Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխատել են խնդիրներ չհարուցել

Հունվար 16,2010 00:00

\"\"ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ բիզնեսներ չունի եւ եթե դառնա կուսակցական՝ ապա հրապարակավ:

ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ, ամփոփելով 2009-ը թվականը, հայտարարեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ նախարարությունը անցած տարում աշխատել է ապահովել այնպիսի արդյունքներ, որ տեղերում լրացուցիչ խնդիրներ եւ լարվածություններ չառաջանան: Խնդիրը կատարված է, հայտարարեց Արմեն Գեւորգյանը: Բանախոսը, սակայն, հիմնականում խոսեց համայնքների սեփական եկամուտների հավաքման եւ նախկին տարիներին կուտակված պարտքերի մարման հարցերից:

2007 թվականից համայնքների եկամուտներն աճել են: 2009-ին արձանագրվել է աննախադեպ մեծ աճ՝ համայնքները 3,5 միլիարդ դրամ ավելի սեփական եկամուտ են հավաքել, քան 2008-ին: Սա արվել է ոչ թե հարկային դրույքաչափերը ավելացնելու, այլ վարչարարության բարելավման միջոցով: Ըստ Արմեն Գեւորգյանի, սա հանգստանալու եւ գոհանալու հանգրվան է, դեռ ռեզերվներ կան եւ դեռ կարելի է էլ ավելի լավ աշխատել ու սեփական եկամուտների աճ ապահովել: Այսօր համայնքների եկամուտների մեջ սեփական եկամուտները 41,8%-ն են, մնացածը ՀՀ պետական բյուջեից ստացվող գումարներն են:

Անցած տարի մարվել է աշխատավարձի 880 միլիոն դրամ պարտք, կուտակվել 15,5 միլիոն դրամ պարտք: Սա էլ այն պատճառով, որ այս համայնքները (հինգը՝ Գեղարքունիքում, մեկը՝ Արագածոտնում) որոշ պարտականություններ չեն կատարել, եւ նրանց հաշվեհամարները կալանքի տակ են: Ըստ Արմեն Գեւորգյանի, մնացել է մարելու 1996-2007 հատվածում կուտակված մոտ 836 միլիոն դրամ պարտքը, 2010-ին կմարվի դրա կեսը, իսկ մնացած մոտ 400 միլիոնը անհույս պարտքերն են, որոնց հարցը առանձին կքննարկվի: Ամենամեծ պարտքերը Շիրակի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում են:

Հունվարի 14-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետը նախարարներին առաջարկել է հանրությանը ներկայացնել առաջնահերթ ծրագրերը: Մեկ օր անց փոխվարչապետը ներկայացրեց տարածքային կառավարման ոլորտի գերակայությունները. հարկային վարչարարության բարելավում, միասնական հարկի մասին օրենքի ընդունում, տարածքային կառավարման համակարգի՝ մարզպետարանների բարեփոխումներ, մարզպետի եւ մարզպետարանի ինստիտուտի վերաիմաստավորում, մարզխորհուրդների ակտիվացում (տարածքային կառավարման համակարգի մասին ՀՀ նախագահի հրամանագիրը 13 տարվա վաղեմություն ունի), ջրային տնտեսության ոլորտում կապիտալ ներդրումներ՝ եւ ոռոգման, եւ խմելու ջրերի մատակարարման բարելավում, մաքրման կայանների կառուցում, կեղտաջրերի հեռացման համակարգի եւ մայր ջրանցքների մաքրում, Արփա-Սեւան թունելի նորոգում:

ՀՀ վարչապետը եւ մի քանի նախարար տարեվերջին դարձան հանրապետական: Այս առթիվ Արմեն Գեւորգյանը նկատեց, որ իր գործունեության 12 տարիները սերտորեն կապված են հանրապետականի հետ եւ եթե ինքն էլ մի օր դառնա հանրապետական՝ բոլորս կիմանանք: Բանախոսը ասաց նաեւ, որ բիզնեսներ կամ բիզնեսներում փայաբաժիններ չունի եւ չի պատրաստվում ունենալ ու «ինչպես այստեղ ներկաներին, այնպես էլ ինձ՝ իմ աշխատավարձը չի բավարարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել