Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդարացվեցին, իսկ հետո՞

Հունվար 16,2010 00:00

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Յուրի Իսկոյանի նախագահությամբ, երեք օր առաջ հրապարակեց կապիտան Ռուստամ Ասատրյանի եւ զինծառայող Կարեն Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Նրանք մեղադրվում էին անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանք՝ մահ: 2007թ. օգոստոսի 30-ին ծառայության ժամանակ զորամասում «էլեկտրահարվել» է Տիգրան Օհանջանյանը: Մինչ դատավճիռը՝ մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր համապատասխանաբար 3,5 եւ 3 տարվա ազատազրկում: Դատարանը արդարացման դատավճիռ կայացրեց՝ հիմք ընդունելով ապացույցների ոչ բավարար լինելը, եւ գործն ուղարկեց զինվորական դատախազություն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սուրեն Օհանջանյանը գոհ է դատավճռից, քանի որ թե նախաքննության ժամանակ, թե դատաքննության փուլում, իր հրապարակային ելույթներում, բողոքի գործողությունների ժամանակ պնդել է, որ իր տղային սպանել են, եւ որ նա չի էլեկտրահարվել: Այսինքն՝ մի պնդում, որը դատարանով էլ ապացուցվեց: Նա համաձայն չէր դատախազի՝ դատարանում արված ռեպլիկին, թե «Տուժողներն ու մեղադրյալները դաշինք են ստեղծել դատախազության դեմ»: Նա երեկ «Առավոտին» ասաց, որ իր ընտանիքը դաշինքի մեջ է ճշմարտության հետ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ դատարանում 1,5 տարվա ընթացքում այդպես էլ չհետազոտվեցին իրեղեն ապացույցները, այդ չարաբաստիկ ձգալարը, հագուստը ընդհանրապես չեն եղել «պարկի» մեջ: Իսկ իրեղեն ապացույցների հետազոտումը կտար շատ հարցերի պատասխանը: Մասնավորապես, մինչ օրս չի փարատվել այն հարցը, թե ինչպես եղավ, որ դեպքից հետո առգրավվել են Տիգրանի պատառոտված հագուստը, իսկ փորձագետի հետազոտած հագուստը լրիվ նոր է: Էլ չենք խոսում նկարներում առկա մարմնական վնասվածքների եւ փորձագետների արձանագրած վնասվածքների հաջորդականության մասին: Ի՞նչ կլինի զինվորական դատախազությունում: Մեղադրողը ըստ էության չի կարողացել պաշտպանել մեղադրանքը: Սա նշանակում է, որ նա պետք է պատասխան տա կատարվածի համար: Եթե չի հաստատվել էլեկտրահարման վարկածը, նշանակում է՝ գործ ունենք սպանության հետ:

Ուշադրության արժանի է այն, որ ողջ դատաքննության ընթացքում պաշտպանության նախարարության, ՊՆ հասարակական խորհրդի որեւէ ներկայացուցիչ չմասնակցեց դատավարությանը, չնայած զինվոր կորցրած ծնողների խնդրանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել