Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ մարզաձեւեր

Հունվար 16,2010 00:00

Մարդկային երեւակայությունը սահման չունի: Այդ թվում նաեւ՝ սպորտում: Ավանդական մարզաձեւերից հագեցած՝ մարդ արարածն աշխարհի տարբեր անկյուններում նորերն է ստեղծում, սակայն պահպանելով արդեն եղածների կանոնների որոշ տարրեր:

Հետիո՞տնը, թե՞ նժույգը

Ո՞վ է ավելի արագ: Այս խնդրի շուրջ 1980 թվականին թեժ բանավեճ ծավալվեց Ուելսում: Եվ Գորդան Գրին անունով մի մարդ առաջարկեց դա ստուգել գործնականում: Եվ այդ ժամանակվանից նրա հարազատ քաղաքում՝ Լյանթիդ-Վելշում ամեն տարի կազմակերպվում են ձիու (հեծյալի) եւ մարդու միջեւ վազքի մրցումներ, որում մասնակիցները պետք է հաղթահարեն 35 կմ: Պարգեւատրման մրցանակային գումարը 25 հազար ֆունտ է, որը նախատեսված է միայն հետիոտնի համար, եթե նա հաղթի: Առաջին մրցանակակրին հարկ է եղել սպասել գրեթե քառորդ դար: 2004-ին Հուվ Լոբբ անունով մի վազորդ երկու րոպեի առավելությամբ հաղթեց լավագույն նժույգներից մեկին:

Ցեխաֆուտբոլ կամ ճահճաֆուտբոլ

Այն ժամանակին հորինել է ֆինն դահուկորդ Էսա Ռոմպայնենը, որը դիմացկունությունը բարձրացնելու նպատակով հաճախ էր մարզվում ճահիճներում: Եվ որպեսզի ավելի հետաքրքիր դառնան այդ ձանձրալի մարզումները, մարզիկը մտածեց ճահճում ֆուտբոլ կազմակերպել: Այս նախաձեռնությունը հետագայում այնքան դուր եկավ մարդկանց եւ այնքան մեծ տարածում ձեռք բերեց, որ 1989 թվականից անգամ աշխարհի առաջնություններ են անցկացվում: Ճահճաֆուտբոլ խաղում են երկու թիմեր (յուրաքանչյուրում 5-ական դաշտի խաղացող եւ 1-ական դարպասապահ): Երկու խաղակեսից յուրաքանչյուրը տեւում է 13 րոպե, իսկ տուգանային հարվածներն իրացվում են ձեռքով:

Ստորջրյա հոկեյ

Անգլիան ոչ միայն ֆուտբոլի ու ռեգբիի հայրենիքն է: Այստեղ է հայտնագործվել նաեւ ստորջրյա հոկեյը: 1954 թվականին մի քանի սուզորդներ, մարզումներն ավելի բազմազան դարձնելու նպատակով, փորձեցին ջրի տակ հոկեյ խաղալ: Ու ստացվեց: Այս խաղում օգտագործվում են 30-35 սմ երկարությամբ պլաստիկե մականներ, իսկ նույնպես պլաստիկով պատված արճճե տափօղակը կշռում է 1,3-1,5 կգ: Մնացած կանոնները նույնն են, ինչ սովորական հոկեյինը, բացառությամբ այն բանի, որ մարզիկները օդ շնչելու համար ստիպված են 13-15 վայրկյանը մեկ գլուխը հանել ջրից:

Բջջային հեռախոսի նետում

Եթե ինչ-որ մեկը զանգել է ձեր բջջային հեռախոսի համարով եւ տհաճ նորություն ասել՝ այդ պահին ցանկանո՞ւմ եք սարքը նետել: Շնորհավորում ենք: Կարող եք մեկնել Ֆինլանդիա եւ մասնակցել բջջային հեռախոսների նետման աշխարհի առաջնությանը: Եվ եթե հաղթեք, կազմակերպիչները ձեզ որպես մրցանակ նորը կնվիրեն: Պատկերացրեք, որ աշխարհի ռեկորդներ էլ են գրանցվել. 53,52 մետր՝ կանանց եւ 94,97 մետր՝ տղամարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել