Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատերազմի վտանգը ռեալ է

Հունվար 19,2010 00:00

Կարծում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը

«Պետք չէ տնտեսագետ լինել հասկանալու համար, որ Հայաստանի վիճակը պարզապես աղետալի է: Գնում ենք անդունդ, եւ դա յուրաքանչյուրը զգում է իր կաշվի վրա»: Այս կարծիքին է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, որը խիստ անհեթեթ է համարում պաշտոնյաների կողմից արված այն հայտարարությունները, իբր տնտեսական ճգնաժամը արդեն անկում է ապրում: Ընդհակառակը, տնտեսագետի կանխատեսմամբ, «Հայաստանը կարիք ունի տնտեսական եւ քաղաքական բուժօգնության, քանի որ ճգնաժամը գնալով խորանալու է»: Որպես ասվածի հիմնավորում, պարոն Բագրատյանը բերեց մի քանի օրինակ: Մասնավորապես, մեր երկրի արտաքին պարտքը տարեցտարի աճում է: 2008-ին արտաքին պարտքի սպասարկման համար մեր պետությունը ծախսել է $54 մլն, 2009-ին՝ $74 մլն, 2010-ին կծախսի $115 մլն, 2011-ին՝ $129 մլն, 2012-ին՝ $280 մլն, իսկ արդեն 2013-ին՝ $470 մլն, ինչն ավելին է, քան բանակի համար պետբյուջեով նախատեսված տարեկան գումարը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը անտեղի համարեց նաեւ կառավարության կողմից կառուցապատողների խրախուսումը, քանի որ հենց նրանց պատճառով է նաեւ ծագել ճգնաժամը, որովհետեւ հենց նրանք են իրենց անձնական շահի համար էլիտարներ կառուցել ու «կրակն ընկել»: Որպես պետության վարած սխալ քաղաքականություն, տնտեսագետը նշեց նաեւ մասնավոր լոտոյի առկայության հանգամանքը Հայաստանում. «Ծիծաղելի է ունենալ մասնավոր լոտո, նման բան աշխարհում չկա: Դա առանց ռիսկի փող է, մաքուր եկամուտ է, եւ դա պետք է պետական լինի»:
 Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ պարոն Բագրատյանի, հետեւյալն է. «Պետք է մի խումբ հայրենասերներ լինեն, որ այս հարցը լուծվի»: Իսկ այդ մի խումբ հայրենասերներին տնտեսագետը տեսնում է մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի շարքերում. «Նախ, մենք թույլ չենք տա, որ հանրապետության նախագահը լինի միլիոնատեր կամ հայ եկեղեցին զբաղվի կոմերցիայով, ինչն այսօր անում է մեր եկեղեցին: Էլ ի՞նչ եկեղեցի, ի՞նչ Քրիստոս»:
Իսկ թե ինչպես է պարոն Բագրատյանը գնահատում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տնտեսական աշխուժություն ապահովող 3 կարեւոր ծրագրերի արդյունավետությունը, նա ասաց. «Թե «Համահայկական բանկի», թե նոր ատոմակայանի եւ թե Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ծրագրերը մեր գաղափարներն են, դրանք հայտնի են եղել դեռեւս 1996 թվականին»:  
Ինչ վերաբերում է մեր կառավարության վարած դրամավարկային քաղաքականությանը, ապա, ըստ Հ. Բագրատյանի, տպավորությունն այնպիսին է, որ ուզում են մեր ժողովրդին վատություն անել. «Մեր պետությունը պարտք է վերցնում եւ դրամի կուրսը ֆինանսավորում, ինչը ձեռնտու է միայն ներկրողին: Վնասավորությո՞ւն ասեմ, դամբուլությո՞ւն ասեմ, չգիտեմ ինչ ասեմ»:
Հայ-թուրքական հարաբերություններում, պարոն Բագրատյանի դիտարկմամբ, ներկայումս հաշիվը 1:0 է՝ հօգուտ Թուրքիայի: Տնտեսագետը վստահ է, որ մեկ տարի հետո մենք խնդրելու ենք, որ ԼՂՀ հարցում առաջարկեն այն տարբերակը, որն այսօր մեզ համար անընդունելի է: Պատերազմի վերսկսման վտանգը, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, շատ ռեալ է. «Եթե պատերազմ լինի, այն կլինի ոչ թե Ղարաբաղում, այլ՝ Հայաստանում: Այսօր Ադրբեջանը Իսրայելից հրթիռներ է գնում եւ դրանց միջոցով կարող է Բաքվից ռմբակոծել Երեւանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել