Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2 տոնածառի համար 457 սոճի են հատել

Հունվար 16,2010 00:00

\"\"«Առավոտ» օրաթերթի այս տարվա հունվարի 12-ի համարում տպագրված «Ծառաջարդ Օձունում» հոդվածում անդրադարձել էինք Լոռվա մարզի Օձուն գյուղում Ամանորի տոներից առաջ կատարված ծառահատումներին: Մեր լրագրողը տեղում նկարահանել էր սոճու եւ եղեւնու հսկայական պուրակը, որտեղ մի քանի հարյուր ծառ հատել էին հենց բնից: Այս հոդվածի առնչությամբ երեկ «Առավոտը» ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացավ հետեւյալ պարզաբանումը. «Իրոք, Օձունում ծառահատումներ կատարվել են: Այս պարագայում Թումանյանի անտառտնտեսությունը կատարել է ՀՀ կառավարության որոշման պահանջները: «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շահագործման ժամանակ մարդու կյանքին եւ առողջությանը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը՝ ՀՀ կառավարությունը 2009-ի ապրիլի 2-ին ընդունել է «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշումը: Ըստ այդ որոշման, անտառային ֆոնդի հողատարածքներով անցնող էլեկտրահաղորդման օդային գծերի հաղորդալարերի տակ եւ անմիջականորեն մոտ աճող ծառերի հատման աշխատանքներն իրականացնում են անտառները տնօրինող կազմակերպությունները՝ այդ գծերը տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն: Կոնկրետ դեպքում 13.07.2009 թվականի 13-01/251 նամակով «Հայանտառ» ՊՈԱԿ է դիմել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն՝ Օձուն գյուղի հարակից անտառային տարածքներում 220 կՎտ օդային գծի ծրագրում ըստ սահմանված կարգի ծառահատման աշխատանքներ իրականացնելու հայտով:

Ըստ այդմ, «Բարձրավոլտ էլեկտրացանց եր» ՓԲԸ անվտանգության եւ շահագործման գծով մասնագետներից եւ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մասնագետներից կազմվել է համատեղ հանձնաժողով՝ հատման ենթակա ծառերը հաշվառելու նպատակով: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ մասնագետների կողմից հիմք ընդունելով էլեկտրական ցանցերի անվտանգության վերաբերյալ հաստատված տեխնիկական կանոնակարգը՝ հատման է նշանակվել 458 ծառ, որից 457-ը՝ սոճի, 1-ը՝ կաղնի: «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից սահմանված կարգով կազմվել են հաշվեգնահատման ցուցակներ եւ օրինական հիմքով հատումներն իրականացվել են սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Հավելենք, որ հատված սոճիների ճյուղերն անհատույց տրամադրվել են Երեւանի քաղաքապետարանին՝ Հանրապետության հրապարակի տոնածառը ձեւավորելու եւ Գյումրիի քաղաքապետարանին՝ տեղի գլխավոր տոնածառը ձեւավորելու համար»:

Այնուամենայնիվ, նշենք, որ առաջին տարին չէ, որ Օձունի անտառների այդ հատվածում էլեկտրական լարերի հենասյուներ են կանգնեցված եւ մինչ այդ որեւէ խնդիր չի առաջացել՝ մարդկանց կյանքին, առողջությանը, պետական գույքին ու շրջակա միջավայրին վնասի պատճառման որեւէ դեպք հայտնի չէ: Ուշագրավ է նաեւ այն, որ 457 հատ 1,5-2 մետրանոց ծառերի ճյուղերով ընդամենը 2 տոնածառ են զարդարել:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ, համաձայն բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության տվյալների, Ամանորի նախաշեմին Հայաստան են ներկրվել 1816 եղեւնի եւ սոճի՝ Հոլանդիայից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից եւ ՌԴ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել