Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 16,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնչորսերորդ

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄ

Եվ ես ժպտալով Սոկոլովին ասացի՝ «Սանյայի բացակայությամբ քեզ շատ լավ ես զգում», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «աչքիս դու էլ քեզ վատ չես զգում», եւ ես ասացի՝ «ես առաջ էլ ինձ վատ չէի զգում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «հիմա ոնց որ ավելի լավ ես զգում», եւ ես լրջանալով հարցրի՝ «դրանով ի՞նչ ես ուզում ասես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «ուզում եմ ասեմ, որ քեֆդ արդեն լափ լավ ա», եւ ես արհամարհական ասացի՝ «կարաս ռեկտորատ բողոք գրես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «որ շատ պետք ըլնի՝ կգրեմ», եւ ես ասացի՝ «կարաս գրես, որ հարբած եմ էղել», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «դու չպիտի ինձ սովորեցնես. ես գիտեմ՝ ինչ կգրեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա չես մտածո՞ւմ, որ մենք էլ կարանք գրենք», եւ Սոկոլովը հարցրեց՝ «մենք՝ ո՞վ», եւ ես ժպտալով ասացի՝ «օրինակ՝ ես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ պիտի գրես», եւ ես ժպտալով ասացի՝ «կգրեմ, որ ինձ ստիպում ես խմել», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ ստիպել», եւ ես ժպտալով հարցրի՝ «նոր չէիր համոզո՞ւմ, որ իջնեմ չորրորդ հարկ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչ ուզում ես գրի, մեկ ա՝ կարդացող չկա», եւ ես հարցրի՝ «չեն կարդո՞ւմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «որ կարդային՝ էս բարդակը մի օրում կվերացնեին», եւ ես հարցրի՝ «ի՞նչ բարդակ», եւ Սոկոլովը հոգոց հանելով ասաց՝ «ինձնից լավ գիտես», եւ հիմա իմ ու Սոկոլովի էս խոսակցությունը հիշելով՝ նաեւ հիշում եմ, որ էդ իրիկուն ինքն ու ես ահագին երկար խոսեցինք, որովհետեւ իր հետ էդքան խոսելով՝ հընթացս մտածում էի, որ ինքը կհեռանա, ու ես մի վայրկյանով կմտնեմ Նինայի մոտ ու կզգուշացնեմ, որ իջնում եմ չորրորդ հարկ, բայց Սոկոլովը չէր հեռանում, ու ես իր ներկայությամբ չէի կարող Նինայի մոտ մտնել, որովհետեւ իր խորամանկ ժպիտներից ու երկիմաստ խոսքերից զգում էի, որ Սոկոլովն իմ ու Նինայի գծով արդեն որոշակի կասկածներ ունի, եւ, հիշում եմ, իմ ու Սոկոլովի էդ տեւական խոսակցության ընթացքում Նինան իր սենյակից դուրս գալով՝ մեր կողմ նայեց ու մտավ կանանց զուգարան եւ քիչ անց զուգարանից դուրս գալով՝ նորից մեր կողմ նայեց ու ձեռքով ժխտական ինչ-որ շարժում արեց, ու էդ պահին Սոկոլովն, իհարկե, Նինային չտեսավ, որովհետեւ մեջքով դեպի Նինան ու դեմքով դեպի ինձ էր կանգնած, եւ չնայած խմածս գարեջրից գլուխս ահագին ծանրացած էր, Նինայի ձեռքի շարժումից հասկացա, որ Սոկոլովի ներկայությամբ իր սենյակ չպիտի մտնեմ, ու չնայած խմածս գարեջրից գլուխս ահագին ծանրացած էր, առանց Նինայի հուշելու էլ շատ լավ հասկանում էի, որ Նինայի սենյակ մտնելս Սոկոլովը չպիտի տեսնի, ու էդ տարրական բանը հասկանալս էր պատճառը, որ էդ իրիկուն Սոկոլովի հետ էդքան երկար ու էդքան անիմաստ խոսեցի, եւ երբ հասկացա, որ Սոկոլովը հեռանալու մտադրություն չունի, իրեն ասացի՝ «ես իջա», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ո՞ւր», եւ ես ասացի՝ «չորրորդ հարկ», եւ Սոկոլովը ծիծաղելով հարցրեց՝ «բա չես վախենո՞ւմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց պիտի վախենամ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «չես վախենո՞ւմ, որ ռեկտորատ կգրեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես գրելու», եւ ինքը խորամանկ ժպտալով ասաց՝ «կգրեմ, որ, ի դեմս քեզ, Սանյային արժանի փոխարինող է գտնվել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինչքան ուզում ես գրի, մեկ ա՝ կարդացող չկա» եւ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «հետս չես գա՞», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞ւր», եւ ես ասացի՝ «Անդրյուշայի սենյակ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շա՜տ շնորհակալ եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «Անդրյուշայի փոխարեն դո՞ւ ես ծնունդի հրավիրում», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ ծնունդն ա», եւ Սոկոլովը քամահրանքով ասաց՝ «Անդրեյ Իվանովիչ Սմիռնովի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ Անդրյուշայի ծնունդն ա», եւ Սոկոլովը հարցրեց՝ «մի քիչ առաջ ի՞նչ էիք քչփչում» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «հարբածներին միշտ թվում ա, թե իրանց խոսակցությունն իրանցից բացի ոչ ոք չի լսում», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա հարբած», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «Անդրեյ Իվանովիչ Սմիռնովը» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «Արմեն Ակոպովիչ Շեկոյանի տրամադրությունն էլ ա շատ լավ», եւ ես ասացի՝ «իմ տրամադրությունը միշտ էլ լավ ա», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «բայց էսօր առանձնահատուկ ա լավ» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «հետաքրքիր ա՝ որտե՞ղ ես խմել», եւ ես ժպտալով հարցրի՝ «շատ ա՞ հետաքրքիր», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ավելի հետաքրքիր ա, թե ում հետ ես խմել», եւ ես ժպտալով հարցրի՝ «շատ ա՞ հետաքրքիր», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «որ շատ հետաքրքրեր, առանց քո օգնության էլ կպարզեի», եւ ես հարցրի՝ «ո՞նց պիտի պարզեիր», եւ Սոկոլովը բազմանշանակ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պարզելու զանազան ձեւեր կան», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ ձեւերից մեկն ասա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամենաարդյունավետ ձեւը խոստովանությունն ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ խոստովանություն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «միանգամայն անկեղծ խոստովանությունը», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «այսինքն, դու պիտի անկեղծորեն խոստովանես՝ որտեղ եւ ում հետ ես խմել», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա որ չխոստովանե՞մ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ արդեն քեզնից կախված չի», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ումի՞ց ա կախված», եւ Սոկոլովն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինձնից», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց», եւ Սոկոլովն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «պարտավոր չեմ բացատրել», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ պարտավոր չեմ ասել՝ ում հետ եւ որտեղ եմ խմել», եւ Սոկոլովն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ինչ որ ինձ պետք էր՝ արդեն ասել ես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ եմ ասել», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «հեչ պարտադիր չի, որ բառերով ասեիր», եւ ես զարմացած ասացի՝ «չհասկացա», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «մինչեւ չբացատրեմ՝ չես հասկանա», եւ ես ժպտալով ասացի՝ «որ բացատրես՝ կարող ա էլի չհասկանամ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես շատ հասկանալի ձեւով եմ բացատրում», եւ ես ուսերս թոթվելով ասացի՝ «բան չեմ հասկանում», եւ Սոկոլովը հռհռալով ասաց՝ «դու նույնիսկ չես հասկանում, որ արդեն խոստովանել ես», եւ ես ապշահար հարցրի՝ «ի՞նչ եմ խոստովանել», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «հենց որ քեզ հարցրի՝ ո՞ւմ հետ ես խմել, մինչեւ ականջներիդ ծայրերը կարմրեցիր», եւ ես չիմանալով ինչ ասեմ՝ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «հիմի կարմի՞ր եմ», եւ Սոկոլովը ծիծաղելով ասաց՝ «հիմի մի քիչ անցավ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բայց մի մոմենտ ահավոր կարմրեցիր», եւ ես հարցրի՝ «ե՞րբ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «հենց որ հարցրի՝ ո՞ւմ հետ ես խմել, շատ ուժեղ կարմրեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «մի քիչ որ խմում եմ՝ կարմրում եմ», եւ Սոկոլովը քմծիծաղով ասաց՝ «ես էդքանը հասկանում եմ» եւ խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «կարմիրը կարմիր էիր, բայց հենց որ հարցրի՝ ո՞ւմ հետ ես խմել, ավելի ուժեղ կարմրեցիր», եւ ես շփոթված ասացի՝ «էլ ո՞ւմ ես սպասում», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ում սպասում», եւ ես ասացի՝ «գնա գրի», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրեմ», եւ ես ասացի՝ «գրի, որ խմել եմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Ռոդիոնովը որ Ռոդիոնով ա, խմելու ու խմողների մասին ոչ մի բան չի գրում», եւ ես ասացի՝ «բայց դու գրում ես», եւ Սոկոլովը լրջանալով ասաց՝ «խմելու մեջ ոչ մի վատ բան չկա. նույնիսկ ես եմ առիթի դեպքում մի քանի բաժակ խմում», եւ ես զարմացած հարցրի՝ «դու ե՞րբ ես խմել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակին» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «հարցն էն ա, թե ի՞նչ ձեւով ես խմում, ինչքա՞ն ես խմում եւ ում հետ ես խմում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ես ի՞նչ ձեւով եմ խմել», եւ Սոկոլովը պատասխանեց ու ասաց՝ «նորմալ», եւ ես հարցրի՝ «նորմալը ո՞րն ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «նորմալն էն ա, որ դեբոշ չեն սարքում», եւ ես ժպտալով հարցրի՝ «քո կարծիքով՝ ո՞ւմ հետ եմ խմել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես մինչեւ մի բան հաստատ չեմ իմանում՝ չեմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չեմ էլ գրում» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «կասկածները դեռեւս հիմք չեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կասկածներ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես ենթադրություններիս ու կասկածներիս մասին ոչ միայն չեմ գրում, այլեւ չեմ էլ խոսում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «փաստորեն, ռեալիստ գրող ես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «միանգամայն», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց ոնց որ ուզում ես ֆանտաստիկայի ժանրին անցնես», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «երեւի ուզում էիր ասել՝ ռոմանտիկայի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ես իմ ժանրին երբեք չեմ դավաճանի», եւ ես ժպտալով ասացի՝ «փաստորեն, ստեղծագործական ճգնաժամի մեջ ես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ճգնաժամ», եւ ես ժպտալով ասացի՝ «Սանյայի մեկնելուց հետո գրելու նյութդ պակասել ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «Աստված տա՝ ընդհանրապես գրելու նյութ չունենամ» եւ ավելի լրջանալով հարցրեց՝ «գիտես թե՝ ես ուզո՞ւմ եմ գրելու նյութ ունենամ», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ չի զգացվում, թե չես ուզում», եւ ինքը զարմացած հարցրեց՝ «ո՞նց չի զգացվում», եւ ես ժպտալով ասացի՝ «չեղած տեղից ուզում ես վրես գործ սարքես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գործ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ֆանտաստիկ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «թե՞ ռոմանտիկ», եւ ես կրկնեցի՝ «ֆանտաստիկ» եւ ժպտալով ավելացրի՝ «էդ ժանրից դժվար թե գլուխ հանես», եւ Սոկոլովը ժպտալով հարցրեց՝ «Կոսմոչեւսկի Վոլոդյայի չափ չկա՞մ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս ոգով որ շարունակես, կարող ա Ստրուգացկիներին էլ անցնես», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ի՞նչ ոգով», եւ ես ասացի՝ «էս մի ժամ ա՝ ինձ հարցաքննում ես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «հարցաքննությունը ոչ թե ֆանտաստիկայի ժանրից ա, այլ՝ դետեկտիվի», եւ ես ժպտալով ասացի՝ «որ էս ոգով շարունակես, Ագաթա Քրիստիի հացն էլ կկտրես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս հարցաքննությունս քո օգտին ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով ա իմ օգտին», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «որ հետդ էսքան խոսեցի, խմածությունդ ահագին թողեց» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էդքան գարեջրի վրայից Անդրյուշայի մոտ որ օղի գումարեիր, դժվար թե դիմանայիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ գիտես, որ գարեջուր եմ խմել», եւ Սոկոլովը ծիծաղելով ասաց՝ «գարեջրի ու կրիվետկայի հոտը վրայիցդ փչում ա», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչ գիտես, որ Անդրյուշայենց մոտ օղի եմ խմելու», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «իրանք օղուց բացի ուրիշ բան չեն խմում. օղին համ էժան ա, համ էլ ուժեղ ա ազդում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «համ էլ՝ գարեջուրը քնացնում ա, իսկ իրանց մտքինը մինչեւ լույս ձգելն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «բոլորի մտքերը կարդում ես», եւ Սոկոլովը ծիծաղելով ասաց՝ «մենակ քո մտքերը չեմ կարում կարդամ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «բայց սկիզբը շատ խոստումնալից ա», եւ Սոկոլովն անսպասելի լրջանալով ասաց՝ «ես մարդկանց անձնականի մեջ քիթս խոթելու սովորություն չունեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելի լրջացած ավելացրեց՝ «եթե մարդկանց անձնականը ուրիշների ու հասարակության կյանքի վրա չի ազդում, ես էդ մարդկանց անձնականի մեջ քիթս չեմ խոթում», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուրախ եմ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես էլ քեզ համար եմ շատ ուրախ», եւ ես ասացի՝ «իջնեմ. Անդրյուշան սպասում ա», եւ Սոկոլովն ասաց՝ «գնա. բարի ախորժակ» եւ ժպտալով ավելացրեց՝ «իմ կողմից Անդրյուշային կշնորհավորես», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ կուրախանա», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «համ էլ՝ շատ կզարմանա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Աստված տա՝ ամեն ինչ էսպես հանգիստ ու էսպես խաղաղ շարունակվի, ու ես էլ մյուսների պես հանգիստ խղճով իմ գրական ու գրողական գործերով զբաղվեմ», եւ ես հարցրի՝ «խիղճդ հանգիստ չի՞», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կուրսի ավագի էս պարտականություններս որ չըլնեին, խիղճս լրիվ հանգիստ կըլներ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ժամանակ առ ժամանակ մտքովս անցնում ա՝ կուրսի ավագի էս պարտականություններից հրաժարվեմ ու մյուսների պես իմ գրական ու գրողական գործերով զբաղվեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «համ էլ՝ իմ անձնական հարցերով», եւ ես ժպտալով հարցրի՝ «ավագությունն անձնական հարցերին խանգարում ա՞», եւ Սոկոլովը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «ավագությունն ամեն ինչին էլ խանգարում ա» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «փաստորեն, բոլորի ուշադրության կենտրոնում ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի շուտ՝ բոլորն են քո ուշադրության կենտրոնում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հանկարծ կուրսի ավագությունից չհրաժարվես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «որովհետեւ արժանի փոխարինող չունես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «աշխարհում անփոխարինելի մարդ չկա», եւ ես ժպտալով ասացի՝ «դու անփոխարինելի ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու թախծոտ ասաց՝ «ձեռ ես առնում, բայց, ցավոք սրտի, ասածիդ մեջ որոշ ճշմարտություն կա», եւ ես ասացի՝ «լրիվ լուրջ եմ ասում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ընդհանրապես անփոխարինելի չեմ, բայց ստեղծված էս պայմաններում որոշ չափով անփոխարինելի եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «որ մտածում եմ՝ ինձ ով պիտի փոխարինի, ուղղակի շիվարում եմ», եւ ես ժպտալով ասացի՝ «իմ ասածն ես հաստատում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «քո պատասխանատվության զգացումը ոչ ոք չունի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «պետական մտածողություն էլ չունեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գոնե ինստիտուտի ղեկավարները պետական մտածողություն ունենային», եւ ես ժպտալով հարցրի՝ «ղեկավարներն էլ չունե՞ն», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «եթե ինստիտուտի ղեկավարությունը պետական մտածողություն ունենար, իմ գործն ահագին կհեշտանար», եւ ես մի քիչ մտածեցի ու ծիծաղելով ասացի՝ «լավ ա չես ասում, թե՝ էս պետության ղեկավարներն էլ պետական մտածողություն չունեն», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դո՛ւ ասացիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե ասում ես, ուրեմն՝ էդ մասին մտածել ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ոտի վրա վրես գործ ե՞ս սարքում», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «ի՛նքդ սարքեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «ըսենց գործի համար Ստալինի օրոք մի տասը տարով Սիբիր կքշեին», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հնարավոր ա՝ գնդակահարեին էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եւ շատ էլ ճիշտ կանեին», եւ ես հարցրի՝ «ո՞նց թե՝ ճիշտ կանեին», եւ Սոկոլովն ավելի լրջանալով ասաց՝ «ով-ով, բայց Ստալինը հաստատ պետական մտածողություն ունեցել ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուզում ես ասես՝ հիմիկվա ղեկավարները պետական մտածողություն չունե՞ն», եւ Սոկոլովը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր ղեկավարները՝ ինստիտուտի՞», եւ ես ժպտալով ասացի՝ «չէ՝ պետության», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Անդրոպովն ունի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ուզում ես ասես՝ մյուսները չունե՞ն», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ոտի վրա վրես գործ ե՞ս սարքում», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզնից եմ սովորել», եւ Սոկոլովը ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ ավագությանս վրա աչք ունես», եւ ես ասացի՝ «ինձ մենակ ավագությունն ա պակաս», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ գերծանրաբեռնվա՞ծ ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «դո՞ւ ինչ ես ուզում ասես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «տես՝ եթե ավագությանս վրա աչք ունես, կարող եմ կամավոր զիջել», եւ ես ժպտալով ասացի՝ «ավագությունդ քե՛զ ըլնի» եւ ժպտալով ավելացրի՝ «ինձնից ի՞նչ ավագ. ես նույնիսկ էդ ասածդ պետական մտածողությունից գաղափար չունեմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ հետս մի քիչ շատ շփվես, ամեն ինչից էլ գաղափար կունենաս», եւ ես ժպտալով ասացի՝ «էս չորս ամսվա մեջ իրար հետ էսքան շփված չկայինք», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «իզուր ես ժամանակը կլորացնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեքուկես ամիս էլ չկա՝ ինչ էստեղ իրար հետ ապրում ենք», եւ ես ասացի՝ «մի քանի օրից չորս ամիս կըլնի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի օրվա մեջ շատ ջրեր կարող են հոսել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ջրեր», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միանգամայն անձնական», եւ ես ժպտալով ասացի՝ «ես գնամ», եւ Սոկոլովը ասաց՝ «ձեզ ոչ ոք զոռով չի պահում, ընկեր Շեկոյան», եւ ես ասացի՝ «անհարմար ա. տղերքը սպասում են», եւ Սոկոլովը զարմացած ասաց՝ «ես բան ե՞մ ասել», եւ ես ասացի՝ «ես եմ ուզում քեզ մի բան ասեմ», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «ուշադիր լսում եմ ձեզ, ընկեր Շեկոյան», եւ ես ասացի՝ «հանկարծ ավագությունից չհրաժարվես», եւ Սոկոլովը ժպտալով հարցրեց՝ «այսինքն, պաշտոնիս վրա աչք չունե՞ս», եւ ես հարցրի՝ «կասկածո՞ւմ ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «կասկածելը չեմ կասկածում, բայց հնարավորություններդ գնալով մեծանում են», եւ ես ժպտալով ասացի՝ «ես ուրիշի փայի վրա աչք չունեմ», եւ Սոկոլովը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ փայ», եւ ես ժպտալով ասացի՝ «Աստված ամեն մեկին իրա փայն ա տվել», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «ես աթեիստ եմ, ընկե՛ր Շեկոյան», եւ ես ժպտալով ասացի՝ «Աստված էնքան մեծահոգի ա, որ նույնիսկ աթեիստներին ու անհավատներին ա փայ հատկացնում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «ես էլ քո՛ փայի վրա աչք չունեմ, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «գնամ. տղերքը սպասում են», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «մի գլուխ ասում ես, բայց չես գնում», եւ ես ասացի՝ «գնում եմ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «առա՛յժմ, Դոնժուա՛ն», եւ ես ժպտալով ասացի՝ «առա՛յժմ, Սիմենո՛ն» եւ լիֆտին չսպասելով՝ աստիճաններով իջա չորրորդ հարկ ու մտա Անդրյուշայի սենյակ, եւ ինձ տեսնելով՝ տղերքն աշխուժացան, եւ քանի որ մտքիս մեջ դեռեւս Նինան ու Սոկոլովն էին, սկզբում Անդրյուշայի, Դիմայի ու Ավերյանով Կլիմի ասածները չէի հասկանում, բայց շուտով հասկացա, որ տղերքի ու մանավանդ Անդրյուշայի մտքինն ինձ թամադա նշանակելն է, եւ Անդրյուշան ամոթխած ժպտալով ինձ ասաց՝ «էսօր քսան տարեկան դառա, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «հոբելյանական տարիք ա», եւ Անդրյուշան ամոթխած ժպտալով ասաց՝ «ուզում եմ էս հոբելյանս կովկասյան ոճով նշենք», եւ ես զարմացած հարցրի՝ «կովկասյան ոճը ո՞րն ա», եւ Կլիմն ասաց՝ «ուզում ա ասի՝ թամադայով», եւ Դիման ինձ ասաց՝ «Անդրյուշն ուզում ա, որ թամադայություն անես», եւ Անդրյուշան ամոթխած ժպտալով ինձ ասաց՝ «ուզում եմ, որ էսօրվա օրը հիշվի, Արմեն Ակոպովիչ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես որ թամադայություն անեմ, էսօրվա օրը ոչ միայն կհիշվի, այլեւ պատմական օր կդառնա», եւ Կլիմն ասաց՝ «Անդրյուշի ուզածն էլ ա էդ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «բա չեք հարցնո՞ւմ՝ ինչի պիտի պատմական օր դառնա», եւ Դիման հարցրեց՝ «ինչի՞», եւ ես ասացի՝ «որովհետեւ կյանքումս թամադայություն արած չկամ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «բայց որ Անդրեյը խնդրում ա, ստիպված պիտի անեմ», եւ Անդրյուշան թախանձագին ասաց՝ «շա՜տ եմ խնդրում, Արմեն Ակոպովիչ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «անցյալ տարի Վանուշի ծնունդը որ հանրակացարանում թամադայով նշեցինք, շա՜տ հետաքրքիր էր», եւ ես հարցրի՝ «Վանուշի ծնունդի թամադան ո՞վ էր», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարծեմ իրանց գյուղից էր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդ թամադան կարծեմ համ էլ գրող էր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի Ֆելոն ա էղել» եւ Անդրյուշին հարցրի՝ «անունը Ֆելիքս չէ՞ր», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ տեսակ տարօրինակ անուն էր», եւ ես ասացի՝ «հաստատ Շաքարյան Ֆելոն ա էղել», եւ Անդրյուշան հիշելով ասաց՝ «խուճուճ մազերով, կոլոտ ու լիքը-լիքը մարդ էր», եւ ես հարցրի՝ «կոլո՞տ, թե՞ միջահասակ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ձեզնից մի քիչ կոլոտ էր, Արմեն Ակոպովիչ», եւ ես զարմացած հարցրի՝ «ես կոլոտ ե՞մ», եւ Կլիմն ասաց՝ «նայած թե՝ ինչ չափանիշներով ես հաշվում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ չափանիշներ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «մեր ռուսական չափանիշներով լավ էլ կոլոտ ես», եւ ես ոտքի կանգնելով Կլիմին ասացի՝ «արի բոյներս չափենք», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ ես ասացի՝ «տենանք՝ ես ե՞մ կոլոտ, թե՝ դու», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «էդ ի՞նչ կապ ունի» եւ ոտքի կանգնելով ավելացրեց՝ «որ էդքան շատ ես ուզում՝ չափվենք», եւ երբ Կլիմը կողքս կանգնեց, Դիման մեզ նայելով ասաց՝ «համարյա նույն բոյին եք», եւ ես Կլիմին ասացի՝ «ուրեմն՝ դու էլ ես կոլոտ», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «մեր չափանիշներով կոլոտ ա, ձեր չափանիշներով՝ միջահասակ», եւ ես Դիմային հարցրի՝ «շատ ե՞ք խմել», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «ինչի՞ց ենթադրեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «որ մի քանի բաժակ խմում եք՝ ձեր հիմնական թեմային եք անցնում», եւ Դիման հարցրեց՝ «մեր հիմնական թեման ո՞րն ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «շովինիզմը», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «ի՞նչ շովինիզմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «սովորական շովինիզմ», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «առանց Սանյայի ի՞նչ շովինիզմ», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «կարող ա՞ հիմի էլ կոլոտների ցուցակ եք կազմում»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել