Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» ՉԵՆ ԿԱՆՉԵԼ

Հունվար 19,2010 00:00

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կարծիքով, Ատոմէներգասեյսմանախագիծ»
ինստիտուտը կործանվել է նաեւ աշխատակիցների մեղքով:

Նախորդ տարեվերջին, էներգետիկների օրվա առիթով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասուլիս էր հրավիրել ու ոգեւորված շնորհավորում էր մեր երկրի բոլոր էներգետիկներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ:
Ի տարբերություն նախարարի բարձր տրամադրության, իրենց տոնը արցունքներով նշեցին «Ատոմէներգասեյսմանախագիծ» ինստիտուտի ավելի քան 70 աշխատակիցներ: Նրանք արդեն 1 տարի է՝ գործազուրկի կարգավիճակում տանը նստած են: Այսօրվա դրությամբ նրանցից միայն 9-ն է աշխատում ընկերությունում, այն էլ՝ պահակի հաստիքով: Մնացած մասնագետները, որոնք նախկինում փայլել են իրենց հմտություններով ու մեծ համբավ բերել մեր հանրապետությանը, հիմա հարկադիր պարապուրդի մեջ են: «Ատոմէներգասեյսմանախագիծ» ընկերությունում կատարվող իրադարձությունների ու խնդիրների մասին «Առավոտը» զրուցեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ.
– Պարոն Մովսիսյան, ինչպե՞ս կմեկնաբանեք երբեմնի հարուստ եւ եկամտաբեր այդ ընկերության անկումը, ինչո՞ւ է հիմա պետական սեփականություն հանդիսացող այդ ինստիտուտը հայտնվել նման ողբալի վիճակում, երբ գույքի մեծ մասը վաճառվել է, հսկայական պարտքեր կուտակել, աշխատակիցներին գործազուրկ դարձրել:
– Այդ ինստիտուտի աշխատանքները սպեցիֆիկ աշխատանքներ են: Պետք է պատվեր լինի, որպեսզի հնարավոր լինի այդ մասնագետներին աշխատանքով ապահովել: Այդ ինստիտուտը ժամանակին ստեղծվել էր՝ Մեծամորի ատոմակայանի շինարարության հետ կապված եւ այս ընթացքում բավականին մեծ գործ են կատարել: Բայց այն ժամանակ դա միակ ինստիտուտն էր, իսկ հիմա կան բազմաթիվ նմանատիպ կազմակերպություններ, որոնք ուժեղ մրցակիցներ են: Նրանք պետք է կարողանան նոր սարքավորումներ ու հնարավորություններ ձեռք բերել եւ իրենց համար պատվերներ գտնել:
– Բայց աշխատակիցները ո՞նց կարող են իրենց համար պատվեր գտնել, ընկնեն փողոցները էստի համեցե՞ք կանչեն, ասեն ո՞վ է ուզում սեյսմահետախուզական աշխատանքներ անենք:
– Բա ոնց, պետք է գտնեն պատվեր, բա մյուսները ո՞նց են անում: Ո՞նց է այսօր Էներգետիկայի ինստիտուտը պատվեր իրականացնում Մոսկվայի համար: Նույնը եւ իրենք պետք է կարողանան անել: Թող տնօրենը գնա պատվեր գտնի, ողջ կոլեկտիվը  աշխատի: Այսօր հո մենակ ինձանով չի՞ այս էներգետիկայի նախարարությունը: Մովսիսյան Արմենը լավ թե վատ նախարար է՝ դա միայն Մովսիսյան Արմենի վաստակը չէ, այլ՝ այն ամբողջ կոլեկտիվի, որն ինձ հետ աշխատում է: Ինչո՞ւ Էներգետիկայի ինստիտուտը կարողացավ զարգանալ, նույն կարգավիճակում այդ ինստիտուտն էր: Ինչ-որ ընկերության համար հո նախարարությունը պատվեր չի՞ բերելու, դա մեր խնդիրը չէ: Ինչ վերաբերում է այնտեղ առաջացած խնդիրներին՝ ծանոթ եմ: Իմ հանձնարարությամբ այնտեղ ուսումնասիրություններ են կատարվում:
– Ինստիտուտում աուդիտ անցկացնելու ձեր հրամանը եղել էր հոկտեմբերի 26-ին, միայն դրանից հետո են ձեր մասնագետները ուսումնասիրություններ սկսել, մինչդեռ մինչ այդ՝ սեպտեմբերի 19-ին դուք մեր օրաթերթում ընկերության վերաբերյալ հրապարակման առնչությամբ վստահեցրել էիք, որ այդ ժամանակ արդեն սկսել եք ուսումնասիրություններ կատարել, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ անհամաձայնությունը:
– Ես «դատաների» մեջ չեմ խորացել, չեմ հիշում:
– Ինստիտուտի տնօրեն Հրահատ Հակոբյանն ասում էր, որ այն բոլոր մեքենաներն ու սարքավորումները՝ կամազներ, ուազներ, ձեր գիտությամբ եւ համաձայնությամբ է վաճառել: Այդպե՞ս է:
– Մի քանի բան նա մեզ ներկայացրել է եւ մենք թույլ ենք տվել դրանք վաճառել, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ ենք տվել այն ծավալները, ինչ թերթում գրված էր, իմ հանձնարարության նպատակն այն է, որպեսզի ստուգեն՝ ինչ թույլ ենք տվել՝ միայն դա՞ է վաճառվել, թե՞ ավելի շատ գույք: Եվ հետո, դա շուկա չի, որ դնեն ցուցափեղկում ու ինչ ուզեն, ինչ գնով ուզեն՝ վաճառեն: Գոյություն ունեն սահմանված կարգեր ու եթե դրանք չեն պահպանվել, պետք է պատժվեն: Հրահատ Հակոբյանը պետք է իր արածի ու չարածի համար պատասխան տա:
– Հրահատ Հակոբյանը չի ժխտել, որ դրանք վաճառվել են ամբողջ ցանկով:
– Մենք միայն նշված գույքի մի մասի համար ենք համաձայնություն տվել, այն էլ՝ նրա համար, որովհետեւ պարտքեր ուներ ինստիտուտը, այդ մեխանիզմները, միեւնույն է, չէին օգտագործվելու եւ պահելով՝ իզուր տեղը իրենց արժեքն էին գցում:
– Հիմա ի՞նչ է լինելու այդ ինստիտուտի հետ, աշխատակիցները որոշակի պատասխանի են սպասում՝ լուծարվելո՞ւ է, թե՞ ներդրումներ եք անելու, որ գործի:
– Կքննարկենք ու կտեսնենք, թե ինչքանով է նպատակահարմար ներդրումներ անելը, իրեն կարդարացնի՞, թե՞ ոչ: Այդ ինստիտուտը աշխատանքի ընթացքում, այսպես ասած՝ իր իմիջը գցել է եւ շուկայում իր պահանջարկը կորցրել է: Պետք է կյանքի հետ փորձեն զարգանալ: Եթե 20 տարի առաջ նրանք հանրապետությունում միակն էին, պետք է կարողանային այդ մենաշնորհը պահել: Դա ոչ նախարարը պետք է պահեր, ոչ էլ կոնկրետ մեկը, այլ՝ իրենց կոլեկտիվը, պետք է որակավորում ձեռք բերեին, ժամանակակից տեխնիկային տիրապետեին:
– Երբ տնօրենի թափուր տեղի համար պայքարում էին նախկին տնօրեն Ֆրիդրիխ Առաքելյանն ու Հ. Հակոբյանը, ինչո՞ւ դուք մերժեցիք նախկինին ու հենց Հրահատին ընդունեցիք: Հիմա Ֆրիդրիխը Ռուսաստանում բավականին լավ աշխատանքի է անցել, եւ աշխատակիցները հենց ձեզ են մեղադրում, որ իր տեղակալին ընտրեցիք ու գործը ձախողման գնաց:
– Ֆրիդրիխն ատեստացիան չէր անցել, նախարարը հանել-չհանել չէր կարող: Ֆրիդրիխի ձեռքն էստեղ ո՞վ էր բռնել, որ իրեն Ռուսաստանում դրսեւորեց: Տնօրեն էր՝ ամբողջ հնարավորություններն իր ձեռքում էին, թող օգտագործեր: Եթե նա այսօր Ռուսաստանում լավ գործի է՝ դա չի նշանակում, որ նա լավ մասնագետ է կամ լավ կազմակերպիչ:
– Ինստիտուտի կոլեկտիվը համոզված է, որ իրենք պարզապես համապատասխան սարքավորումներ չունեն, որ պատվեր բերեն ու կատարեն: Այն գործը, որն այսօրվա հնամաշ տեխնիկայով ինստիտուտն անում է 7 ամսում, ուրիշներն անում են մեկ շաբաթում:
– Գիտեք ինչ կա, ես պատրաստ եմ վաղը միջոցներ գտնել ու այդ սարքավորումները գնել, բայց պետք է վստահ լինեմ, որ այդ սարքավորումների պարտքն էլ չի կուտակվելու այդ ինստիտուտի ունեցած պարտքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել