Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանի բյուջեն՝ իրատեսական

Հունվար 16,2010 00:00

Դեկտեմբերի 28-ին Կապան համայնքի ավագանու նիստում պետք է հաստատվեր համայնքի 2010 թվականի բյուջեն, սակայն նիստը հետաձգվեց՝ առանց լրագրողներին հետաձգման պատճառը հայտնելու: Մեկ օր անց կայացած նիստում բյուջեն հաստատվեց՝ առանց լրագրողների ներկայության:

Ինչպես Կապանի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանն է ասում, ընթացիկ տարվա բյուջեն կարելի է համարել իրատեսական: Կապանի 2010-ի բյուջեն 842,212 միլիոն դրամ է: 20 միլիոն դրամ գումար կուղղվի Կապանի 6 մանկապարտեզներում լոկալ ջեռուցման համակարգերի կառուցմանը, 30 միլիոն է նախատեսված ներհամայնքային ճանապարհների նորոգման համար, նույնքան գումար՝ բազմաբնակարան շենքերի հարթ եւ լանջավոր տանիքների նորոգմանը: Թեեւ քաղաքում մոտ 70 բազմաբնակարան շենքերի հարթ տանիքները նորոգման խիստ անհրաժեշտություն ունեն, բայց բյուջեից նախատեսված գումարը կբավականացնի միայն մոտ 6 հարթ տանիքի վերանորոգմանը: 26,4 միլիոն էլ կտրամադրվի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգմանը: 26,3 միլիոն կծախսվի քաղաքի գրադարանների եւ ակումբների պահպանման նպատակով: Մեկ միլիոն դրամ էլ նախատեսված է քաղաքի տարբեր հատվածներում ավագանու որոշումները հրապարակելու համար՝ 20 ցուցատախտակների տեղադրման նպատակով: Կապանի 2010 թվականի բյուջեն անցած տարվա համեմատությամբ ավելացել է 20 միլիոն դրամով: «Բյուջեի ավելացումը պայմանավորված է պետության կողմից հատկացվելիք դոտացիաների, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ հետ հողատարածքների վերաբերյալ կնքված պայմանագրերի շնորհիվ: Ընկերության հետ կնքած նոր պայմանագրերը մոտ 5 միլիոն դրամ կբերեն: Բացի այդ, այս տարի բնապահպանության նախարարության կողմից կտրամադրվի 3,21 միլիոն դրամ սուբվենցիա, որն էլ կուղղվի քաղաքային աղբավայրում սեպտիկ թափոնների եւ սրածայրերի հոր կառուցելուն»,- նշում է Կապանի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը:

Ընթացիկ տարվա բյուջեից միջոցներ կտրամադրվեն նաեւ թափառող կենդանիների դեմ պայքարին, քաղաքի կանաչապատ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել