Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասնավոր բուհերի շրջանավարտներին մերժում են

Հունվար 16,2010 00:00

Պետական մարմիններում նրանց աշխատանքի չեն ընդունում

Պետական եւ ոչ պետական բուհերի հակամարտությունը տարիների պատմություն ունի: Որոշ պետական բուհերի՝ ոչ պետականներին «վերեւից» նայելու, իսկ որոշ մասնավորների՝ ոչ պատշաճ կրթական մակարդակ ապահովելու իրողությունը թույլ չի տալիս ձեւավորել իրական մրցակցային հարաբերություններ: Եվ հաճախ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ամեն կերպ «ցեխ շպրտել» մյուսի վրա՝ ի նպաստ սեփական շահերի: Ոչ պետական բուհերի դաշտում, ցավոք, այսօր գործում են ոչ քիչ թվով կրթության որակի ապահովման նվազագույն մակարդակ ունեցող հաստատություններ, որոնք ստվեր են գցում որակյալների վրա: Արդյունքում հասարակության մեջ ձեւավորվել է կարծիք, թե ոչ պետական բուհերի պատրաստած կադրերն իրենց ունակություններով զիջում են պետականներին: Այս պատճառով էլ տուժում են բազում ոչ պետական բուհերի շրջանավարտներ, որոնցից շատերի ունեցած գիտելիքներին հասնելու համար, հնարավոր է, պետական բուհերի որոշ ուսանողներ դեռ շատ «հացուպանիր պիտի ուտեն»: «Առավոտը» դժգոհություն ստացավ որոշ շրջանավարտներից, թե ոչ պետական բուհի դիպլոմ ունենալու պատճառով իրենք չեն կարողանում պետական մարմիններում աշխատանքի անցնել: Անուններ չենք նշի՝ ելնելով բողոք ներկայացնող երիտասարդների շահերից: Օրինակ՝ մի աղջիկ, մասնագիտությամբ տնտեսագետ, դժգոհում է. «Բազում բանկեր եմ դիմել աշխատանքի անցնելու նպատակով, սակայն ամեն տեղ մերժել են, նույնիսկ չեն էլ ցանկացել գործին ընթացք տալ, երբ CV-իս մեջ կարդացել են, որ ավարտել եմ ոչ պետական բուհ: Բայց դա ի՞նչ կապ ունի, ես գերազանց առաջադիմությամբ եմ ավարտել, թող տեսնեին իմ ունակությունները, եւ եթե չբավարարեի նրանց՝ նոր մերժեին: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է»:

Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի շրջանավարտներից մեկն էլ ասաց. «Պատմական բաժնում ուսումս ավարտելուց հետո այդպես էլ չկարողացա իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել ու հիմա ստիպված վաճառողուհի եմ աշխատում»: «Հայբուսակ» համալսարանի կիբեռնետիկայի բաժնի շրջանավարտներից մեկն էլ «Առավոտին» հուսահատ ասաց, որ ստիպված դիմել է պետական բուհի հեռակա համակարգ, որ ստանա պետական դիպլոմ ու դրանից հետո գուցե հաջողի մի գործ գտնել:

Ոչ պետական բուհերի ուսանողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, 2008-ին հիմնադրված «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հ/կ-ում այսպիսի բազում բողոքներ են գրանցվել: Նախագահ Արմինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ստացել ենք այդպիսի բազում բողոքներ: Դրանք չեն վերաբերում այն դեպքերին, երբ տարբեր ոլորտներում մարդիկ կարող են որպես քաղծառայող՝ մրցույթների մասնակցելով անցնել աշխատանքի: Այս դեպքում հաշվի չի առնվում՝ տվյալ անձը պետակա՞ն, թե՞ ոչ պետական բուհի ուսանող է, այլ հաշվի է առնվում գիտելիքը»: Ստեղծված իրավիճակի պատճառների մասին նա ասաց. «Մի կողմից՝ ուսանողն ինքը պիտի իր վրա աշխատի, ոչ պետական բուհերի ռեկտորներն էլ պիտի հասկանան, թե ինչ բուհ են հիմնադրել եւ ինչ ուղիով են գնում, որ իրենց ուսանողները չկանգնեն խնդիրների առաջ: Իմ տեղեկություններով՝ նախարարությունը զբաղվում է այս հարցերով, դա է վկայում այն, որ բոլոր բուհերում անցկացվում են ստուգումներ»: Հետաքրքրվեցինք, թե 13 ոչ պետական բուհերի ուսխորհուրդների նախագահներից եւ ուսանողներից կազմված կենտրոնի ներկայացուցիչները երբեւէ բուհերի ռեկտորների մոտ բարձրացրե՞լ են աշխատանքի տեղավորման հետ կապված նշված հարցը: Ա. Բարսեղյանը պատասխանեց. «Այն ռեկտորներին, որոնք իրենց բուհի նկարագիրը տեսնում են որպես այդպիսին եւ չեն ցանկանում փոփոխություններ կատարել, հանդիպելն անգամ անիմաստ է, քանի որ նրանք մեզ լսել չեն ցանկանա: Երբ մեր կենտրոնը նոր էր հիմնադրվում, նույնիսկ շատ ռեկտորներ իրենց բուհերի ուսխորհուրդների նախագահներին արգելում էին անդամագրվել մեր կառույցին, քանի որ նրանց ձեռնտու չէր, որ իրենց ուսանողի շահերը լինեն պաշտպանված: Բայց կան որոշ ռեկտորներ, որոնց հետ ունենք համագործակցություն»:

Զրուցեցի մի քանի ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Երեւանի կառավարման եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Վիտալի Ալեքսանդրյանը ասաց. «Սրանք խնդիրներ են, որոնք հուզում են բոլորին: Թերեւս պատճառներից մեկն այն է, որ չկա հավասար մրցակցային դաշտ: Այդ խնդիրների լուծումը պահանջում է հասարակության գիտակցության զարգացում, ինչի համար ժամանակ է պետք: Սակայն կոնկրետ մեր բուհի հետ կապված նման դժգոհություններ ես անձամբ չեմ լսել»: Ռեկտորին խնդրեցի հստակեցնել, թե ինչում է կայանում դաշտի մրցակցային անհավասարությունը: Նա նշեց. «Նրանում, որ, ի տարբերություն պետական բուհերի՝ մեր ուսանողները չունեն բանակից տարկետման իրավունք, պետպատվերի տեղեր, պետական բուհերի ոչ մի լիցենզիա չի ստուգվում, իսկ ոչ պետականների ամեն քառակուսի մետրը ստուգվում է եւ այլն»:

Երեւանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն էլ ոչ պետական բուհերի շրջանավարտների բարձրացրած հարցին այսպես արձագանքեց. «Եթե պետական պաշտոն զբաղեցնող անձն իրեն նման բան է թույլ տալիս, ապա նա այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունքը պարզապես չունի: Նա պիտի հասկանա, որ դիպլոմի ուժը պայմանավորված չէ նրանով, թե այն ում կողմից է տրված կամ որ բուհում: Դիպլոմի ուժի չափանիշ է տվյալ անձի գիտելիքի մակարդակը: Ի՞նչ է, կարծում եք պետական բուհի բոլոր շրջանավարտները ընդունվո՞ւմ են աշխատանքի… պարզապես այդքան աշխատատեղ չկա: Այդպիսի խնդիրները նաեւ քաղաքականության հետեւանք են: Տարիներ առաջ, երբ ամեն ինչ պետական էր, եւ մասնավոր հաստատություններ նոր էին բացվում, մասնավորի նկատմամբ մի տեսակ կարոտ կար, իսկ այժմ, երբ ամեն ինչ մասնավոր է, պետականի կարոտ կա, քանի որ մի քանի տգետ ղեկավարներ այդ կարծիքն են տարածում»: Դառնալով գործատուներին՝ պարոն Ջհանգիրյանը նշեց, որ ներկայումս տարբեր պետական եւ ոչ պետական ոլորտներում աշխատում են իրենց բուհի շրջանավարտներ, սակայն նաեւ հավելեց. «Կան նաեւ որոշ գործատուներ, որոնք պարզապես խելքից դուրս բաներ են ասում: Օրինակ՝ պատահել է, որ վաճառողուհի աշխատանքի ընդունելու համար պահանջել են պետական բուհի դիպլոմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել