Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շատրվանները քանդվեցին

Հունվար 19,2010 00:00

\"\"Չնայած մի քանի օր առաջ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտի» հարցմանը պատասխանել էին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» սուպերմարկետի դիմացի այգու շատրվանները քանդելու համար որեւէ մեկը թույլտվություն չի ստացել, եւ շինաշխատանքները կասեցված են, կիրակի օրն այդ նույն շատրվաններն արդեն ամբողջությամբ քանդվել էին:
Երբ «Առավոտի» եւ «Չորրորդ իշխանության» արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը կիրակի օրը փորձել է լուսանկարել շատրվանների քանդման աշխատանքները, տարածքում գտնվող մարդիկ նրան քաշքշել են եւ լրագրողի վկայականը ձեռքից խլել: «Առավոտի» (14.01.10) «Շատրվաններն անօրինական են քանդվել» հոդվածում մենք արդեն նշել էինք, որ, ըստ տեղեկությունների, շատրվանների քանդման աշխատանքների նախաձեռնողը հենց «Ֆրեշ» սուպերմարկետի տերերն են, որոնք պատրաստվում են այդ մասում իրենց եւ հաճախորդների համար ավտոկայանատեղի հիմնել:
Այս առնչությամբ երեկ «Առավոտը» կրկին պարզաբանումներ խնդրեց Երեւանի քաղաքապետարանից: Մեր հարցին, թե, փաստորեն, քաղաքապետարանի զգուշացումները՝ տարածքը չքանդելու եւ նախկին տեսքին բերելու, շատրվանները քանդողները բանի տեղ չեն դրել եւ արդյունքում այսօր արդեն այգու շատրվաններից ոչինչ չի մնացել, քաղաքապետարանից հայտնեցին. «Մաշտոցի պողոտայում՝ «Ֆրեշ» սուպերմարկետին հարող տարածքը բարեկարգելու նպատակով՝ «Ֆրեշ» ՍՊԸ-ն դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն մինչ գրավոր թույլտվություն ստանալը տվյալ կազմակերպությունը սկսել է շինարարությունը, որի համար Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության կողմից ենթարկվել է վարչական տուգանքի։ Հիմա տվյալ տարածքի վերակազմակերպման համար ընկերությանը տրվել է համապատասխան թույլտվություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել