Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂԻ «ԳՐՊԱՆԸ»… ՄԻՇՏ ԷԼ ԾԱԿ Է

Հունվար 19,2010 00:00

Արտեմ Եղոյանը 2008թ. մարտի 24-ին 5 միլիոն 600 հազար դրամ է տալիս իր դասընկերոջը՝ Գագիկ Ավետիսյանին: Վերջինս ստացականով պարտավորվում է 1 տարի հետո վերադարձնել այն:
Ստացականը ստորագրում է նաեւ Ավետիսյանի գործընկերը՝ Հայկ Մարտիրոսյանը, նրա կինը՝ Ալվարդ Բադալյանը:
Ավետիսյանը, սակայն, գումարը չի վերադարձնում, խուսափում է հանդիպել Եղոյանի հետ, որն այդ ժամանակ ձեռք էր մեկնել դասընկերոջը՝ Մերգելյանի ինստիտուտի դիմաց առեւտրի կրպակներ ձեռք բերելու նպատակով գումար տրամադրելով: Ի դեպ, 2005թ. օգոստոսի տվյալներով, այդ տարածքի նկատմամբ առկա է «Արցախ-91» արտադրական կոոպերատիվի սեփականության վկայականը:
Ա. Եղոյանը դիմում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով, երբ մարդկային համբերության հնարավորությունները սպառվել էին: Դատարանում Ավետիսյանի ներկայացուցիչն առարկել էր հայցի դեմ, ասելով, թե իր վստահորդը պարտավորվել է Եղոյանին փոխհատուցել «կառուցվող կրպակների մակերեսով, այդ օրվա շուկայական գնից 10% զեղչով»:
Ա. Եղոյանի հայցը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է, գտնելով, որ խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի 1-ին մասի պահանջները, այն է՝ պարտապանը պարտավոր է մեկ այլ անձի՝ պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն:
Այս պարզ պահանջադիմումը հանգրվանում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում. բողոք բերողը անվճարունակ Ավետիսյանն էր: Վերաքննիչ դատարանը Ավետիսյանի կողմից «կառուցվող կրպակների մակերեսով» փոխհատուցման ակնարկը համարում է այլընտրանքային հնարավորություն, սակայն արձանագրելով. «Չի հստակեցված, թե կոնկրետ որ կրպակի մակերեսով կարող է հատուցվել հայցվորից ստացված գումարը: Պայմանագրում պարզապես նշվել է՝ կառուցվող կրպակի մակերեսով ձեւակերպումը, որի շուրջ էլ ձեռք է բերվել համաձայնություն»:
Վերաքննիչ դատարանը գտել էր, որ պետք է կատարվի կրկնակի քննություն, քանի որ պարզ չէ նաեւ, թե ինչ կապ կա Ավետիսյանի եւ, մասնավորապես, տարածքի նկատմամբ սեփականության վկայական ունեցող վերոհիշյալ «Արցախ -91» կոոպերատիվի միջեւ:
Ընդհանուր իրավասության վճիռը բեկանվել է եւ գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել