Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բացել է իր բլոգը՝ https://tigransargsyan.livejournal.com հասցեով:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», առայժմ բլոգում տեղադրված է մեկ գրառում, որն արվել է հունվարի 14-ին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Անկեղծ ասած՝ ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը՝ զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ: Այդ պատճառով էլ ստեղծել եմ այս տարածությունը, որտեղ ես կներկայացնեմ իմ խոհերն ու գաղափարները, որտեղ իմ խոսքերի եւ գործողությունների վերաբերյալ դատողությունները կբխեն ուղղակիորեն ձեզնից: Կարծում եմ՝ շատ կարեւոր է այն իրողության գիտակցումը, որ աշխարհի մասին մեր գիտելիքներն ու պատկերացումները հնանում են: Մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ՝ փոխվում են, փոխվում են պահանջներն ու սպասելիքները: Իմ սպասելիքները՝ ձեզնից, ձերը՝ ինձնից:
Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ՝ համոզված եմ, ինձ: Ենթադրում եմ՝ մենք փոխադարձ ուշադրության պահանջ ունենք, դա նշանակում է, որ մեր շփումը հետաքրքիր է լինելու»: