Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՆՈՒՄ ԵՆ

Հունվար 19,2010 00:00

Գյումրեցի «տաքսիստները» պահանջում են իրենց իրական եկամուտները որոշելու համար Գյումրիում մարդահամար անցկացնել՝ նոր միայն հարկահավաքությամբ զբաղվել:

Կառավարության՝ անհատ տաքսիների վարորդներին հարկային դաշտ բերելու որոշումը երեկ Գյումրիում հերթական բողոքի ալիք էր բարձրացրել: Առավոտյան ժամը 7-ից մոտ 1500 տաքսու վարորդ հավաքվել էին քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել իրենց նկատմամբ սկսած «հետապնդումները»: Այսպիսի բողոքի ակցիաները ոչնչով չեն տարբերվում քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքներից. այստեղ քաղաքական ու տնտեսական «ինքնատիպ» վերլուծություններից, օրինակ՝ Սահակաշվիլի-Սերժ Սարգսյան կամ Պուտին-Տիգրան Սարգսյան համեմատություններից բացի, նորանոր բացահայտումներ են հնչում այս կամ այն օլիգարխի գույքի ու ունեցվածքի մասին: «Եթե էդքան մտահոգված եք երկրի զարգացմամբ, էնպես արեք, որ Գյումրիում ձեւի համար գոնե մեկ-երկու մարդ մնա, բոլորդ էլ գիտեք, որ Գյումրին դատարկվում է, կործանվում է, էլ մարդ չի մնացել, տաքսու վարորդները ժամերով կանգնում են, էս կամ էն հարբածի քիթ ու մռթի հետ են խաղում, որ մի գործ կպցնեն, բայց էլի հնար չկա: Տարրական հաշվարկ է, էսօր Գյումրիում էնքան մարդ կա, որքան տաքսի, էլ տաքսու վարորդի գործը որտեղի՞ց պիտի ծաղկի, որ հարկայինին էդպիսի ճոխ գումարներ մուծի: Մեր քաղաքում տաքսու գներն անհամեմատ էժան են, ուզում ես քաղաքի մի ծերից մյուսը քշի՝ 500 դրամից ավելի տվող չկա, սա Երեւանը չի, որ տաքսի չնստած՝ 1500 դրամը ձեռքիցդ խլեն: Ամեն ինչ թանկացավ, նույնիսկ պերաշկին թանկացավ՝ դարձավ 60 դրամ, բայց տաքսու գները նույնը մնացին: Եթե հարկային դաշտից եք փիլիսոփայում, ուրեմն քարոզներդ պահեք օլիգարխների համար, որ ջեբերս են մտել, մեկ-մեկ հատ ջեբկիրներ են: Ի՞նչ է ասածներդ, մենք էլ թողնենք երկրից գնանք, որ բավարարված զգա՞ք»,- վրդովված պատմում էին բողոքավորները:
Մարզպետարանի հարեւանությամբ գործ անող տաքսու վարորդներից մեկի ասելով, եթե իրենց հաջողվի օրական երեք «ռեյդ» անել ու, ասենք, երկու հազար դրամ տուն տանել, այդ օրը փառք կտան Աստծուն: Վարորդների դժգոհելով, Գյումրին նաեւ ծախսատար քաղաք է, երկրաշարժից հետո փողոցները ավերակ են դարձել ու այդպես էլ մնացել, սակայն «աղետի» գոտի ասվածը կառավարությանը ամենեւին էլ չի հետաքրքրում: Նրանց առավել զայրացրել է մեքենաների համար սահմանված տարիքը:
«Հանրապետությունը «07»-երով ու «վոլգաներով» են լցրել, մեզ էլ ստիպում են գնալ ու գնել, դրանց գինը $10 հազարից պակաս չի, եթե էդքան գումար ունենանք, էլ վարորդ ինչի՞ կաշխատենք: Ո՞ւմ են հիմարի տեղ դրել, մի օլիգարխի բիզնեսը ծաղկեցնելու համար հազար հոգու սովից մեռցնելո՞ւ են, ուզում են սաղ ավտոները հանեն, որ իրենց ավտոները վրեքներս սաղցնեն: Եթե «տեխասմոտր» ենք անցել, ուրեմն մեր մեքենան պիտանի է, էլ ինչի՞ց են խոսում: Եթե էդքան մտահոգված են, թող գնան ու շտապօգնության մեքենաները փոխեն, 30 տարվա ծակ, պոլ չունեցող մեքենաներով հիվանդ են տեղափոխում, ուրեմն մեր 15 տարվա մեքենաները չե՞ն կարող երկու առողջ ուղեւոր տեղափոխել: Խուժան երկիր է: Մի հատ բարեհաճեք մարդահամար անցկացնել, նոր, ըստ տեղանքի բնակչության թվի, գումար գանձեք»,- նեղսրտում էին վարորդները՝ պահանջելով հաշվի առնել նաեւ Գյումրիի գործազրկության ցուցանիշը: Բողոքավորները վստահեցնում էին, որ իրենց գերակշիռ մասը պրոֆեսիոնալ է, ունեն առաջին կարգի վարորդական իրավունքներ, իսկ տաքսու սերվիսում աշխատողները փորձառու չեն, նրանք ձմռան օրերին վախենում են, ասենք, Ամասիայի դժվարանցանելի ճանապարհներով քշել:
Բողոքավորներն այս անգամ օտարերկրյա հյուպատոսարանի դռները չթակեցին, այլ անիծելով մարզից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին՝ դիմում-բողոք ներկայացրին Գյումրիի քաղաքապետարան ու Շիրակի մարզպետարան: Շիրակի մարզպետարանի դիմաց նրանց շրջափակեցին կարմիր բերետավորները: «Եթե մեր ձայնը չլսեն, ստիպված կլինեն ավելի վատ պատմության մեջ ընկնել, թող էնպես չանեն, որ ցուցադրաբար ձեն-ձենի տված՝ օտարերկրյա դեսպանատներից ապաստան խնդրենք կամ Թուրքիայի սահմանն անցնենք»,-նախազգուշացնում են բողոքավորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել