Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

17 ՄՈՌԱՑՎԱԾ ԸՆՏԱՆԻՔ

Հունվար 19,2010 00:00

Տարեմուտի գիշերը մինչ բոլորն իրենց տաքուկ ու հարմարավետ բնակարաններում ուրախ-զվարթ ճանապարհում էին Ցուլին եւ դիմավորում Վագրին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի խումբ բնակիչներ տնից տուն էին ընկել՝ ապաստան խնդրելու: Այդ գիշեր փուլ էր եկել բազմաբնակարան նրանց շենքի անկյունային պատը՝ հրաշքով անվնաս թողնելով պատի մոտ հավաքվածներին:

\"\"
\"\"

«Առավոտը» դեռեւս մեկ տարի առաջ՝ 2009 թվականի հունվարի 31-ին, «Կաթողիկոսի «հայրենակիցների» վտանգաշատ կյանքը» հրապարակմամբ անդրադարձել է Ոսկեհատ գյուղում 1930-ականներին կառուցված, այժմ վթարային վիճակում գտնվող երկհարկանի շինությանը եւ նրա բնակիչներին: Ահազանգել էինք, տեղեկացրել, որ 17 ընտանիք մոռացության են մատնված, այս գյուղում է կաթողիկոսի հայրական տունը, Վեհափառն այստեղ հաճախակի է լինում, 2002-ից այսկողմ էլ Ոսկեհատի գյուղապետը կաթողիկոսի եղբայրն է՝ Գեւորգ Ներսիսյանը:
Որ մի օր փլվելու էր ոչ թե պատը, այլ շենքն ամբողջությամբ, բնակիչները սպասում էին, պարզապես այդ ավերակներում համառորեն շարունակում են ապրել սոսկ այն պատճառով, որ ապրելու այլ տեղ չունեն: Շենքի 17 ընտանիքից այս պահին 10-ն է փաստացի բնակվում: Յոթ ընտանիք կարողացել է տուն վարձակալել կամ ժամանակավոր տեղավորվել հարազատների մոտ: Այլընտրանք չունեցող 10 ընտանիքի գոյությունն էլ ոչ թե կյանքի, այլ՝ պայքարի է վերածվել: Պատերից ու առաստաղից շարունակ թափվող քարերն ու հողը լարվածության մեջ են պահում հատկապես մանկահասակ երեխաներ ունեցողներին, որոնց՝ ծնողները այս ու այն կողմ են փախցնում, երբ քամուց անգամ շենքի պատերը սկսում են շարժվել: Կան բնակարաններ, որոնց պատերի եւ առաստաղի միջեւ բացված ճեղքերից երկինքն է երեւում:
Կիսով չափ փայտաշեն շենքը 75 տարեկան է: Նախկինում զինվորական հիվանդանոց է եղել, 1945-50-ականներին՝ վերածվել բնակելի տան: Այդ ժամանակներից սկսած, այստեղ մշտական բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից եկածները: Ամենահին բնակիչներից են Խաչատրյանները, որոնք ամենաշատն են տուժել վերջին փլուզումից հետո: Ընտանիքը ամուր կողպել էր տան դուռն ու ժամանակավոր ապաստան գտել մերձավորների մոտ: Հարեւանները նրանց քարուքանդ եղած բնակարան մտնել խորհուրդ չտվեցին, ասացին, որ պատերն ու հատակը ճոճվում են եւ ամեն րոպե տունը կարող է փլվել: Համոզվելու համար մտանք ու մնացինք մի կետում քարացած-կանգնած. ավելորդ քայլը կարող էր ճակատագրական լինել:
Ոչ պակաս ավերակ ու վտանգավոր են նաեւ մյուս բնակարանները, որտեղ, սակայն, մարդիկ դեռ շարունակում են ապրել: Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ վախը սրտներում են քնում ու արթնանում ուրախացած, որ մի գիշեր էլ են անկորուստ լուսացրել: «Աչքներիս առաջ տուններս քանդվում է, բայց ոչինչ անել չենք կարող: Փորձել ենք մեր ուժերով ծեփ ու սվաղ, մի քիչ էլ կոսմետիկ նորոգումներ անել, որ եւ փլուզումը կանխենք, եւ տունն էլ ապրելու համար հաճելի դարձնենք, բայց՝ անօգուտ: Մի բան որ հիմքից է խարխուլ, արտաքին ոչ մի միջամտություն չի օգնի: Ես չեմ հասկանում. մեր ղեկավարները ինչքա՞ն կարող են չտեսնելու տալ գոյություն ունեցող խնդիրը: Ուզում են միանգամից շենքը քանդվի գլխներիս, որ պրծնենք-գնա՞նք, որ չլինենք ու հարցն էլ փակվի՞»,- ասաց Հռիփսիմե Բայմանյանը:
Քաղաքաշինության նախարարության հանձնարարականով «Հայսեյսմշին եւ ԿՊԳՀԻ» ՓԲԸ-ը տարբեր տարիների տեղազննել է շենքը եւ ամեն անգամ նոր արատներ հայտնաբերել: Վերջին՝ 2002 թվականի եզրակացության հիման վրա, շենքը որակվել է 4-րդ կարգի վթարային եւ առաջարկվել է բնակիչներին տարհանել, շենքը քանդել: Առաջարկի իրագործումը Արմավիրի այն ժամանակվա մարզպետ Ալբերտ Հերոյանը թողել է Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանին, վերջինս էլ՝ բնակիչների հայեցողությանը: Կամ՝ պարզապես խորհուրդ է տվել տեղավորվել հարազատ-բարեկամների տներում:
Իրենց ոչ այն է բնակարանային խնդրի, ոչ այն է՝ կյանքին եւ առողջությանը սպառնացող եւ օր օրի ահագնացող վտանգի մասին բնակիչները քանիցս գրավոր դիմել-տեղեկացրել են թե Արմավիրի մարզային, թե երկրի ղեկավարությանը: Բնակիչների ասելով՝ կառավարությունը գումար է հատկացրել կամ նոր շենք կառուցելու, կամ բնակիչներին տրամադրելու համար: Սակայն Արմավիրի մարզպետարանից տեղեկացրին, որ կառավարությունում Ոսկեհատի բազմաբնակարանի հարցը քննարկվել, բայց որոշում չի կայացվել:
2009-ի սկզբներին շենքի բնակիչներն անակնկալի են եկել, երբ իրենց անհյուրընկալ հարկի տակ Վեհափառ հայրապետին են տեսել՝ ինչ-որ մեկի հետ: «Շենքն էին զննում, բայց թե ինչի համար, ինչ նպատակով՝ այդպես էլ չիմացանք»,- ասացին հավաքվածները:
Դառը մի իրողություն եւս. բնակարանային պայմանները որոշ ընտանիքների հասցրել է քայքայման: Էքստրեմալ պայմաններին չդիմանալով՝ տունը լքել ու հեռացել են հատկապես երիտասարդները: «Ինչո՞ւ պիտի իմ միակ երեխան հեռանա ինձնից, ես էլ անտուն-անտեղ դառնամ թափառական՝ սրա-նրա տանն ապրելով»,- ասաց Սվետլանա Պետրոսյանը:
Մենակ է մնացել նաեւ Համբարձում Դիշլարյանը: Նրա կինն ու երեխաները հեռացել են՝ «սուր զգացողությունների» վայելքը թողնելով ընտանիքի հորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել