Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՉԵՐԻԴ ՄԵՋ ԾՈՎ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ…

Հունվար 16,2010 00:00

Լացը նպաստում է հոգեկան հանգստությանը

«Լացը, արտասուքը երբեք անտեղի չի լինում: Երբ երեխան լույս աշխարհ է գալիս, նրա առաջին հոգեվիճակը՝ հարմարվողականությունը կյանքին լինում է ճիչով, լացով: Ընդհանրապես մարդն իր կյանքի սկիզբն ու վերջն ավետում է լացով՝ ծնվելիս եւ մահանալիս: Այդ լացը անտեղի չի կարող լինել»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Սուսաննա Հակոբյանը:

Նրա մեկնաբանմամբ՝ լացը համարվում է հոգեբանական բեռնաթափման կամ լարված հոգեվիճակից թուլացման միջոց. «Երբեմն կյանքի ամենադժվար պահերին ցանկություն ես ունենում արտասվելու, բայց անհասկանալի պատճառներով դա չի ստացվում: Երբեմն էլ մի խոսքից արցունքներդ խեղդում են քեզ եւ ստիպում արտասվել: Իսկ ամենաբարդ եւ բացասական երեւույթը մարդու կյանքում այս առումով այն է, երբ նա ցանկանում է արտասվել, բայց արցունքներ չեն գալիս: Շատ դժվար է լինում այն մարդու համար, որն անընդհատ կուտակումներ ունի, անհավասարակշռված է եւ չի կարողանում արտասվել: Դա կարող է հանգեցնել շատ բարդ ու տխուր հետեւանքների: Այդ իսկ պատճառով մենք նույնիսկ օգտվում ենք ապտակելու հնարավորությունից, որպեսզի մարդիկ դուրս բերեն արտասուքը, որը լվանում է կարծրացած հոգեվիճակը: Ապտակի միջոցով կարողանում ենք մարդուն թուլացնել, այսինքն՝ հասցնել լաց լինելու աստիճանի, որպեսզի նա կարողանա հոգին մաքրի: Այս իմաստով մարդն ինքը հոգեկան բեռնաթափում ապրելուց հետո թեթեւանում է, կարողանում ավելի հեշտ վճիռներ կայացնել, քան այն մյուսը, որը բացարձակ չի լացում եւ չի կարողանում ինքն իրեն ազատել այդ կարծրացած հույզերի կուտակումներից»:

Հոգեբանի փոխանցմամբ. «Երբեմն մարդիկ չեն լացում, ցույց տալու համար, որ ուժեղ են, երբեմն էլ՝ ուղղակի իրենց տրամադրությամբ մյուսների վրա չազդելու համար: Իսկ «ես երբեք չեմ լացում» սկզբունքը արդեն հոգեկան շատ լուրջ բազա է ստեղծում մարդուն թույլ ցույց չտալու համար»:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ շատ են պատահում դեպքեր, երբ ուղղակի խղճահարություն առաջացնելու նպատակով մարդու աչքերից արցունքներ են հոսում, որոնք ձեւական բնույթ են կրում. «Սա ընդամենը իրավիճակ է, երբ մարդն ուղղակի հոգեվիճակ է ներկայացնում: Իրականում սա ոչինչ չասող բան է եւ այդ ճանապարհով նպատակին հասնելու միջոց: Դրանք կեղծ արցունքներ են: Սա հարիր է մարդկանց այն տեսակին, որը միայն իր լացի միջոցով է կարողանում նպատակին հասնել: Սովորաբար դրանք չհասունացած մարդիկ են, որովհետեւ միայն երեխային է բնորոշ լաց լինելով կոնֆետ, խաղալիք ուզել կամ ուշադրություն գրավել: Իսկ չափահաս մարդու համար, չեմ կարծում, որ լացը լինի իրադարձության տերը դառնալու միջոց»:

Լացը զուտ ֆիզիոլոգիական պահանջմունք է՝ նորմալ է դիտվում եւ նույնիսկ անհրաժեշտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել