Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անփութությունը՝ կտակի խոչընդոտ

Հունվար 19,2010 00:00

Հերթական դեպքը, երբ օրենքը եւ կյանքը չեն մեկտեղվում

Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ՝ 87-ամյա Օֆիկ Պետրոսյանն ու 90-ամյա Անահիտ Աբգարյանը անկողնային հիվանդներ են. առաջինը՝ 4, երկրորդը՝ 6 տարի: Կյանքի մայրամուտին գտնվող երկու կանայք էլ իրենց տները սեփական որդիներին կտակելու ցանկություն ունեն, բայց կարծես հնարավորություն չունեն: Համենայնդեպս, խնդրի առաջ են կանգնել:
Անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ գյուղաբնակների անփույթ ու անտարբեր վերաբերմունքի հետեւանքը տարեց կանայք ու նրանց ընտանիքները հիմա են զգում՝ իրենց մաշկի վրա: Հիմա են հասկանում, որ տունը ժառանգներին կտակելու ցանկությունը դեռ բավարար պայման չէ. դրան պետք էր պատրաստվել նախապես՝ բոլոր փաստաթղթերը կարգի բերելով: Սակայն ոչ կանայք, ոչ էլ նրանց հարազատները այդ մասին մտածելու ժամանակ չէին ունեցել, ինչի հետեւանքով  հայտնվել են անելանելի իրավիճակում:
Չնայած տարածքի նոտարը համաձայնել է անկողնային հիվանդներին այցելել անձամբ ու կտակները տեղում կազմել, բայց երբ իմացել է, որ նրանց անձնագրերի ժամկետները լրացել են՝ հրաժարվել է: «Երբ ժամկետները կերկարացնեք՝ այդ ժամանակ էլ ինձ կհրավիրեք»,- ասել է:
Օֆիկ Պետրոսյանի հարսին՝ տիկին Սաթենիկին հանդիպեցինք Արմավիրի ոստիկանության անձնագրային բաժանմունքում: Տունը կտակելու պայմաններին ծանոթանալու եկած կինը հուսահատվել էր. նրան ասել էին, որ սկեսուրի ժամկետանց անձնագիրը լուրջ խոչընդոտ է կտակ կազմելու եւ մնացած գործողությունների համար:
Արմավիրի ոստիկանության անձնագրային բաժնի պետը  87-ամյա Օֆիկ Պետրոսյանի անձնագրի ժամկետը երկարացնելու համար հարսին՝ տիկին Սաթենիկին ասել էր, թե պետք է անձամբ տեսնի վերջինիս սկեսուրին, որից հետո միայն Օֆիկ Պետրոսյանի անձնագրում կդրոշմի այդքան բաղձալի կնիքը: «Հասկանո՞ւմ եք՝ նա տեղաշարժվել չի կարող, առողջական ծանր խնդիրներ ունեցող կին է. ոչ միայն հնարավոր չէ նրան  մեքենա նստեցնել, այլ՝ տեղից շարժել ընդհանրապես: Ես անձնագրայինի պետին չեմ մեղադրում. նա աշխատում է՝ օրենքը չխախտելով, բայց ի՞նչ անենք մենք, երբ ամեն րոպե կարող ենք տունը կորցնել: Հետո էլ ընկնենք դատարանների դռները, փեշով փող ծախսենք, որ մեր սեփական տան օրինական ժառանգնե՞րը դառնանք: Ամեն մի հարցում օրինակ ենք վերցնում զարգացած երկրներից. այս հարցում ինչո՞ւ չենք ընդօրինակում Ռուսաստանի փորձը, որտեղ 45-50 տարեկանից հետո անձնագրի ժամկետ  չեն երկարացնում», նեղսրտում է հարսը:
Սաթենիկ Պետրոսյանը ցավում էր, որ չէր հասցրել տեսնել աշխատանքային այցով դեկտեմբերի 17-ին իրենց գյուղ այցելած վարչապետին: Ասաց, որ վարչապետին նամակ էր պատրաստել, որում խնդրել էր՝ վերանայել Քաղաքացիական օրենսգրքում կտակի մասին հոդվածը, հատկապես այն դրույթը, որը վերաբերում է հիվանդ ու տեղաշարժման անընդունակ տարեցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել