Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՄԵԿՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱ՞Ն ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հունվար 19,2010 00:00

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է, որ ԵԽԽՎ հունվարի 25-29-ը անցկացվելիք նստաշրջանին չեն մասնակցելու պատվիրակության փոխարինող անդամները: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն արդեն իսկ նշանակվել է փոխարինող անդամ: Սակայն նա շարունակում է անդամակցել, ի շարս այլ հանձնաժողովների՝ նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովին, որը հաջորդ շաբաթ քննարկելու է ԱԺ «Մարտի 1»-ի հանձնաժողովի զեկույցը: Ըստ այդմ՝ հնարավորություն չի՞ ունենա մասնակցել այդ քննարկմանը՝ հարցին ի պատասխան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Այս պահին «Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու իմ մեկնել-չմեկնելու կապակցությամբ: Բայց քանի որ «Ժառանգությունը» շատ է կարեւորում այս նստաշրջանին իր ներկայացուցչի մասնակցությունը՝ մեր ուժերի շրջանակներում փորձելու ենք ամեն ինչ անել, որ կարողանանք մասնակցել»:
Այս նստաշրջանի օրակարգում են մի շարք հարցեր, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն Հայաստանին, եւ Զարուհի Փոստանջյանը նախապես հերթագրվել է ինչպես հարցապնդումների, այնպես էլ ելույթների համար. «Շատ եմ կարեւորում երկու հարց, որոնց վերաբերյալ պատրաստվում եմ ելույթ ունենալ: Հունվարի 27-ին քննարկվելու է զեկույց, որը մասնավորապես վերաբերում է Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների խղճի ազատության եւ մարդու այլ իրավունքների վիճակին: Նույն օրը քննարկվելու է նաեւ մեկ այլ զեկույց, որը վերաբերում է նրան, թե Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ինչպես է հարգվում մամուլի ազատությունը: Այս զեկույցում եւ բանաձեւի նախագծում ներառված են Հայաստանում խոսքի ազատության իրավիճակի եւ Հրանտ Դինքի գործի վերաբերյալ իմ առաջարկած լրացումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել