Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի լեզու գիտես՝ այնքան արդյունավետ ես աշխատում

Հունվար 19,2010 00:00

ԱԺ ղեկավարությունը մոռացե՞լ է
միջազգային կառույցներում արդյունավետ աշխատանքի այս կարեւոր սկզբունքը

Տիգրան Թորոսյանը որպես ԱԺ նախագահ պաշտոնավարելիս, քանի որ մինչ այդ երկար ժամանակ ղեկավարել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ չափանիշներ էր սահմանել, ըստ որոնց՝ միջազգային պատվիրակություններում մեր ԱԺ ներկայացուցիչները ռուսերենից բացի պիտի անպայման տիրապետեին նաեւ մեկ այլ օտար լեզվի: Սա անհրաժեշտ է թեկուզ եւ այլ պատվիրակների հետ շփումների եւ արդյունավետ աշխատանքի համար: Հետեւած լինելով 2009-ից որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ հանդես եկող ՕԵԿ ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանի գործունեությանը՝ կարող ենք պնդել, թե նա չի համապատասխանում այդ չափանիշին (թեեւ ԵԽԽՎ կայքէջում որպես նրա աշխատանքային լեզու նշված է անգլերենը): Մեր այս դիտարկմանը նա պատասխանեց. «ԵԽԽՎ-ում կիրառվող լեզուների թվում նաեւ ռուսերենն է, որը համաչափ օգտագործվում է շուրջ 6-7 լեզուների՝ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, իսպաներենի հետ միասին: Տարբերություն չկա, թե դու ո՛ր լեզվով ես խոսում ու ելույթ ունենում: Անցած տարի հունվարին առաջին անգամ մասնակցելով ԵԽԽՎ լիագումար նստաշրջանին՝ հենց առաջին նիստում ելույթ եմ ունեցել ռուսերեն: Բացի այդ՝ երբ մեր խմբակցությունում քննարկվում էր Հայաստանին ձայնից զրկելու հարցը, ես էլի եմ ելույթ ունեցել: (Չենք կասկածում պրն Աղաջանյանի պնդումներին, բայց այնուամենայնիվ՝ ԵԽԽՎ կայքէջում, որտեղ նա շատ օպերատիվ կերպով արդեն ներկայացված է իբրեւ պատվիրակության հիմնական անդամ՝ նշված է, թե Արծրունի Աղաջանյանը որեւէ քաղաքական խմբի անդամ չէ.- Ա. Ի.): ԵԽԽՎ մեր պատվիրակության կազմում այսօր ոչ բոլորն են անգլերենի կամ ֆրանսերենի տիրապետում, եւ այդ լեզուներով ելույթ ունենալու խիստ անհրաժեշտություն երբեք չի եղել եւ չի կարող լինել: Բայց համաձայն եմ՝ ցանկալի է, եւ խիստ օգտակար կլինի, եթե տիրապետես ե՛ւ անգլերենին, ե՛ւ ֆրանսերենին: Ես արդեն պարապում եմ անգլերեն»:
Արծրունի Աղաջանյանն արձագանքելով նախորդ հրապարակումներից մեկում արված մեր դիտարկմանը, թե ի տարբերություն պատվիրակության կազմում մեկ այլ փոխարինող անդամի՝ Հերմինե Նաղդալյանի, որը ե՛ւ ելույթներ է ունենում, ե՛ւ հանդես է եկել իբրեւ ԵԽԽՎ զեկուցող՝ իր նախաձեռնությունները ԵԽԽՎ-ում սահմանափակվել են միայն պատվիրակության կազմած փաստաթղթերին միանալով՝ նկատեց, թե ինքն ընդամենը 1 տարի է, ինչ աշխատում է ԵԽԽՎ-ում, իսկ Հերմինե Նաղդալյանը՝ 2004 թվականից. «Բնական է՝ նրա փորձն ավելի շատ է: Ես մասնակցում եմ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերին: Ակտիվ պատգամավոր եմ մեր խորհրդարանում եւ բնավորությանս համաձայն՝ նաեւ այնտեղ եմ ակտիվություն հանդես բերում: Ու կգա ժամանակը, որ ես կլինեմ ոչ միայն ելույթ ունեցող, այլ նաեւ որոշակի հարցերում՝ զեկուցող»:
Հիշեցրինք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ էր ասել, թե չի կարծում, որ հիմնական կազմում Արծրունի Աղաջանյանի նշանակմամբ կուժեղանա պատվիրակությունը: Ի պատասխան նա ասաց. «Բնական է, որ ՀՅԴ-ն այժմ որպես ընդդիմություն կուզենար, որ հիմնական անդամ լինի նաեւ մյուս ընդդիմադիր ուժի ներկայացուցիչը: Բայց չի կարելի հարցը տեղափոխել անձնական հարթություն՝ մենք խնդիրը շատ գլոբալ ենք դրել: Քաղաքական ուժերի հարաբերակցությունն ԱԺ-ում փոխվել է, եւ մենք պահանջել ենք, որ դա նկատի ունենալով՝ բոլոր միջազգային պատվիրակությունների կազմում նշանակվեն նոր անդամներ: Մեր պահանջը քաղաքական տեսանկյունից օրինական է եւ նաեւ հետագա տարիների համար է: Թե չէ՝ Աղաջանյանն այսօր կարող է լինել պատվիրակ՝ վաղը չլինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել