Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը մեկնել էր Մոսկվա

Հունվար 19,2010 00:00

Ենթադրվում է, որ Մոսկվայում ձեռք կբերվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին պայմանավորվածություն:

Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ կարճատեւ աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: «Ռեգնումի» փոխանցմամբ, երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ Մեդվեդեւը հայտարարել էր, թե կողմերը քննարկելու են ընթացիկ օրակարգը՝ տնտեսական կապեր,  արտաքին քաղաքական ոլորտում երկկողմ հարաբերություններ. «Իհարկե, կխոսենք նաեւ ղարաբաղյան հակամարտության մասին, թե ինչ պետք է անել այս տարի, քանի որ այս տարի կարելի է շատ լավ բաներ անել մեր հարաբերությունների եւ մեր ժողովուրդների համար»: ՀՀ նախագահն իր հերթին շնորհակալություն էր հայտնել ՌԴ նախագահին՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հասնելու գործում ունեցած ավանդի համար: «Մենք շահագրգռված ենք բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով եւ այս հարցում մենք ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ ենք, այլեւ, հավանաբար, միանման ենք մտածում»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը: Երկու երկրների նախագահների զրույցը շարունակվել է ՀՀ նախագահի եւ առաջին տիկնոջ պատվին տրված ճաշի ընթացքում:
Ու թեեւ հայաստանյան իշխանական շրջանակները փորձում են երկկողմ քննարկման առարկա դարձած հարցերի լայն շրջանակը մանրամասնելով՝  շրջանցել այն փաստը, որ Սարգսյան-Մեդվեդեւ հանդիպման շարժառիթն ու քննարկման առանցքային թեման հենց ԼՂ հարցն է եղել, այդուհանդերձ, այդ խնդրում շահագրգիռ կողմերի ինտենսիվ շրջայցերը դա մատնում են:
Հայաստանյան փորձագետների եւ քաղաքական գործիչների մի ստվար հատվածը կարծում է, որ այդ այցը պետք է դիտարկել Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Մոսկվա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երեւան, ԵԱՀԿ համանախագահների՝ տարածաշրջան, ՄԽ ամերիկացի համանախագահ  Ռոբերտ Բրադկեի՝ Ստեփանակերտ կատարելիք եւ դեռ սպասվող այցերի համատեքստում: Փորձագետների պնդմամբ, դրանք նպատակ ունեն կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչի մասին կիրակի օրը Ստեփանակերտում խոստովանել է նաեւ ամերիկացի համանախագահը՝ հաստատելով, որ իր տարածաշրջանային այցի նպատակն է նախապատրաստել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ այս շաբաթ կայանալիք հանդիպումը։ Ինչպես «Ռեգնումն» է փոխանցում, սպասվում է, որ Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք կբերվի ԼՂ հակամարտության հարցով եռակողմ՝ նախագահների մակարդակով բանակցություններ անցկացնելու  մասին: Իհարկե, նույն աղբյուրի մատուցմամբ, փորձագետները այդ եռակողմ հանդիպումից եւս խնդրի կարգավորման համատեքստում արմատական բեկում չեն ակնկալում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել