոցով կկարողանար մոտավորապես պատկերացնել առկա իրավիճակը: Իհարկե, բուհերի կողմից այս առումով տարբեր դժգոհություններ եղան, թե դա աշխատատար գործընթաց է, կամ կան հարցեր, որոնք այնքան էլ չեն առնչվում որակի ապահովման գործընթացներին, հնչեցին կարծիքներ, թե իրականացվող գործընթացը խոչընդոտում է բուհերի ինքնավարության կայացմանը եւ այլն: Այս հարցերին «Առավոտը» ժամանակին անդրադարձել է («Զուգարանների թվից մինչեւ կրթության որակ», 24.09.09թ.), եւ քանի որ հարցաթերթիկների լրացման առաջին փուլն ավարտված է, զրուցեցինք ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ՝ պարզելու, թե սայլը տեղից շարժվո՞ւմ է, կամ բուհերին կարողացե՞լ են բերել այն գիտակցության, որ որակի գնահատումն անհրաժեշտ է առաջին հերթին հենց նրանց:
Պարոն Թոփչյանը նշեց. «Որակ ապահովողը մենք չենք, այլ բուհերը, մենք պիտի գնահատենք բուհի կատարած քայլերը: Դրա համար պիտի սահմանենք պետական կրթական չափորոշիչների նվազագույն շեմի մակարդակ, որից ցածր կրթությունն  անթույլատրելի կլինի: Ուստի պիտի մտածենք չափանիշներ, չափորոշիչներ, որ դրանց համապատասխան կատարենք հավատարմագրումը բուհերում: Մեր պարտավորությունն է իրազեկել երկրի կառավարությանը, թե այսինչ բուհում կա մեր չափանիշներով մինիմալ շեմից բարձր կրթություն, մյուսում՝ ոչ: Նրանք էլ պիտի այդ չափանիշների հիման վրա կողմնորոշվեն եւ իրականացնեն  մյուս գործընթացները»: Չափորոշիչները դեռ մշակված չեն, դրանք պետք է արվեին դեռ կենտրոնի հիմնադրումից առաջ, ինչը, թերեւս, ԿԳՆ-ի բացթողումն է: Այս մասին պարոն Թոփչյանն ասաց. «Ինչ-որ իմաստով որոշ չափորոշիչներ մշակված են, կամ դրանք բոլորի կողմից ընդունելի չեն, կամ նոր տեխնոլոգիաների կիրառումով արված չեն եւ այլն: Մյուս կողմից էլ՝ շատ եվրոպական համալսարաններում եւս կան նման խնդիրներ»: Այժմ ՈԱԱԿ-ը չափորոշիչների մշակման եւ հարակից հարցերի լուծման համար ստեղծում է փորձագետների բազա, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ արտասահմանից փորձագետներ, որպեսզի ապահովվի օբյեկտիվությունն ու փորձաքննության որակյալ լինելը: Ռ. Թոփչյանը նկատեց. «Միայն մեր փորձագետները չեն կարող զբաղվել այդ հարցերով, քանի որ ՀՀ-ն փոքր երկիր է, եւ ցանկացած փորձագետ այս կամ այն ձեւով ինչ-որ տեղ աշխատում է, եւ հնարավոր է՝ առաջանա շահերի բախում»: Նոր չափորոշիչների մշակումը հնարավոր է՝ բերի նաեւ ուսումնական պլանների, ծրագրերի փոփոխում: Այս մասին պարոն Թոփչյանն ասաց. «Իհարկե, պիտի ուսումնական պլաններն ու ծրագրերը վերափոխվեն, մեր  նպատակն էլ դա է, որ որակն ապահովվի: Իսկ դրա համար ոչ թե բուհերը պիտի իրար հետ չխոսեն, այլ հակառակը՝ խոսեն, փորձ փոխանակեն, չէ՞ որ ամբողջ աշխարհում այդպես է: Իսկ մեզ մոտ դեռ համարվում է, որ, ընդհակառակը, իրար հետ պիտի չխոսեն, իրարից ինչ-որ բաներ թաքցնեն»:
Ենթադրվում է, որ բուհերի ներկայացուցիչները փորձագետների ներկայությամբ պետք է քննարկեն չափորոշիչները, այսինքն՝ նախապես մշակեն խաղի կանոնները եւ հետո փորձեն իրենց իրականացրած կրթության որակը համապատասխանեցնել այդ կանոններին:  Իսկ պետական եւ այսպես կոչված՝ ոչ պետական բուհերը լինելու են հավասար հարթությունում: Ռ. Թոփչյանը մանրամասնեց. «Ենթադրվում է, որ մեկ հանձնաժողովը միանգամից պիտի հավատարմագրի բուհերի նման մասնագիտությունները: Այսինքն՝ նույն խմբում պիտի լինեն մասնավոր եւ պետական բուհերը»: Մեր այն դիտարկմանը, թե այս դեպքում ոչ պետական բուհերը հաստատ կդժգոհեն, թե՝ եթե որակի ապահովման գործընթացներում իրենց պետականների հետ նույն դաշտում են դնում, ապա թող ապահովեն նաեւ հավասար մրցակցային պայմաններ, օրինակ՝ հատկացնեն տարկետման իրավունք, անվճար տեղեր եւ այլն, պարոն Թոփչյանն այսպես պատասխանեց. «Հաճախ մարդիկ միայն ուղիղ ճանապարհն են տեսնում: Մեծ դաշտ ունենք, օրինակ բանակից վերադարձածները. ոչ պետական բուհերը կարող են նրանց համար վերապատրաստումներ կազմակերպել, ինչը ոչ ոք չի անում, թող գտնեն իրենց տեղը շուկայում: Պետությունն էլ ռիսկային գոտում է գտնվում. նա չի կարող բոլորին  բանակից տարկետման իրավունք տալ: Այլ է, որ տվյալ բուհն անցնի հավատարմագրումը, եւ պետությունը, վստահելով այդ գործընթացին, հասկանա, որ բուհն իր գործը լավ է անում, եւ տա նրան բանակից տարկետման իրավունք: Պետական բուհերի դեպքում պետությունը գնում է այդ ռիսկին, քանի որ այդ դաշտում ռիսկն այնքան էլ մեծ չի եղել: Բայց այսօրվա դրությամբ շատ պետական բուհեր էլ են որակի չափանիշները թուլացրել, քանի որ դասախոսներին համապատասխան վարձատրություն չեն տալիս, իսկ նրանք կորցնում են նոր բան սովորելու ցանկություն ու հնարավորություն»:
Դառնալով հարցաշարի ամփոփմանը՝ պարոն Թոփչյանը նկատեց. «Բուհերը փորձում էին սկզբից ինչ-որ հարցեր չլրացնել, իրենց թվում էր, թե ինչ-որ հարցեր անհեթեթ են: Օրինակ՝ զուգարանների թիվը որակի հետ կապելն էին անհեթեթ համարում: Բայց եթե խոսում ես որակի մասին, ապա դրա համար պիտի միջոցներ տրամադրել, շրջապատը հարմարեցնել դրան: Մի առիթով մեկն ինձ ասաց, որ կարող է աշխարհի չեմպիոն պատրաստել որեւէ ներքնահարկում: Գուցե մեկ հոգի պատրաստի, բայց այստեղ չկա որակի կայունություն, ուստի գուցե այդ դեպքում հավատարմագրումը տրվի մեկ տարով միայն, որից հետո ինչ-որ բաներ պիտի ուղղվեն, որ հավատարմագրումը շարունակվի»: Հետաքրքրվեցինք՝ թե մեր բուհերը որքանո՞վ են եկել այդ գիտակցությանը: Ռ. Թոփչյանն ասաց. «Ծանր է վիճակն այն առումով, որ մեր երկիրը այդքան հարուստ չէ եւ ուսանողից չի կարող այնքան գումար գանձել, որ բոլոր ռեսուրսներին հերիքի: Բայց կամաց-կամաց բուհերը կգան այդ գիտակցության: Հենց դա է վկայում այն, որ բուհերը սկզբում մեզ մի փոքր յուրահատուկ էին ընկալում, բայց այժմ ընկերական են տրամադրված»:
Ամփոփելով հարցաթերթիկների լրացման փուլը՝ պարոն Թոփչյանն ասաց. «Սկզբում բուհեր կային, որ չէին լրացնում, բայց երեւի պատրաստվում էին: Բուհեր կային, որ լավ գրված ռազմավարություն չունեին կամ ունեին, բայց հաստատված չէր, կային բուհական ներքին գործընթացներ, որ դեռ հաստատված չէին, չկային սահմանված կարգեր: Բայց բուհերը հասկացան, որ այդ կարգերը վաղ թե ուշ ուզելու են իրենցից, ուստի սկսեցին մտածել այդ ուղղությամբ»: Իսկ առջեւում հարցաթերթիկների լրացման 2-րդ փուլն է, որը գուցե ավելի ցավոտ լինի, քանի որ ՈԱԱԿ-ը բուհերից տեղեկություններ է պահանջելու կրթական ծրագրերի, դասախոսական համակազմի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել