Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայիթիում քաոսային վիճակ է

Հունվար 16,2010 00:00

\"\"Հայիթիում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում զոհվածների դիակները, որոնք կուտակվել են այդ երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի փողոցներում, բեռնաթափերով են հավաքում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին: Մայրաքաղաքի նեղ փողոցներն ու ավերված ենթակառուցվածքները խանգարում են փրկարարական աշխատանքներին եւ Հայիթիում տուժածներին օգնություն տրամադրելուն: Երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 50 հազար մարդ, շուրջ 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Հայիթիում տուժածներին մարդասիրական օգնություն են տրամադրում աշխարհի բազմաթիվ երկրներ, բայց իրավիճակը շարունակում է մնալ աղետալի: Հայիթիի բազմաթիվ բնակիչներ արդեն երրորդ օրն է, ինչ գիշերում են փողոցներում կամ հընթացս կառուցված վրանային ճամբարներում, քանի որ մայրաքաղաքի տների մեծ մասն ավերակների է վերածվել:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Կանադայի եւ այլ երկրների առաջնորդները մտադիր են համաժողով անցկացնել՝ Հայիթին վերակառուցելու հարցով: ԱՄՆ-ում Հայիթիի օգնության հիմնադրամ է բացվել, որի հաշվեհամարին փոխանցվել է արդեն 100 մլն դոլար: Այդ երկրի նախագահ Բարաք Օբաման արդեն հայտարարել է, թե ամերիկացի փրկարարների մի մասն արդեն Հայիթիում է, բայց շուտով, որպես լրացուցիչ օգնություն, այնտեղ կուղարկվի նաեւ 3500 զինվոր եւ սպա, 2200 ծովային հետեւակ: Կուբայի կառավարությունն աննախադեպ քայլի է գնացել եւ իր հարեւան երկրին օգնելու նպատակով ամերիկյան ռազմական ավիացիային թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքը՝ երկրաշարժի արդյունքում տուժածներին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ տեղափոխելու եւ համապատասխան օգնություն տրամադրելու համար: Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, Հայիթիում փրկարարական համակարգված աշխատանքներ նկատելի չեն: Պորտ-օ-Պրենսի օդակայանը երկրաշարժի արդյունքում վնասվել է եւ ի վիճակի չէ ընդունել փրկարարներ տեղափոխող բոլոր օդանավերը, իսկ երկրաշարժից փրկվածները զանգվածաբար մեռնում են մաքուր ջրի, սննդի ու դեղորայքի պակասի պատճառով: Ավերակների վերածված Հայիթիի մայրաքաղաքի բնակիչները, հումանիտար օգնություն ստանալու հույսը կորցրած, որպես բողոքի նշան՝ քաղաքի փողոցները փակել են զոհվածների դիակներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել