Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլի մեղքի հիմքը անհայտ աղբյուրների նյութերն են

Հունվար 19,2010 00:00

Անձնակա՞ն, թե՞ այլոց մեղքերի  պատասխանատվություն

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնաց Մարտիրոսյանը կհրապարակի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Մեղադրող Կորյուն Փիլոյանը միջնորդել է 8 տարվա ազատազրկում:
Կասկածից վեր է, որ դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտելու է ազատազրկման եւ համաներումը չի տարածելու, ինչը ոչ թե կատարած արարքի համարժեք պատիժն է, այլ այլախոհության, քաղաքական համոզմունքների եւ իշխանություններին կոշտ քննադատելու դիմաց հատուցում: Քրեական օրենսդրությամբ անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության եւ հասարակության համար վտանգավոր հետեւանքի համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատվել է իրավասու դատարանի կողմից (Քրեական օրենսգրքի 9-րդ հոդված): Մինչդեռ, երբ դատարան կոչվածը կողմնակալ է եւ արդարությունը իրականացնում է պարզունակ ընկալմամբ՝ եթե անհատը նեղացրել է իշխանական կլանին, նշանակում է՝ նեղացրել է նաեւ իրեն սկզբունքով, ապա պատժի հիմքը վրիժառությունն է: Փորձենք Փաշինյանին մեղսագրված արարքում դիտարկել մեղքի առկայությունը, հանելով վրեժի հատուցում-այլընտրանքը:
Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է հետեւյալ հանցագործությունները կատարելու համար:
1. Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մաս.
2007թ. հոկտեմբերի 23-ին Երեւան քաղաքի Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկում ոստիկանները արգելել են իրազեկման երթը, որին ընդդիմացել է Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության ներկայացուցչի կյանքի եւ առողջության նկատմամբ գործադրել ոչ վտանգավոր բռնություն (ոտքով հարվածել է ոստիկանի ոտքին):
2. Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով. 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքի Մյասնիկյան հրապարակում եւ հարակից տարածքներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Նկատենք, որ երկու դեպքերում էլ կոնֆլիկտը առաջացել է հավաքը արգելելու շարժառիթով, իսկ կողմերը եղել են իշխանության ներկայացուցիչները եւ հավաքը անցկացնողներն ու մասնակցողները կամ քաղաքացիները:
Քրեական պատասխանատվությունը առաջանում է միայն այն դեպքում, երբ անձը հակազդել է, դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցչի օրինական գործողությանը, իսկ երբ հակազդումը կատարվել է անօրինական եւ անհամաչափ գործողությունների կապակցությամբ, առաջանում է անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակները, ինչը քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներ են (րՎ. ՍՏՎՎպվՑՈՐՌռ Ս ցչՈսՏՉվՏՎց ՍՏՊպՍրց ՀՏրրՌռրՍՏռ ՂպՊպՐՈՓՌՌ, րՑ. 799, 801, ԾՏրՍՉՈ, 2005չ.): Այս հանգամանքը քննությամբ հստակեցված չէ, բացի այդ, մարտի 1-ի առնչությամբ գործերով անորոշ է հասարակական վտանգավոր արարքի եւ առաջացած վտանգավոր հետեւանքների պատճառական կապը:
Նշված հանգամանքները Նիկոլ Փաշինյանին մեղսագրված արարքներում մեղքի բաղադրիչներն են:
Իմ պատկերացմամբ, նկարագրված հիշյալ արարքներում Նիկոլ Փաշինյանը մեղք չունի:
1. Նկատենք, որ 2007թ. հոկտեմբերի 23-ի միջադեպով եւ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչները կոպիտ կերպով խախտել են հանրապետության հիմնական օրենքի թիվ 29 հոդվածի պահանջները եւ անօրինական արգելել խաղաղ, առանց զենքի հավաքը:
Նշված հասարակական հարաբերությունը կամ օբյեկտը պաշտպանվում է նաեւ քրեական նորմի ուժով, ինչը քրեական պատասխանատվություն է նախատեսում ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելու համար (Քրեական օրենսգրքի 163 հոդված): Հետեւաբար, իշխանության ներկայացուցիչների գործողությունները ակնհայտ անհամաչափ եւ անօրինական են, ուստի առաջանում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը: Ի դեպ, օրենքը անձին թույլատրում է պաշտպանությունն իրականացնել ամեն ձեւով եւ միջոցներով եւ ոտնձգողին հասցնել ամեն տեսակի վնաս, ընդհուպ կյանքից զրկելը (Քրեական օրենսգրքի 42 հոդված):
Այստեղից էլ Նիկոլ Փաշինյանի արարքում բացակայում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հանցակազմը, նա հանցագործություն չի կատարել: Իշխանության ներկայացուցիչները ոտնձգել են Փաշինյանի եւ մյուսների Սահմանադրությամբ հռչակված իրավունքներին, իսկ Նիկոլը վնաս է հասցրել ոտնձգողին, ըստ որում, նաեւ ակցես՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում թույլ չի տվել (թեպետ ոտքին հարվածելը սարքված է): Լիովին իրավաչափ է նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից հավաքի մասնակցողներին հղած ինքնապաշտպանության անցնելու հայտնի կոչը, ինչը մեղադրանքի կողմը ներկայացնում է «անկարգություններ հրահրելու գործողություն»:
Այդ պարագայում, երբ բռնություն է գործադրվել մարտի 1-ի հավաքի մասնակիցների նկատմամբ եւ կիրառվել է զինուժ, իրավիճակը գնահատվում է մարդկանց կյանքին եւ առողջության համար վտանգավոր սպառնալիք եւ առաջանում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը: Վերջերս անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին անդրադարձել է նաեւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարը եւ նախարարության մամլո ծառայությունը, պարզաբանելով. «Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը առաջանում է, երբ ոստիկանի վարքագիծը անհամաչափ է, եթե նրա կողմից հնչել են սպառնալիքներ եւ, ավելին՝ եթե նա գործադրել է բռնություն»:
2. Նիկոլ Փաշինյանի գործողությունները ուղղված են եղել վտանգավոր հետեւանքների կանխարգելմանը: Այս պարագայում էլ առնչվում ենք օբյեկտիվ մեղսայնացմանը սկզբունքին: Քրեական իրավունքը հենվում է սուբյեկտիվ մեղսայնացման սկզբունքի վրա, ինչը նշանակում է քրեական օրենքը հանրության համար վտանգավոր է ճանաչում միայն այն արարքները, որոնք կատարվել են մեղավորությամբ: Օբյեկտիվ մեղսայնացումը, ինչը նշանակում է առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվություն, հանցագործություն չի համարվում եւ արգելվում է քրեական պատասխանատվությունը (Քրեական օրենսգրքի 9-րդ հոդված, 2-րդ մաս): Օրինակ, ոստիկանները, պատկերացում չունենալով հատուկ միջոցը կիրառելու կանոնների մասին, սպանել են 3 մարդ կամ հանցավոր բանդան, որի մասնակիցները բացահայտված չեն, հրահրել եւ կատարել են հրկիզումներ եւ ջարդեր:
Այս արարքների պատճառով առաջացած վտանգավոր հետեւանքները (վնասը) ի՞նչ կապ ունի Նիկոլի գործողությունների հետ, երբ ոստիկաններին հրահանգավորողը եւ կարգադրող պաշտոնյան հայտնի է, իսկ ապացույցներ չկան, որ ջարդերը իրականացնող բանդան ստեղծել է Նիկոլը կամ ղեկավարել նրանց գործողությունները: Ստացվում է, Նիկոլի մեղքի հիմքը ենթադրությունները եւ անհայտ աղբյուրների նյութեր են:
3. Նիկոլ Փաշինյանի արարքում բացակայում է նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպել-հանցագործության հանցակազմի օբյեկտիվ կողմը:
Կազմակերպել անկարգություններ նշանակում է.
– ծրագրել եւ նախապատրաստել գործողությունները,
– անկարգություններ հրահրելու, գրգռելու նպատակով մարդկանց խմբեր ստեղծել,
– ջարդեր եւ այլ բռնություններ կատարողների գործողությունները ղեկավարել եւ այլն (տես՝ ՍՏՎՎպվՑՈՐՌռ Ս ցչՈսՏՉվՏՎց ՍՏՊպՍրց ՀՏրրՌռրՍՏռ ՂպՊպՐՈՓՌՌ, րՑ.428, ԾՏրՍՉՈ, 2000չ):
Դատաքննությամբ հայտնի դարձավ, որ Նիկոլը հիշյալ կազմակերպական գործողությունները չի իրականացրել կամ օժանդակել կատարողներին: Մեղքի սկզբունքը նախատեսում է միայն անձնական պատասխանատվությունը, դա նշանակում է, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն անձը, որը անձամբ է կատարել հանցագործությունը, որպես անմիջական կատարող, կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:
Նիկոլի արարքում բացակայում է նաեւ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասի հանցագործության հանցակազմը եւ ակնհայտ է, որ նա քրեական պատասխանատվության է ենթարկվում ուրիշների գործած մեղքի համար, ինչը քրեական օրենսդրությամբ արգելվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել