Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Հունվար 19,2010 00:00

\"\"Վարչական դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի հայցը

Երեկ Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրություններում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանի հայցը, որով վերջինս դեռ ուրբաթ օրը դիմել էր դատարանին՝ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անգործությունը վերացնելու պահանջով: Պ. Հովակիմյանն իր հայցում շեշտել էր, որ թիվ 10 ԸԸՀ-ն հունվարի 14-ին ամփոփել է ընտրությունների արդյունքները եւ հրաժարվել է ընդունել սահմանված ժամկետում՝ մինչեւ հունվարի 15-ը, Փաշինյանի ներկայացուցիչների ԸԸՀ բերած դիմում-բողոքները, որոնցով պահանջվում էր քննարկել ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումների ու բռնությունների փաստական նյութերն ու արձանագրությունները, նաեւ անվավեր ճանաչել հունվարի 10-ի ընտրությունները: ԸԸՀ-ում հրաժարվել էին Փաշինյանի լիազոր ներկայացուցչի դիմում-բողոքներն ընդունել այն հիմնավորմամբ, թե դրանք բերվել են հանձնաժողովի կողմից Արա Սիմոնյանին որպես հաղթած թեկնածու ճանաչելու մասին որոշում ընդունելուց հետո։
Երեկ Վարչական դատարանը, արագացված կարգով քննարկելով Հովակիմյանի հայցը, որոշում կայացրեց՝ պարտավորեցնել թիվ 10 ԸԸՀ-ին ընդունել եւ քննել հայցվոր կողմի դիմումը։ Պատասխանող կողմը՝ թիվ 10 ԸԸՀ-ն, որի ներկայացուցիչը դատական երեկվա նիստին չէր էլ գնացել, դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել՝ խնդրելով հայցը քննել իրենց բացակայությամբ, նաեւ տեղեկացրել էր, որ հայցն ընդունում է ամբողջությամբ եւ դրա դեմ չի առարկում։ Ի դեպ, Վարչական դատարանում Ն. Փաշինյանի եւ Պ. Հովակիմյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե՝ քանի որ դատարանն ընդունել է թիվ 10 ԸԸՀ-ի կողմից անգործության, ասել է թե՝ օրինախախտման փաստը, ապա դա նաեւ հիմք է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար, որ Արա Սիմոնյանի թեկնածության գրանցումը չեղյալ համարվի. «Ընդունելով, որ Հովակիմյանի կողմից դիմումը չընդունելով՝ ԸԸՀ-ն դրսեւորել է անգործություն, խախտել է օրենքը, հետեւաբար՝ թե՛ արձանագրությունն է ընդունվել օրենքի խախտմամբ, իսկ օրենքի խախտմամբ ընդունված արձանագրության հիման վրա ԿԸՀ կողմից թեկնածուին գրանցելը արդեն իսկ օրենքի խախտում է: Սա վկայում է այն մասին, որ գրանցումը ուղղակի չեղյալ պիտի ճանաչվի»:
Երեկ «Առավոտը» դիմեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին՝ խնդրելով մեկնաբանել Վարչական դատարանի կայացրած որոշումը: Գ. Ազարյանն ասաց, թե ԿԸՀ-ն դատարանի որոշումը չի կարող մեկնաբանել. ԿԸՀ-ն պարտավոր է կատարել այդ որոշումը, ինչին անել ինքը պատրաստ է եւ պատրաստ էր դեռ մինչեւ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչների կողմից Վարչական դատարան դիմելը, ինչի մասին տեղեկացրել է նաեւ Փաշինյանի ներկայացուցիչներին: Գ. Ազարյանը երեկ էլ պնդում էր, թե՝ թիվ 10 ԸԸՀ-ն անգործություն չի դրսեւորել. «Անգործություն դրսեւորել է ԸԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչը, ինչի մասին ես չորս օր շարունակ ասում եմ, բայց մեր հարգելի դիմումատուները չեն բարեհաճում իրենց դիմումը բերել: Մենք սպասում ենք նրանց»: Ազարյանը նաեւ արձագանքեց Վարչական դատարանում Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ փաստաբանի հայտարարությանը. «Ես նրանց միայն պիտի խորհուրդ տամ մեկ անգամ եւս անցնել իրավաբանական ֆակուլտետի համապատասխան կուրսը: Նույնիսկ հակափաստարկ բերելու խնդիր չկա այստեղ: ԿԸՀ-ն որոշում է ընդունել քաղաքացուն պատգամավոր ընտրված համարվելու մասին: Իսկ ԸՕ-ն ասում է, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել միայն Սահմանադրական դատարանում: Բայց կան մարդիկ, որոնք իրենց դիմումը բերելու փոխարեն՝ ընտրել են ավելի երկար ճանապարհ, այն է՝ աղմուկ բարձրացնելը: Խնդրեմ՝ կարող են աղմուկ բարձրացնել օրերով, ամիսներով, ես համբերատար կլսեմ եւ կպատասխանեմ»:
ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանն էլ երեկ «Առավոտի» հետ զրույցում չհամաձայնեց Փաշինյանի փաստաբանի եզրակացությունների հետ: «Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ Վարչական դատարանն ուղղակի ընդունեց, որ Փաշինյանի նախընտրական շտաբի կողմից ներկայացված դիմում-բողոքը չի ընդունվել թիվ 10 ԸԸՀ-ի կողմից ԸՕ կոպիտ խախտումով, հետեւաբար՝ դատարանն ընդամենը հաստատեց ԸԸՀ-ի անգործության փաստը եւ պարտադրեց հետին ամսաթվով իր սխալն ուղղել եւ դիմում-բողոքները քննարկել: Իսկ դատարան ներկայացված հայցը թեկնածուի գրանցելու հետ կապ չուներ: Եթե դրան հետեւի ԸԸՀ-ի կողմից եղած բոլոր դիմում-բողոքների օբյեկտիվ քննությունը, իսկ այդ բողոքները պարունակում են ընտրությունները չեղյալ համարելու բավականաչափ եւ ծանրակշիռ փաստեր, եւ ԸԸՀ-ն այդպիսի որոշում կայացնի՝ կնշանակի, որ դատարանի որոշումը հիմք դարձավ ընտրություններն անվավեր ճանաչելու, Սիմոնյանի գրանցումը չեղյալ համարելու համար»:
Թադեւոսյանը չհամաձայնեց նաեւ այն դիտարկման հետ, թե անգործություն իրականում դրսեւորել է ոչ թե ԸԸՀ-ն, այլ այդ հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչը՝ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչների բողոքը չընդունելով: Նա արդարացված չհամարեց «Ժառանգության» ներկայացուցչին քավության նոխազ դարձնելու Գ. Ազարյանի մարտավարությունը՝ շեշտելով, որ ԸԸՀ-ում իրենց ներկայացուցիչը ցանկության դեպքում անգամ այդ դիմում-բողոքն ընդունել չէր կարող, որովհետեւ այդ պահին ԸԸՀ-ում ոչ ոք չի եղել, եւ բերված փաստաթղթերն էլ նա չէր կարող թեւի տակ դնել ու տուն տանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել