Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատասխանի իրավունքով

Հունվար 16,2010 00:00

«Առավոտի» «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանենք» (29.09.09), «Քննիչը անաչառ չէ» (02.12.09), «Քննիչներին ուղղորդում է մեղադրյալը» (16.12.09) հոդվածների արձագանքը:

Հոդվածներում իրանահայ Արսեն Փուրղասեմյանը ներկայացվում է անմեղ զոհի կերպարով, որն այնքան անճար էր, որ Երեւանում վաճառվող բազմահազար բնակարաններից ինքնուրույն բնակարան չէր կարող գնել եւ ես՝ «Առավոտի» տեղեկացմամբ, որպես «որսորդուհի», կանխագուշակելով, որ Արսեն պապիկը մի օր կորոշի բնակարան ձեռք բերել, կախարդական փայտիկի միջոցով Արսենին խաբելով ձեռք բերեցի բնակարան եւ այն ձեւակերպեցի իմ անունով: Իրականությունն այն է, որ 2008թ. անձնական գործով գտնվելով Իրանում, ավտոբուսով վերադառնում էի Հայաստան: Ավտոբուսում ծանոթացա Արսեն պապիկի հետ, վերջինս ասաց, որ Հայաստանում որեւէ բարեկամ չունի եւ չգիտի, թե որտեղ է բնակվելու:

Տեղ հասնելուն պես ուղեկցեցի նրան հյուրանոց, սակայն օրավարձից դժգոհելով՝ նա խնդրեց այլ օթեւան գտնել իր համար:

Հարգելով Արսեն պապիկի տարիքը՝ հաշվի առնելով, որ որեւէ մեկը Հայաստանում չունի, համաձայնեցնելով հարազատներիս հետ, առաջարկեցի գալ մեր տուն եւ հաջորդ օրը բնակարան վարձել Երեւանում: Վարձելով բնակարան՝ երեխաներիս հետ հաճախ էի այցելում նրան, հոգ էինք տանում նրան կենցաղային հարցերում: Մի օր էլ Արսեն պապիկն առաջարկեց, որ ամեն օր Այնթապ չգնալու համար՝ բնակարան վարձեմ. «Ես վարձը կմուծեմ, դու էլ կխնամես ինձ»: Առաջարկն ինձ ձեռնտու էր, քանի որ ամուսինս մահացած է, ես էլ 3 անչափահաս երեխաների մայր եմ, որոնց պահել է պետք:

Մի երեխայիս հետ տեղափոխվեցի մեր վարձած բնակարանը, Արսեն պապիկի հետ համատեղ ապրելու որպես պապիկ ու թոռնիկ: Երեխաներիցս 2-ի խնամքը ստանձնեցին տատիկն ու պապիկը: Որոշ ժամանակ անց Արսեն պապիկը, տեսնելով իմ անշահախնդիր վերաբերմունքն ու հոգատարությունը իր հանդեպ, նոր առաջարկ արեց. «Վարդուհի ջան, ճիշտն ասած, մի բան եմ որոշել: Որպեսզի ամեն ամիս վարձ չտամ, արի, որպես նվեր, քո անունով մի բնակարան գնենք, բայց պայմանով, որ մինչեւ կյանքիս վերջը պիտի խնամես ինձ: Մի մեքենա էլ կգնենք, որ ինձ ման տաս՝ ուր ուզեմ, քանի որ տարիքն առած մարդ եմ»: Հարգելի ընթերցող, ով էլ լիներ իմ տեղը, կհամաձայներ նման առաջարկին, մինչդեռ թերթում պատմությունը ներկայացվում է այսպես. «Վարդուհի Բադալյանը՝ օր իսկ չկորցնելով, գումարը ծերունուց վերցրել է եւ բրոքեր Վարդանի օգնությամբ հենց նույն օրը բնակարանը գրանցել է իր անունով եւ անհայտացել: Նաեւ գնել է ու իր անունով գրանցել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա»: Բնակարանը ընտրել ենք Արսեն պապիկի ցանկությամբ, առաջին հարկում, եւ նա անձամբ է մասնակցել բոլոր գնումներին ու պայմանավորվածություններին:

Ըստ «Առավոտի», «քննիչը մեղադրյալին է վերադարձրել կալանքի տակ գտնվող մեքենան»: Տեղեկացնեմ, որ մինչ օրս այդ մեքենան գտնվում է կալանքի տակ, եւ կայանված է ՀՀ ոստիկանության կայանատեղիում: Հոդվածում Արսեն պապիկի՝ ոստիկանության բաժին բերման ենթարկվելը ներկայացվել է իբրեւ բանդիտական հարձակում նրա տան վրա: Եթե մարդուն հրավիրում են բաժին բացատրություն տալու ու նա չի գնում, բերման են ենթարկում նրան:

Հոդվածում տեղ է գտել այն միտքը, թե ՀՀ նախագահի հորդորից հետո է Արսեն պապը հայրենիք վերադառնալու որոշում կայացրել: Իսկ թե հայրենիքը որքան եք սիրում, Արսեն պապիկ, կարծում եմ չեք մոռացել, թե որքան ենք այդ առիթով վիճել:

Ինչ վերաբերում է բարեկրթությունից հեռու փաստաբան Սիլվա Ասլանյանի հրապարակմանը, հարցնեմ հենց նրան. ինչո՞ւ չեք հրապարակում այն մասին, որ պայմանագրի տակ կատարված ստորագրությունների արժանահավատությունը ստուգելու նպատակով նշանակվել է դատաձեռագրային փորձաքննություն, որով հաստատվել է, որ ստորագրությունները կեղծված չեն, պատկանում են պայմանադիր կողմերին: Չեմ կարծում, որ փաստաբանին իրավաբանական ֆակուլտետում սովորեցրել են ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո ասել կողմին. «Կտամ՝ կծեփվես պատին»:

Ես մաքուր եմ Աստծո առաջ, որեւէ խարդախություն չեմ արել, դիմել եմ իրավապահ մարմիններին՝ հսկողության տակ առնել իմ դեմ սարքված քրեական գործը եւ արդար վճիռ կայացնել: Իսկ արդարությունը չի մահացել, քանի որ ընդհանուր իրավասության դատարանն արդեն իսկ մերժել է Արսեն Փուրղասեմյանի քաղհայցը:

«Առավոտը» կողմերին հավասար հնարավորություններ տվեց բարեկրթության սահմաններում ներկայացնել վեճի առարկան: Կողմերի հրապարակումներից դուրս են մնացել անձնական վիրավորանքներ պարունակող արտահայտությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել