Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ ԿԳՏՆԵՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԸ

Հունվար 16,2010 00:00

«ՀՀ վարչապետի գավաթը»՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը

\"\"Երեկ Երեւանում անցկացվեց «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը, որը կազմակերպել էր Երեւանի «Ինչ, որտեղ, երբ» ակումբը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Քաղծառայողների ասոցիացիա» հ/կ-ի նախաձեռնությամբ: Մրցաշարին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների շուրջ 17 թիմեր: Մրցաշարը կազմակերպվել էր օլիմպիական կարգով, այսինքն՝ պարտվող թիմը դուրս էր մնում խաղից: Նախատեսված 3 մրցանակներից առաջինը վարչապետի գավաթն էր, որին արժանացավ ՀՀ ֆինանսների նախարարությունը, 2-րդին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, 3-րդ մրցանակին արժանացավ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը: Մրցաշարի հաղթողներին տրվեցին նաեւ պատվոգրեր ու գիտահանրամատչելի գրքեր: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Համբարձում Քաղկեցյանն էլ ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող:

Տրվող հարցերը բազմաբնույթ էին, «Ինչ, որտեղ, երբ» գիտակների ակումբը դրանք փորձել էր մոտեցնել հայ իրականությանը: Ակումբի փոխնախագահը մեզ հետ զրույցում ասաց. «Բրեյն-ռինգի» սկզբունքն այն է, որ չի պահանջում խորը գիտելիքներ, մասնագիտացված գրականություն, այլ բավական է դպրոցական մակարդակն ու մի փոքր տրամաբանությունը: Այստեղ ինտելեկտը մեր սպասածից ավելին էր»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով՝ «Միջոցառումը նախեւառաջ ինտելեկտի քարոզն է, վերարժեւորումը, նաեւ կորպորատիվ կառավարման կարեւոր մշակույթ է: Այստեղ հրաշալի խաղացողներ կան, որոնք սովորական կյանքում չինովնիկներ են այս կամ այն նախարարությունում…»: Հարցին՝ հիասթափություններ չե՞ն եղել՝ կապված ԿԳՆ-ի թիմի մասնակցության հետ, նախարարը պատասխանեց. «Փառք Տիրոջը, մեր թիմը շուտ պարտվեց, եւ կանխվեցին տարբեր անառողջ խոսակցությունները»: Ա. Աշոտյանը հայտնեց նաեւ Հայաստանի առաջնությունը Ղարաբաղում անցկացնելու ցանկության մասին, որտեղ եւս կա ինտելեկտուալ խաղերի ակումբ: «Հայաստանում ինտելեկտուալ խաղերը եթե ոչ մասսայականության, ապա աշխարհագրության տեսակետից մեծ տարածում ունեն»,- ասաց նախարար Աշոտյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսքն ուղղելով հաղթող թիմի մասնակիցներին, նշեց. «Ձեր հաղթանակը ազդակ է մեր հասարակությանը, որ ֆինանսների նախարարությունը պատրաստ է նոր մարտահրավերների, եւ կան ինտելեկտուալներ, որոնք ճգնաժամային իրավիճակում կգտնեն լավագույն, ոչ ստանդարտ լուծումներ»: Վարչապետը շեշտեց նաեւ, որ մրցաշարը հաջորդ տարիներին կդառնա ավանդական:

«Քաղծառայողների ասոցիացիա» հ/կ-ի ղեկավար Մհեր Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում նախաձեռնության մասին ասաց. «Պահանջ կա, որ քաղծառայողները հանդես գան թիմային աշխատանքով, կարողանան ամեն իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, ունենան տրամաբանելու ունակություն: Խաղի միջոցով փորձելու ենք պետական կառավարման համակարգում մրցակցային դաշտ ստեղծել»:

Հայաստանի գիտակների եւ ինտելեկտուալների միության անդամ Կարեն Վարդանյանն էլ հավաստիացրեց, որ վերջին 23 տարիների ընթացքում ինտելեկտուալ խաղերի զարգացումն ու տարածումը Հայաստանում երբեւիցե չեն դադարել՝ անգամ ճգնաժամային ու բարդ պահերին: «Բոլոր թիմերի կազմում էլ կային գիտակներ, զուգորդումների ու տրամաբանելու արվեստին տիրապետող մարդիկ: Ցուցադրված մակարդակը շատ ավելի բարձր էր, քան սպասում էինք»,- «Առավոտին» ասաց Կ. Վարդանյանը:

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության թիմի ղեկավար Արմեն Ալեքսանյանի խոսքով՝ աշխատելու համար ինտելեկտը պարտադիր պայման է: Զրուցակիցս գտնում է, որ մրցաշարը կայացել է, բայց ավելի հետաքրքիր կլիներ թիմերում ներգրավված լինեին նաեւ գերատեսչությունների ղեկավարները. «Կտեսնեինք նաեւ մեր նախարարների ինտելեկտուալ զարգացվածությունը»: Ոստիկանության թիմից Սողոմոն Միրզոյանի բնորոշմամբ՝ «Հարցերի թվում կային լավ պատրաստված եւ ծայրահեղորեն անհասկանալի հարցեր: Օրինակ՝ հարց կար, թե ի՞նչ նմանություն կա ձիու եւ թենիսիստուհի Կուռնիկովայի միջեւ, որի պատասխանն է՝ երկուսն էլ առայժմ հաղթանակ չունեն: Ոչ միայն ինձ, այլեւ շատերին պարզ չէր հարցի իմաստը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել