Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՈՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԱՑՈՒՄ, ՀԵՏՈ՝ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ

Հունվար 16,2010 00:00

\"\"Առեւտրականների համար Ամանորը լավ առիթ է՝ ժամկետանց սննդամթերքը սպառողների վրա «սաղացնելու» համար

Որքան էլ սննդի անվտանգությունը պահպանող եւ վերահսկող պետական մարմինները հավաստիացնեն, որ այս Ամանորին ինչ-որ հրաշքով մեր քաղաքացիներից վատորակ, ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերքի հետ կապված ոչ մի դժգոհություն չեն ստացել, խանութներում ոչ մի խախտում չեն հայտնաբերել, բոլորս էլ գիտենք, թե իրականում ինչ հնության եւ քանի անգամ ժամկետի մակնշումը փոխած «բոմբոներկաներ», պահածոյացված սնկեր, երշիկեղեն եւ կաթնամթերք է իրացվել տոնական գնումների եռուզեռում:

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ մեկը անպայման որեւէ ընկերության արտադրած ապխտած երշիկից թունավորվի, հիվանդանոց ընկնի, որ հասկանանք, թե Ամանորի խառը օրերին ինչ է կատարվում մեր խանութներում, եւ ինչ աստղաբաշխական գումարների շահույթներ են ստանում տնտեսվարողները՝ իրենց հին ու ժամկետանց ապրանքները «սաղացնելով» սպառողների վրա:

Բարեբախտաբար, այս տարի դեկտեմբերի 31-ից մինչ օրս սննդային թունավորման դեպք չի եղել: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը, «Որքան էլ Ամանորի աժիոտաժը թեժ էր, մենք սպառողներից որեւէ դժգոհություն կամ ահազանգ չենք ստացել»: Գյուղնախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության տեսչության «թեժ գիծը» նույնպես առանձնապես բողոքներ չի ստացել մեր սպառողներից, եւ տեսչության մասնագետներն էլ խախտումներ չեն գտել: Սակայն սա չի նշանակում, որ հայկական շուկայում այս տարի աննախադեպ եւ սենսացիոն փոփոխություններ են կատարվել: Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ՝ տեսչություններին արգելվել է, այսպես ասած, «անհանգստացնել» մանր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող, ամսական մինչեւ 70 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարողներին, ուստի որեւէ տեսչություն, այդ թվում՝ սննդի անվտանգության տեսչությունը, անգամ լուրջ կասկածներ ունենալով՝ իրավունք չի ունեցել Ամանորի օրերին մտնել որեւէ օբյեկտ ու ստուգել մեր համաքաղաքացիներին վաճառվող սննդամթերքի որակը: Իսկ ամենամեծ խախտումներն ու ամենահին ապրանքները, որպես կանոն, իրացվում են հենց մանր ու փոքր կրպակներում: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց տեսչության սննդի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը, մոնիտորինգ իրականացնելու համար հաստատված կարգ գոյություն ունի, ըստ որի, եթե տեսչությունը խախտումների, ժամկետանց, թերի կամ առանց մակնշման սննդամթերքի դեպքերի, առանց սերտիֆիկատների՝ վաճառքի մասին տեղեկատվություն կամ կասկածներ ունի, տվյալ խանութի, ընկերության կամ անհատ ձեռնարկատիրոջ անունն ուղարկում է կառավարություն, եւ միայն վարչապետի համաձայնությունից հետո իրենց մասնագետներն իրավունք ունեն այցելել այդ օբյեկտներ ու տեղում ստուգումներ անցկացնել: Տեսչությունը մի մեծ ցանկ է ուղարկել վարչապետին, բայց մինչ նրա «դաբրոն» կստանա, արդեն Ամանորի գնումներն ավարտված են: Պարոն Վարժապետյանը վստահեցրեց, որ, որպես կանոն, վարչապետն ավելորդ քաշքշուկներ չի ստեղծում եւ 5-7-օրյա ժամկետում պատասխանում է:

Հայտնի է, որ այն ժամկետանց եւ մակնշմանը չհամապատասխանող ապրանքները, որոնք Երեւանում չեն իրացվում, ուղարկվում են մարզեր եւ վաճառվում գյուղացիներին: Ա. Վարժապետյանը նշեց, որ իրենց մասնագետները մարզերում ժամկետանց ապրանքների իրացման դեպքեր հայտնաբերել են. «Մեր տեսուչները լիազորություն ունեն, որ այդ հին ապրանքներն անմիջապես հանեն վաճառքից, տնտեսվարողի համաձայնությամբ առանձնացնեն խանութից եւ վերադարձնեն մատակարարին: Եթե մատակարար չունի՝ դրանք ոչնչացվում են»:

Որոշ տնտեսվարողներ սպառողների առողջության հաշվին խորամանկությունների են դիմում եւ հատուկ Նոր տարվա համար բացում մի ընկերություն, դրա անվան տակ իրենց վրա մնացած հին ապրանքները ծախում ու տոներից հետո ընդհատակ անցնում: Պարոն Վարժապետյանի խոսքերով՝ նախորդ տարիներին նման դեպքեր եղել են, երբ դեկտեմբերին ստեղծված բազմաթիվ ընկերություններ սննդամթերք են իրացրել, ու երբ իրենք բողոքների հետքերով գնացել են, որ ընկերությունում ստուգումներ անեն, պարզվել է, որ հունվարին արդեն այդ ընկերություններն անհայտացած են եղել. «Մենք հիմա նաեւ Պետեկամուտների կոմիտեի հետ ենք աշխատում եւ նման դեպքերում իսկույն հայտնաբերում ենք այդ տնտեսվարողներին ու պատժում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել