Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ 2010-Ի ԱՇՆԱ՞ՆԸ

Հունվար 19,2010 00:00

Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ գարնանը կամ ամռանը Երեւան կժամանեն համազեկուցողները:

– ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը հունվարի 25-ի նիստում ի վերջո քննարկելո՞ւ է Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի տեղեկատվությունը ԱԺ «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ:
– Այո՛, մոնիտորինգի հանձնաժողովն անդրադարձ կատարելու է այդ զեկույցին, եւ համազեկուցողները ներկայացնելու են իրենց կարծիքը դրա վերաբերյալ, ինչպես նաեւ՝ իրենց կարծիքով, այն առաջնահերթ խնդիրները, որոնք բխում են այդ զեկույցից:
– ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը կարծիք էր հայտնել, թե «մեր պատվիրակությունը պետք է փորձի այդ զեկույցի որոշ դրույթներ մեղմել, որոշ բաներ փոխել»: Իրոք ունե՞ք նման մտադրություն:
– Այդ զեկույցում ոչինչ հնարավոր չէ փոխել, քանի որ դա տեղեկություն է, որը ներկայացնում են համազեկուցողները: Հնարավոր է փոփոխություններ անել միայն այն փաստաթղթերում, որոնք ընդունվում են հանձնաժողովի կողմից: Կարծում եմ, Արման Գրիգորյանը զուտ արարողակարգային առումով ուշադրություն չի դարձրել, որ սա զեկուցողների կողմից տրվող տեղեկատվություն է՝ ընդամե՛նը: Եվ այնտեղ մենք ոչինչ չենք պատրաստվում փոխել: Միաժամանակ՝ իհարկե, հայտնելու ենք մեր կարծիքը: Ինչպես միշտ՝ ես համարում եմ, որ համազեկուցողները գրեթե բոլոր կետերում շատ հստակ ու անաչառ են ներկայացրել իրենց դիրքորոշումը: Որոշ գնահատականների հետ կարող եմ չհամաձայնել: Բայց այնուամենայնիվ՝ հիմնականում իմ ուշադրության կենտրոնում լինելու են հաջորդ քայլերը, այլ ոչ թե նրանց այս կամ այն գնահատականին անդրադարձը:
– Համազեկուցողների Հայաստան կատարելիք այցն անընդհատ հետաձգվում է: Արման Գրիգորյանը փոխանցել է ԵԽԽՎ պաշտոնյաներից ստացած բացատրությունը, թե այցը չի կայացել, քանի որ «չեն ուզեցել ՀՀ իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրել այն պայմաններում, երբ քաղաքական ողջ թթվածինը ծախսվում էր հայ-թուրքական հարաբերությունների վրա», եւ իրենք չեն ուզեցել խանգարել այդ գործընթացին: Կարծո՞ւմ եք արդյոք, որ ԵԽԽՎ կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը գերակա է դիտվում ներքին քաղաքական խնդիրների համեմատ:
– Չէի համաձայնի այդպիսի դիտարկմանը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի՝ ինձ համար անհայտ պաշտոնյայի նման մոտեցմանը: Նման հարցադրում ընդհանրապե՛ս չկա, թե ԵԽԽՎ-ն ձեռնպահ է մնում լրացուցիչ ճնշումից՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Բացարձակապես իրար հետ կապված չեն ներքին եւ արտաքին հարցերը. անկախ նրանից, թե ինչպես են զարգանում հայ-թուրքական հարաբերությունները՝ ո՛չ մեղմանալու է, ո՛չ էլ խստանալու է մոնիտորինգն այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը:
Բանն այն է, որ համազեկուցողների այց նոյեմբեր-դեկտեմբերին նախատեսված չի եղել: Նախատեսված չի եղել այց նաեւ հունվարին: Սակայն համազեկուցողների կողմից նախատեսվում է այցելություն, հավանաբար, գարնանը կամ ամռանը, քանի որ մենք պետք է նախապատրաստվենք հերթական քննարկմանը ԵԽԽՎ նիստում: Լինելով մոնիտորինգի ներքո գտնվող երկիր՝ մեր հարցը որոշակի պարբերականությամբ մշտական քննարկման առարկա պետք է լինի Վեհաժողովի նիստում: Դա ենթադրում է բավական լուրջ նախապատրաստական աշխատանք: Համազեկուցողները նախապատրաստում են իրենց նախնական հարցադրումները, այցելում են, զեկույց պատրաստում ու ներկայացնում, Հայաստանն արձագանքում է այդ զեկույցին, որից հետո է հարցը քննարկվում մոնիտորինգի հանձնաժողովում ու տեղափոխվում Վեհաժողովի օրակարգ: (Ըստ այդմ՝ մեր հարցը լիագումար նիստում կարող է քննարկվել 2010-ի աշնանից ոչ շուտ.- Ա. Ի.) Որպեսզի 2010 թվականին հնարավորություն լինի հարցը քննարկելու՝ այդ աշխատանքները հավանաբար արդեն պետք է սկսվեն գարնանը:
– Իսկ արդյոք համազեկուցողների ուշադրության ներքո շարունակո՞ւմ է մնալ քաղաքական դրդապատճառներով կալանավորվածների հարցը: ԵԽԽՎ-ն լուծվա՞ծ է համարում այդ հարցը, թե՞ դեռ բանակցություններ են ընթանում Հայաստանի իշխանությունների հետ:
– Բանակցություններ, որպես այդպիսին, երբեւէ չեն ընթացել ու չեն ընթանում: Սակայն ինքնին հարցը փակված չէ, քանի որ նման հարցադրումներ հնչում են: Հարցը քննարկվել է նաեւ ԵԽԽՎ բյուրոյում: Պետք է նշեմ նաեւ, որ սա չի կարելի դիտարկել իբրեւ զուտ քաղաքական հարց. ընդհանրապես՝ Հայաստանի արդարադատական համակարգն այն հարցերից մեկն է, որին մշտապես ուշադրություն է դարձվում ԵԽԽՎ-ում:
– Արդյոք համարո՞ւմ եք, որ «Ժառանգության» ներկայացուցչին հիմնական կազմից փոխարինող տեղափոխելը կարող է դիտարկվել իբրեւ ԵԽԽՎ կանոնադրության խախտում, ըստ որի, ըստ Զարուհի Փոստանջյանի, պահանջվում է, որ ԵԽԽՎ-ում պատվիրակության մեջ արտացոլված լինի խորհրդարանի ողջ կազմը:
– Չեմ համաձայնի նման դիտարկմանը: Ուղղակի պետք է բացել կանոնադրությունը եւ ընթերցել, թե ինչ է այնտեղ գրված: (ԵԽԽՎ կանոնակարգի 6.2 կետի համաձայն՝ ազգային պատվիրակությունները պետք է ձեւավորվեն այնպես, որ ապահովեն «իրենց խորհրդարանի քաղաքական կուսակցությունների եւ խմբերի արդարացի ներկայացվածությունը»: Թեեւ «fair representation» բառակապակցությունը կարելի է թարգմանել նաեւ իբրեւ «հավասար ներկայացվածություն».- Ա. Ի.): Պատվիրակության կազմը պետք է արտացոլի քաղաքական խմբերի եւ խմբակցությունների հարաբերակցությունը խորհրդարանում՝ սա՛ է կանոնադրության պահանջը:
– Արդյոք այս փոխատեղման իրական պատճառն այն չէ՞, որ Զարուհի Փոստանջյանի եւ պատվիրակության մյուս անդամների «ջրերը նույն առվով չէին հոսում», չէիք կարողանում աշխատել միասին:
– Այն բանից հետո, երբ փոխվեց կոալիցիայի կազմը՝ ՀՅԴ-ն դարձավ ընդդիմություն, չփոխվեց պատվիրակության կազմը: Արդյունքում, թեեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ընդհանուր թիվը պակաս է, քան 25 տոկոսը, բայց ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում ընդդիմությունը 50 տոկոս էր՝ բավական երկար ժամանակ: Սա ամենեւին չի արտացոլում մեր խորհրդարանում առկա հարաբերակցությունը՝ ինչպես պահանջում է ԵԽԽՎ կանոնակարգը: Եվ սա առաջին հերթին պայմանավորված է հենց դրանով: Որեւէ այլ քաղաքական ենթատեքստ ես այստեղ չէի փնտրի: Բնական եմ համարում, որ ՕԵԿ-ը կարող էր նախընտրել իրենց ներկայացուցչին տեսնել հիմնական կազմում:
– Ձե՞ր առաջարկն էր, թե քանի որ ԱԺ բյուջեն սուղ է՝ թող պատվիրակության փոխարինող անդամները չմեկնեն ԵԽԽՎ: Արդյոք սա ճի՞շտ եք համարում այն պայմաններում, երբ մեր պատվիրակությունն առանց այդ էլ մեծաքանակ չէ, եւ ոչ բոլոր հանձնաժողովների նիստերին են հասցնում մասնակցել:
– Նախ՝ շատ ցավալի եմ համարում, որ մենք ունենք սուղ բյուջե: Բայց երբ ունես սուղ բյուջե՝ պիտի ընտրություն կատարես, թե ինչ ես անում: Ես կնախընտրեի, որ պատվիրակությունը միշտ ամբողջ կազմով ներկա լիներ, մենք բաց չթողնեինք ոչ մի հանձնաժողովի նիստ եւ այլն: Այնուամենայնիվ՝ բյուջեի սղության պայմաններում պետք է որոշում կայացնես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել