Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ ԵՆ ԼՈԲԻՈՎ ԵՎ… ՕՂԻՈՎ

Հունվար 16,2010 00:00

Ամանորի անակնկալ

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի բնակիչներին Նոր տարվա շեմին ակակնկալ է մատուցվել՝ դատական ծանուցագրերի տեսքով: «Առավոտին» դիմած մի խումբ շինուհայրցիներ տեղեկացրին, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հարավային» տարածքային մասնաճյուղը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Ընդ որում, գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել, չնչին բացառությամբ, գրեթե բոլոր շինուհայրցիներին:

«Հայջրմուղկոյուղին» իր պահանջը հիմնավորել է ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի թիվ 130 որոշմամբ: Ըստ այդ որոշման, ջրաչափի բացակայության դեպքում անհատական բնակելի տներում ջրի վարձը «հաշվարկվում եւ գանձվում է ներանցման խողովակի թողունակության ջրաքանակով»: Ներկայացված հաշվարկների համաձայն, 600 բաժանորդ շինուհայրցիների պարտքը «Հայջրմուղկոյուղուն» կազմում է մոտ 120 մլն դրամ («Հարավային» մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի հետ զրույցը կարդացեք առաջիկայում):

«Առավոտին» դիմած գյուղաբնակները պատմեցին, որ գյուղի ջրատարը 30 տարի առաջ կառուցվել է իրենց ուժերով, յուրաքանչյուր տուն իր մասնակցությունն է բերել ե՛ւ աշխատուժով, ե՛ւ միջոցներով: «Փոխանակ մենք «Հայջրմուղկոյուղուն» դատի տանք՝ կեղտաջուրը որպես խմելու ջուր մեզ մատակարարելու համար, նրա՞նք են դատի տալիս: Չէ՞ որ մենք այդ կեղտաջրի համար էլ ենք վճարել ամսական 500 դրամ: Քանի՜-քանի անգամ ենք գյուղապետերին եւ ջրային տնտեսության ղեկավարներին բողոքել ջրի որակից, նրանց ցույց տվել ջրի մեջ վխտացող միջատներն ու գորտերը»,- վրդովված ասում էին շինուհայրցիները: Նրանք հայտնեցին նաեւ, որ գյուղը իր հիմնադրման օրվանից ջրի խնդիր է ունեցել: «Ճիշտ է, վերջին տարիներին ջրամատակարարումն իբրեւ թե կարգավորվել է, սակայն շատ է պատահել, հատկապես ամռանը, օրերով ջուր չենք ունեցել ու ստիպված կրել ենք Նովեր կոչվող աղբյուրից, որը գյուղից մի քանի կիլոմետր հեռու է: Ջրամատակարարման գրաֆիկ չկա, որ ժամին ուզում՝ տալիս են: Մի օր կարող է ցերեկով տան, մի օր էլ՝ գիշերվա ժամը 3-ին, այն էլ՝ կես ժամով: Ու այդքանից հետո նման պահանջներ են ներկայացնում: «Հայջրմուղկոյուղին» թող նախ ջրատարը փոխի, կարգի բերի, ջրի որակը ապահովի, հետո մեզնից գումար ուզի, այն էլ՝ այդ կարգի: Ջրաչափը տեղադրում են դրսում, ձմռանը սառչում եւ պայթում է: Մենք հո չե՞նք կարող ամեն տարի ջրաչափ գնել: Եթե լավ հաշվեն, կտեսնեն, որ մենք մի բան էլ շատ ենք վճարել»,- բողոքեցին գյուղացիները:

Շինուհայրցիների ներկայացրած վճարման անդորրագրերից տեղեկացանք նաեւ, որ այդ գյուղում ջրի համար վճարել են նաեւ օղիով, լոբով եւ կարտոֆիլով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել