Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդեսների շարքը մեկնարկեց

Հունվար 16,2010 00:00

Նկարիչների միության այս տարվա ցուցահանդեսային շարքը մեկնարկեց նկարիչ Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսով: Արա Բաղդասարյանն իր ստեղծագործական 40 տարիների ընթացքում նկարազարդել եւ ձեւավորել է ավելի քան 1000 հրատարակություն: Արվեստագետը նաեւ երկար տարիներ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, որտեղ այժմ ղեկավարում է գեղարվեստի ամբիոնը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Բաղդասարյանն ասաց, որ ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների մեծամասնությունը գրաֆիկական աշխատանքներ են, բայց կան նաեւ մի քանի ջրաներկ աշխատանքներ: Ա. Բաղդասարյանի խոսքով, ցուցադրված գործերից առանձնահատուկ են «Փրկեցեք մեր հոգիները» շարքում տեղ գտած հինգ աշխատանքները, որոնք, հեղինակի համոզմամբ, կյանքի, իրականության շարունակությունն են. «Այս շարքը ստեղծվել է 1983 թվին, ինչը ապագայի կանխազգացում էր: Շարքում ընդգրկված առաջին աշխատանքը «Անկում» է կոչվում, բարոյականության, մարդկային պարզ հարաբերությունների անկում, երկրորդ աշխատանքը՝ «Բալանս», այսինքն՝ հավասարակշռությունը խախտված, ինչի հետեւանքով սարսափ է առաջանում, եւ շարքի հենց հաջորդ աշխատանքն էլ կոչել եմ «Սարսափ», նախավերջինը՝ «Փրկեցեք մեր հոգիները», իսկ վերջինը՝ «Ի՞նչ է սրանից սպասվում»»:

Մեզ հետ զրույցում Ա. Բաղդասարյանը նաեւ ասաց, որ իրեն մտահոգում է երիտասարդների անտարբեր ու անլուրջ մոտեցումը գրաֆիկային. «Գրաֆիկան իրականում դժվար է, եւ շատերը խուսափում են դրանից, իսկ ժամանակակից արվեստում նկատելի է շոուն. ճչալու եւ աչք ծակելու ճանապարհն են ընտրում, իսկ խորքային աշխատանքներն այնքան էլ գերադասելի չեն համարում»:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանն էլ ասաց, որ ամեն անգամ Արա Բաղդասարյանի անունը լսելիս մտաբերում է իր տեսած գեղեցիկ նկարազարդումներով գրքերը. «Նա իր գործի մեջ վարպետ է, նրա աշխատանքներում բոլոր լուծումները գտնված են»:

Մի քանի հարյուրի հասնող գրաֆիկական աշխատանքներից յուրաքանչյուրում, նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի կարծիքով, արտահայտված է արվեստագետի հոգին. «Ճշգրիտ նկարչությունը եւ ճիշտ գրաֆիկական աշխատանքները խոսում են մարդու մեծ ունակությունների մասին, եթե դրան էլ գումարում ենք նրա ներքին աշխարհը եւ յուրօրինակ ընկալումը, ստանում ենք ստեղծագործություն՝ արվեստի բարձր մակարդակով, ինչպիսին է Արա Բաղդասարյանի ստեղծագործությունը»:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն էլ մտաբերեց, որ Արա Բաղդասարյան արվեստագետի ստեղծագործությամբ հասցրել է հիանալ դեռ տարիներ առաջ՝ Սանկտ Պետերբուրգում. «Մի գիրք գնեցի՝ ուզբեկական մանրանկարչության, եւ հետաքրքիրն այն էր, երբ տեսա գրքի ձեւավորողը Արա Բաղդասարյանն է՝ իմ հայրենակիցը, սիրտս լցվեց ուրախությունից, որովհետեւ այդ հիանալի գիրքը ձեւավորված էր մեծ վարպետությամբ, իսկ հետագայում, երբ ծանոթացանք, հիացմունքիս ավելացավ նաեւ մեծարանքը՝ նրա արհեստավարժությամբ ու կրթությամբ»:

Կարեն Աղամյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի Նկարիչների միությունում նախատեսվում է մոտ 50 ցուցահանդես, անհատական ցուցահանդեսներից բացի՝ կլինեն նաեւ հանրապետական ցուցադրություններ: Պարոն Աղամյանը կարեւորեց հատկապես Ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել